«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-665-19.06.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) գործող խմբագրությամբ 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն՝

«7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

․․․․ 3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

․․․․ 2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել»:

 Ընդ որում, օրենսգրքի 10871 հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`

1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.

2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:

Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:

Վերոնշյալ նորմերի համադրված վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ զրպարտության և վիրավորանքի դեպքում օրենսդիրը տվել է պաշտպանության միջոցների ընտրության հնարավորություն՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության ոչ նյութական միջոցներից մինչև նյութական փոխհատուցման միջոցներ։ Ընդ որում, ուշագրավ է, որ նյութական փոխհատուցման կիրառումը, ինչպիսին է ոչ նյութական վնասի դրամական հատուցումը, վերոթվարկյալ պաշտպանության միջոցների շարքում չի համարվում պաշտպանության նախապատվելի ձև։ Այսպես, ինչպես հայտնի է զանգվածային լրատվության միջոցով տարածված իրականությանը չհամապատասխանող արատավորող տեղեկությունների հերքում անձը կարող է պահանջել զանգավածային լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունից արտադատական կարգով՝ ըստ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումների։ Եվ տվյալ դեպքում օրենսգրքի 1-ին հոդվածը սահմանում է, որ  անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը: Այսինքն, թեև ինքնին օրենսգիրքը չի սահմանափակում դատական կարգով պաշտպանության մի քանի կամ նույնիսկ բոլոր միջոցները միաժամանակ հայցելու հնարավորությունը, սակայն, այնուամենայնիվ, հերքում իրականացված լինելու պարագայում թույլ չի տալիս հայցելու այլևս պաշտպանության որևէ միջոց, այդ թվում՝ ոչ նյութական վնասի գումարային հատուցում, բացի գույքային վնասի հատուցումից։

Ավելին, ոչ նյութական վնասի դրամական հատուցման պարագայում օրենսդիրը հստակ կանխորոշել է դրա կիրառման սահմանները՝ նախատեսել է նման հատուցման առավելագույն չափեր, սահմանել է պարտադիր պահանջ՝ հաշվի առնելու իրավախախտի գույքային դրությունը և այլն։

Ընդ որում, պատասխանողի գույքային դրությունը հաշվի առնելը հանդիսանում է չափազանց կարևոր պատասխանատվության չափը որոշելու համար։ Այսպես, վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվության եղանակը և դրամական չափը որոշելիս դատարանները, որպես էական հանգամանք, պարտավոր են հաշվի առնել պատասխանողի գույքային վիճակը։ Այս պահանջը 1087.1-ին հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի հրամայականն է։ Դրա նպատակն է համաչափության ընդհանուր սկզբունքի կիրառում ապահովելը, որպեսզի պատասխանողը անհարկի ծանր կամ անհաղթահարելի գույքային բեռի տակ չհայտնվի։ Եթե պատասխանողը լրագրող է կամ լրատվամիջոց, դատարանները սահմանում են փոխհատուցման այնպիսի չափ, որպեսզի չխոչընդոտվի լրատվամիջոցի բնականոն աշխատանքը և, արդյունքում, տեղեկատվության բնականոն հոսքը, քանի որ վերջինս արդեն հանրային ընդհանուր շահ է ներկայացնում։ Սովորական քաղաքացու առումով այս սկզբունքի կիրառումը պայմանավորված է քաղաքացուն անհարկի գույքային մեծ բեռի տակ դնելուց խուսափելու անհրաժեշտությամբ։ ՏԴ1/0177/01/11 քաղաքացիական գործով դատարանը հաշվի է առել պատասխանող ֆիզիկական անձի ցածր աշխատավարձը և վարձակալությամբ բնակվելու հանգամանքները, իսկ պատասխանող իրավաբանական անձի մասով՝ ընկերության վնասով աշխատելու և սնանկության եզրին գտնվելու հանգամանքները։ Այս երկու հանգամանքները հաշվի առնելով՝ դատարանն ամբողջությամբ մերժեց հայցվորի դրամական փոխհատուցման պահանջը և սահմանեց, որ հնարավոր է հասնել հայցվոր ընկերության պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի վերականգնմանը ոչ նյութական եղանակով։ Թիվ ԵԿԴ/0261/02/11 քաղաքացիական գործով դատարանը հաշվի է առել պատասխանող կողմի՝ «թերթի ոչ մեծ տպաքանակը», «թերթի արժեքը» և «տեղեկատվության տարածման շրջանակը»։ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն առաջարկել է պատասխանողներից պահանջել նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական կամ այլ փաստաթղթեր, օրինակ, հարկային մարմիններին ներկայացված հարկային հաշվետվությունները։

