ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

 

                                                Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-696-24.07.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծերի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթիկը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Վերը նշված փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է՝

1. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

Հոդված 1.  «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում  «գույքի, եկամուտների և շահերի,» բառերը  փոխարինել «գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՇԱՀԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ»:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականությունը».

2) 1-ին մասում «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների,» բառերը, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների,» բառերը, «հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն» բառերից հետո լրացնել «և գլխավոր» բառերը, իսկ «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության  և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերը.

3) 2-րդ մասում «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների,» բառերը, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը, Երևան համայնքի ավագանու անդամները» բառերը, իսկ «գույքի, եկամուտների և շահերի» բառերը փոխարինել   «գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի» բառերով.

4) 3-րդ մասում «գույքի և եկամուտների»  բառերը փոխարինել  «գույքի, եկամուտների և ծախսերի» բառերով,  «հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն» բառերից հետո լրացնել «և գլխավոր » բառերը, իսկ «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության  և դատական կարգադրիչների ծառայության  բարձրագույն պաշտոններ  զբաղեցնող անձինք» բառերը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4.1-ին մասով.

«4.1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականությունները ստանձնելիս ծախսերի հայտարարագիր չեն ներկայացնում:».

6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագրում ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում՝ գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալներ:».

7) 5.1-ին մասում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:» նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությունը.

«Հայտարարատու պաշտոնատար անձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:».

8)  5.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2. Իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության և ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները՝ բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքերի։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագրում ներառվում են հայտարարագրման ենթակա գործարքին նախորդող տարվա կամ իրավիճակային հայտարարագիր պահանջելու որոշման ընդունմանը նախորդող՝ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ։ Իրավիճակային հայտարարագիրը ենթակա չէ հրապարակման: Իրավիճակային հայտարարագրի ձևը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:».

9) 7-րդ և 8-րդ մասերում «գույքի և եկամուտների» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների և ծախսերի» բառերով։

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի վերնագրից հանել «և հայտարարագրում փոփոխություն կատարելը» բառերը:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում առաջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասություն.

 «Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո քառօրյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`

1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա և վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը.

2) տրանսպորտի միջոցը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, կամ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաև տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.

3) բաժնային արժեթղթեր, այլ ներդրումը հավաստող փաստաթղթերը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), ինչպես նաև պարտքային արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի).

4) հանձնված, վերադարձված փոխառությունը.

5) բանկային ավանդը.

6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` չորս միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ՝ թանկարժեք գույք).

7) դրամական միջոցները (այդ թվում՝ բանկային հաշիվներում առկա):».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.1-ին և 1.2-րդ  մասեր.

«1.1. Հայտարարագրում ներառվում է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը, ինչպես նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ  է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:

1.2. Սույն օրենքի իմաստով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից հաշվետու ժամանակահատվածում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող (անկախ նշված իրավունքների պետական գրանցումից) անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը (բացառությամբ աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում անձի տիրապետմանը հանձնված անշարժ գույքի, տրանսպորտի միջոցի)  թանկարժեք գույքը:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գույքը հայտարարագրելիս նշվում են՝

1) անշարժ գույքի դեպքում՝ անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն,  գույքի հաշվառման համարը, մակերեսը, սեփականության տեսակը (անձնական կամ ընդհանուր), ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ հայտարարատու սեփականատիրոջ բաժինը, համասեփականատիրոջ բաժինը, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը  և նրանց միջև առկա կապի բնույթը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը.

2) տրանսպորտի միջոցի դեպքում՝ տրանսպորտի տեսակը, մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռք բերելու տարին և եղանակը.

3) արժեթղթի և (կամ) այլ ներդրման դեպքում՝ արժեթղթի և (կամ) այլ ներդրման տեսակը, գինը (արժեքը), արժույթը, ձեռք բերելու տարին, ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը, ումից է այն ձեռք բերվել՝ նշելով նրա անվանումը կամ անունը, ազգանունը և հայրանունը, հասցեն, նրանց միջև առկա կապի բնույթը.

