ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

           
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-619-15.05.2020,11.09.2020-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:       
1. Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի։      

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և առնվազն երկու տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:         

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի համաձայն պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը տիրապետում է գրական հայերենին։ Առաջարկում ենք գրական հայերենին տիրապետելու պահանջը նույնպես նախատեսել նախագծում:    

Բացի այդ հարկ է նշել, որ մինչև ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1471-Ն որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման 9-րդ կետում որպես գործադիր մարմինների ընտրության պարտադիր պայման սահմանված էին ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1471-Ն որոշմամբ գործադիր մարմինների ընտրության պարտադիր պայմաններ սահմանվեցին հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժը կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժը։ Հիշյալ դրույթների վերլուծությունից ակնհայտ է, որ փոփոխության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում ընտրվելու թեկնածուների շրջանակը էականորեն ընդլայնվել է։ Մինչդեռ հարկ է նշել, որ նեկայացված նախագծով հիշյալ անձանց շրջանակը կրկին նեղացվում է, ինչը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի։      

Ամփոփելով առաջարկում ենք «որն ունի բարձրագույն կրթություն և առնվազն երկու տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը փոխարինել «ով բավարարում է հիմնադրի կողմից սահմանված կարգով նախատեսված չափանիշներին» բառերով:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 16-րդ հոդվածում լրացվող`

1) 1.4-րդ մասով նախատեսված բլանկետային նորմի համաձայն՝ պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

Առաջարկում ենք «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով։ Միաժամանակ նախագծի 1-ին հոդվածով լրացվող 6.1-րդ և 6.2-րդ մասերը  «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների առնչությամբ գործադիր մարմնի ընդհանուր կարգից բացառություն նախատեսելու մասով առաջարկում ենք նախագծից հանել, քանի որ նախագծի վերը նշված դրույթով արդեն իսկ նախատեսվում է ընդհանուր կարգից բացառությունների՝ օրենքով նախատեսման հնարավորությունը:        

Բացի այդ գտնում ենք, որ քննարկվող դրույթի՝ «բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի» արտահայտությունն անհրաժեշտ է նախատեսել «սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից հետո,

2) 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 1.7, 1.8 կետերն առաջարկում ենք հանել,  քանի որ լիազոր մարմինները ՊՈԱԿ-ների համար ունեն հաստատված մրցութային կարգ, որտեղ ընթացակարգը սահմանված է:

3) 1.6-րդ կետով նախատեսված է, որ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ լիազորությունը պետք է վերապահվի պաշտոնում նշանակելու լիազորություն ունեցող անձին:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.4-րդ և 1.5-րդ մասերի համակարգային վերլուծությունից բխում է, որ մինչև գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը և անցկացնելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով, իսկ մրցույթի չկայացման դեպքում այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև վեց ամիս ժամկետով: Մինչեռ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման 1-ին հավելվածի 11.4 կետի համաձայն եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։ Ուստի կարծում ենք, որ գործող 3 ամսվա ժամկետը վեց ամսով փոխարինելու անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.5-րդ մասի համաձայն՝ մինչև գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը և անցկացնելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով: Գտնում ենք, որ նշված դրույթն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք:         

Միաժամանկ հայտնում ենք, որ վերոհիշյալ սահմանումն ընկալվում է որպես պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պարտադիր նորմ, ինչի կապակցությամբ առաջարկում ենք այն սահմանել որպես պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողական լիազորություն:      

6. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.6-րդ մասում հղում է կատարվում նույն 1.6-րդ մասին՝ առավելագույն ժամկետ սահմանելու առումով։ Առաջարկում ենք հիշյալ հղումն ուղղել և հղում կատարել 1.5-րդ մասին։  

Բացի այդ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառվարության որոշմամբ» բառերը փոխարինել «պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից» բառերով, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը ենթադրում է ավելի բարդ և երկարատև ընթացակարգ։     

7. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.8-րդ մասով սահմանվում են պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը, սակայն Նախագծով նախատեսված չէ գործադիր մարմնի պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու իրավական ընթացակարգ:       

Այս առումով որոշակի և հստակ չէ, թե արդյոք որոշակի ժամկետով գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցվելու է որևէ կերպ ընտրություն իրականացնելու (հայտարարություն հրապարակելու) միջոցով, թե բացառապես լիազոր մարմնի պաշտոնատար անձի հայեցողական լիազորությամբ։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք սահմանել, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.8-րդ մասով նախատեսված դեպքերում որոշակի ժամկետով նշանակում կատարելիս նշանակվող անձը նույնպես պետք է բավարարի տվյալ պաշտոնի համար նախատեսված պահանջները: Հարկ է նշել, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.7-րդ մասով նախատեսված դրույթը վերաբերելի է միայն թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու դեպքին:     

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք Օրենքով սահմանել գործադիր մարմնի պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու որոշակի ընթացակարգեր կամ նախատեսել բլանկետային նորմ՝ ենթաօրենսդրական ակտով սահմանելու համար։  

Միաժամանակառաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 1.8-րդ մասով սահմանված դեպքերում նույնպես հաշվի առնել նաև տեղակալի կողմից գործադիր մարմնին փոխարինելու հնարավորությունը, ինչը կարող է սահմանված լինել համապատասխան պետական կազմակերպության կանոնադրությամբ կամ գործադիր մարմնի և տեղակալի պաշտոնների անձնագրերով (աշխատատեղի նկարագիր): 

8. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետից հանել «և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ» բառերը: Նախագծի ընդունման արդյունքում ստացվում է, որ գործադիր մարմնի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից:        

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը համահունչ չէ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված իրավական կարգավորմանը, որի համաձայն՝ դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները:       

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով առաջարկվող դրույթն ընդունվելու պարագայում կստացվի մի իրավիճակ, երբ հանցագործության համար երբևէ դատապարտված անձը, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, այլևս իրավունք չի ունենա հավակնելու ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի պաշտոնում նշանակվելուն։   

Բացի այդ պետք է նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածից բխում է, որ դատվածությունը հանված կամ մարված լինելը անձի համար հիմք է հանրային ծառայության ընդունվելու համար: Ուստի կարծում ենք, որ նախագծի հիշյալ կարգավորումը խնդրահարույց է և խտրական, քանի որ պարզ չէ, թե ինչու է հանրային ծառայողի դեպքում դատվածության հանված կամ մարված լինելու պարագայում հանրային ծառայության մեջ ընգրկվելը դիտարկվում թույլատրելի, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնողի դեպքում՝ ոչ թույլատրելի:         

Ուստի առաջարկում ենք վիճահարույց կետը հանել:

9. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «է» կետում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով: Գործող կարգավորման համաձայն գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա իր գործառույթներն իրականացնելիս պետական կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի հինգ տոկոսը: Գտնում ենք, որ գործող գույքի արժեքի հինգ տոկոսը մեկ տոկոսով փոխարինելու անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

10. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժգ» կետում «օրենքի» բառը փոխարինել «օրենսդրության» բառով,  իսկ «կրկնակի» բառը հանել: Հիշյալ փոփոխությունների արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները իրավասու մարմնի որոշմամբ դադարեցվելու են մեկ տարվա ընթացքում օրենսդրության խախտման համար կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում:    

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները: Գտնում ենք, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցնելը նրա կողմից մեկ անգամ, առավել ևս՝ օրենսդրության խախտման համար անհամաչափ է և արդարացված համարվել չի կարող: Ուստի առաջարկում ենք Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժգ» կետից «կրկնակի» բառը չհանել։       

Միաժամանակ առաջարկում ենք քննարկվող կետից հանել «օրենքի խախտման համար բառերը»:

11․Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա  ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը:       

Վերոնշյալ կարգի ընդունման կապակցությամբ կատարվելիք աշխատանքների ծավալը հաշվի առնելով՝ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով: Բացի այդ առաջարկում ենք 2-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով, որի համաձայն կսահմանվի, որ մինչև վերոնշյալ կարգի ընդունումը պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները կարգավորվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ: 

 
                  
         ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