4) հանձնված, վերադարձված փոխառության  դեպքում՝ փոխառության գումարը (չափը), արժույթը, փոխառության հանձնելու տոկոսադրույքը, պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն,   նրանց միջև առկա կապի բնույթը.

5) բանկային ավանդի դեպքում՝ հաստատության անվանումը, գտնվելու վայրը  (եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է), բանկային ավանդի չափը.

6) թանկարժեք գույքի դեպքում՝ գույքի անվանումը, նկարագրությունը, գույքը ձեռք բերելու տարին և եղանակը, գործարքի գինը (արժեքը), արժույթը.

7) դրամական միջոցի դեպքում՝ դրամական միջոցի չափը, ծագման աղբյուրը, տեսակը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝  3.1-ին մաս.

«3.1. Սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված գույքի դեպքում  ներառվում են նաև գույքի սեփականատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը  և նրանց միջև առկա կապի բնույթը:».

5) 6-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Տարեկան հայտարարագրում ներառվում են նաև տվյալ տարվա (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառության գումարը (չափը) և արժույթը, պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն եթե  նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝  6.1-րդ մաս.

«6.1. Բանկային ավանդի դեպքում՝ տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ավանդի չափը, արժույթը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա ավանդի դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը:».

7) 7-րդ մասում «արժույթը» բառից հետո լրացնել «իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առկա բանկային հաշիվների դեպքում՝ նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը» բառերը:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 40.1-ին հոդվածով.

«Հոդված 40.1.  Ծախսերի հայտարարագրի բովանդակությունը

1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված ծախսերը։

2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով կատարված հետևյալ ծախսերը.

1) հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության  ծախսը.

2) շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը.

3) ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը.

4) գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը.

5) վարկի մարմանն ուղղված վճարումները.

6) անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը.

7) ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

4. Ծախսերը հայտարարագրելիս նշվում են.

1) ծախսի տեսակը.

2) կատարված ծախսի բովանդակությունը.

3) ծախսի չափը (գումարը).

4) ծախսի արժույթը:

5. Պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու օրը կատարած ծախսերը:»:

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ստացված փոխառությունները.».

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1-ին կետով.

«3.1.) ստացված վարկերը (այդ թվում՝ հիփոթեքային).».

3) 4-րդ մասի 4-րդ կետում «տրված փոխառությունների» բառերից հետո լրացնել «կամ բանկային ավանդների»բառերը.

4) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի և նրանց միջև առկա կապի բնույթի մասին տեղեկատվություն.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ մասեր.

«6.1. Ստացված փոխառությունը հայտարարագրելիս նշվում են նաև տարեկան հայտարարագրի դեպքում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում՝ համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ  դադարեցնելու օրվա դրությամբ փոխառության մնացորդի չափը, ինչպես նաև ստացված փոխառության տոկոսադրույքը, նպատակային նշանակությունը:

6.2.Վարկը հայտարարագրելիս նշվում են նաև վարկի նպատակային նշանակությունը, տարեկան հայտարարագրի դեպքում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում՝ համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ  դադարեցնելու օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը, իսկ հիփոթեքի դեպքում՝ նաև հիփոթեքի առարկան և դրա գտնվելու վայրը:».

6) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հայտարարագրման ենթակա չէ հաշվետու ժամանակահատվածում ստացված այն եկամուտը կամ նույն տեսակի եկամտի հանրագումարը, որի արժեքը չի գերազանցում 200 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, բացառությամբ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների:».

6) 9-րդ մասից հանել «սույն օրենքի իմաստով» բառերը:

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայտարարագրի՝ «Մասնակցությունը առևտրային կազմակերպություններում» բաժնում նշվում են կազմակերպության անվանումը, որի հիմնադիր են հանդիսանում կամ որի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեն կամ որի իրական շահառու են հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, կազմակերպությունում ունեցած ուղղակի կամ անուղղակի մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) չափը, մասնակցությունը  ձեռք բերելու կամ իրական շահառու դառնալու օրը, ամիսը, տարին, կամ որի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց իրավասու են նշանակելու կամ ազատելու հայտարարատու պաշտոնատար անձը և (կամ) նրա ընտանիքի անդամները, հարկ վճարողի հաշվառման համարը, հասցեն: Սույն մասի իմաստով իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձը։»:

 Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «հանձնումից հետ անմիջապես» բառերը փոխարինել «հանձնման օրվան հաջորդող հինգերորդ օրը» բառերով:

Հոդված 11.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքի՝ ծախսերի հայտարարագրին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Հայտարարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք տարեկան հայտարարագրում ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն առաջին անգամ ներկայացնում են 2021 թվականի տարեկան հայտարարագրում՝ 2022 թվականի հունվարի 1-ից: 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձինք պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում ներկայացնում են նաև ծախսերի վերաբերյալ տեղեկություններ:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարները, ավագանու անդամները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երևան համայնքի ավագանու անդամները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր:

4. 2020 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոնեական պարտականություններն ստանձնած կամ դադարեցրած հարկային, մաքսային ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության  և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձինք մինչև  2020 թվականի դեկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով չսահմանված Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձինք մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագիր:

6. 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ դատավորի պաշտոնավարող օգնականները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր: 2020 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած և 30 օրվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում չնշանակված դատավորի օգնականները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների դադարեցման հայտարարագիր:

7. 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական պարտականությունները ստանձնած կամ դադարեցրած սույն հոդվածի 2-5-րդ մասերով չնախատեսված և հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:

2. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածում՝

1)  2-րդ մասում՝ լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելը կամ  հայտարարատուի կողմից այդ գույքից փաստացի օգուտ  ստանալը  կամ այդ գույքը տնօրինելը ստուգելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.

«5.1. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի  պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում վերջինից պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։».

3) 7-րդ մասում՝ «գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը, պարտավորությունների նվազումը» բառերից հետո լրացնել «կամ ծախսը» բառերը.

4) 8-րդ մասում՝

ա. հանել «սույն օրենքի իմաստով» բառերը.

բ. «2.000.000» թիվը փոխարինել «1.000.000» թվով.

5) 9-րդ մասից հանել «՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5-րդ կետով.

«5) քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ տեղեկատվություն:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5.1-ին մասով.

«5.1. Սույն օրենքի իմաստով քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը ներառում է թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ՝ օրենքով գող, քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որևէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն:».

3) 7-րդ մասում՝ լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալ տեղեկություններ։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մաս.

«7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովն իրավասու է թեկնածուից պահանջելու և ստանալու պարզաբանումներ:».

5) 9-րդ մասում՝ լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց։ Հանձնաժողովը, ինչպես նաև անձին նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմինը (անձը) չեն կարող հրապարակել անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները։ Եթե Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում բացահայտվում են առերևույթ հանցագործության հատկանիշներ, այդ տեղեկությունները չեն ներառվում եզրակացության հիմնական մասում և կցվում են եզրակացությանը՝ որպես հավելված։ Հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով եզրակացության հավելվածը (առկայության դեպքում)  չի կարող տրամադրվել թեկնածուին:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Ծախսերի հայտարարագրմանն առնչվող դրույթներն ուժի մեջ են մտնում 2021 հունվարի 1-ից:

3.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 206.14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց» բառերը փոխարինել «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, այլ անձանց» բառերով.

2) հանել «բացառությամբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

4 «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում՝ «ուսումնասիրելու» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձանց բարեվարքությունն ուսումնասիրելու» բառերը:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.2-րդ կետով՝

«1.2) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերի վերլուծության և բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացների շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմումի հիման վրա ստուգել հայցվող տեղեկատվությունը՝ հանձնաժողովին փոխանցելով իրենց հայտնի դարձած տվյալները.»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

5. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1) Վարկային բյուրոները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը և վարկային պատմությունը վարկային բյուրոյի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով սահմանված նպատակով:».

2) 2-րդ մասի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հայտարարագրերի վերլուծությունը և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը.»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հարգանքով՝         էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