Պետք է նշել, որ տարբեր են փոխհատուցման չափերը արևմտյան երկրներում։ Ընդ որում, պետք է հաշվի առնել այդ պետությունների տնտեսական զարգացման և նվազագույն աշխատավարձի չափերը։ Բելգիայում, Նորվեգիայում և Իտալիայում սահմանված է մինչև 2000 եվրո գումարի տուգանք։

Մեծ Բրիտանիայում, երբ անձը զրպարտում է ընտրություններին մասնակցող թեկնածուին, և որի մեղքը հաստատվում է դատարանի կողմից կայացված վճռով, կարող է նշանակվել մինչև 5000 ֆունտ ստեռլինգ տուգանք: Մեծ Բրիտանիայում նվազագույն աշխատավարձը 1360 ֆունտ է։

Ֆրանսիայում վիրավորանքի և զրպարտության համար կարող է առաջանալ, ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական պատասխանատվություն: Անձին հասարակական վայրում ռասսայական, կրոնական, ազգային, սեռական պատկանելիության և այլ հանգամանքների պատճառով վիրավորելը կարող է առաջացնել պատասխանատվություն 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկման կամ 22.500-ից մինչև 45.000 եվրո տուգանքի չափով: Հազվադեպ է հանդիպում, երբ հայցվորն ստանում է 10.000 եվրո փոխհատուցում, հիմնականում այն կազմում է սիմվոլիկ 1 եվրո: Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձը 1539 եվրո է։

Գերմանիայում նախագահին, կառավարության կամ սահմանադրական դատարանի անդամին վիրավորելն առաջացնում է տուգանք 650 եվրոյի չափով կամ ազատազրկում 5 տարի ժամկետով: Գերմանիայում նվազագույն աշխատավարձը 1584 եվրո է։

Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ նախատեսվել է, որ տարբեր են փոխհատուցման և գույքային վնասի հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման առարկան, սկզբունքներն ու նպատակները: Դրանք որոշակի են և իրենց իրավական բովանդակությամբ հետապնդում են իրավաչափ և սահմանադրորեն արդարացի նպատակներ՝ պաշտպանելու ՀՀ Սահմանադրության 14-րդ, 27-րդ և 47-րդ հոդվածներով երաշխավորված` անձի իրավունքներն ու ազատությունները ոչ իրավաչափ ոտնձգություններից և վերականգնելու դրանք:

ՀՀ սահմանադրական դատարանը փոխհատուցման չափի համաչափությունն ապահովելու կարևոր երաշխիք է համարում նաև վիճարկվող հոդվածում փոխհատուցման նվազագույն չափի օրենսդրական ամրագրման բացակայության և առավելագույն չափի ամրագրման առկայության հանգամանքը: Առանձնապես կարևորվում է նաև այն հանգամանքը, որ վիճարկվող հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը, ի լրումն փոխհատուցման նյութական ձևի, նախատեսում են նաև փոխհատուցման ոչ նյութական ձևեր:

Ինչ վերաբերում է փոխհատուցման` վիճարկվող հոդվածով սահմանված առավելագույն չափին, ապա ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծելով, որ կոնկրետ չափի սահմանումն օրենսդրի հայեցողության շրջանակներում է, միաժամանակ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1577(2007) բանաձևի առաջարկը` գտել է, որ անհրաժեշտ է սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, սակայն այնպես, որպեսզի չվտանգվի պատասխանատու մամուլի կենսունակությունը, նպատակահարմար է համարել նաև  օրենսդրի կողմից քննարկելու առավելագույն սահմանի վերանայումը` նվազեցման միտումով, որպեսզի այն գործնականում բացառի արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումը: Նման եզրահանգումը պայմանավորված է ոչ միայն իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած միտումներով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանում փոխհատուցման վերին սահմանի և բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունն ավելի մեծ է, քան Եվրախորհրդի անդամ որոշ երկրներում, որոնք որդեգրեցին վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման մոտեցումը:

Բացի դրանից՝ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսգրքի 1087.1 հոդվածի 11-րդ մասի դրույթների կիրառման խնդրում գործը քննող դատարանի հայեցողության շրջանակները բացարձակ չեն և սահմանափակված են հետևյալ նախապայմաններով.

․․․- կոնկրետ վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից ելնելով դատական կարգով նյութական փոխհատուցման չափի սահմանման դեպքում պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ իր մեծությամբ այն չհանգեցնի մեղավոր անձի սնանկության կամ էականորեն չխաթարի նրա բնականոն գործունեությունը:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է անդրադառնալ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատական պրակտիկային։ Այսպես, 2012 թվականի ապրիլի 27-ին կայացված թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վիրավորանքի և զրպարտության համար սահմանվող փոխհատուցման ողջամտության հարցին, որը պետք է համաչափ լինի անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասին և, միաժամանակ, անհարկի ֆինանսական պարտավորություններ չառաջացնի պատասխանողի համար:

Ամփոփելով նշվածը` պետք է նշել, որ դատարանները պետք է փորձեն գործում առկա ապացույցների գնահատմամբ և վերը նշված միջազգային փաստաթղթերի լույսի ներքո մինչև նյութական փոխհատուցում սահմանելը քննարկման առարկա դարձնել խախտված իրավունքների վերականգնման օրենքով նախատեսված այլ միջոցների կիրառման հնարավորությունը, որը զանգվածային լրատվության միջոցների դեպքում չի խոչընդոտի նրանց հետագա բնականոն գործունեությանը` միաժամանակ բացառելով կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ կետերում ամրագրված դրամական փոխհատուցման, երբ դատարանը կարող է մերժել դրամական փոխհատուցումը` հիմք ընդունելով պատասխանողի գույքային դրությունը, նույն հոդվածի 12-րդ կետում ամրագրված գույքային վնասը ենթակա է փոխհատուցման ամբողջ ծավալով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` վնասի ինստիտուտը կանոնակարգող նորմերին համապատասխան: Հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը «վնաս» եզրույթն օգտագործում է իրական վնաս և բաց թողնված օգուտ իմաստներով և օրենսգրքում որևէ այլ տեղ, բացի 1087.1-ին հոդվածից, չի կիրառվում «գույքային վնաս» եզրույթը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «գույքային վնաս»-ը պետք է մեկնաբանվի որպես անձին պատճառված իրական վնաս և/կամ բաց թողնված օգուտ: Վնասում ներառվում են նաև ողջամիտ դատական ծախսերը, որոնք անձը կատարել է կամ կատարելու է իրավունքները վերականգնելու համար, ինչպես նաև ցանկացած այլ ծախս, որն ուղղակիորեն կատարվել է խախտված իրավունքների վերականգնման համար:

Նախագծի հիմնավորմամբ նշվում է նաև քաղաքական և քաղաքացիական ծառայող հանդիսացող անձանց՝ որպես վիրավորանքից և զրպարտությունից տուժած անձանց պատշաճ պաշտպանության անհրաժեշտության մասին։ Այս առումով պետք է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանն ընդգծել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառման նեղ ոլորտ ունի (տե´ս Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը, կետ 58): Քաղաքական գործիչների նկատմամբ ընդունելի քննադատության սահմանները, հետևաբար, ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում: Ի տարբերություն վերջիններիս` քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց հասանելի են դարձնում արված յուրաքանչյուր խոսքի և գործի նկատմամբ լրագրողների և հանրության լայն խավերի սրված ուշադրության համար, և նրանք այդ կապակցությամբ պարտավոր են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորել: Անկասկած, կոնվենցիայի 10-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը թույլ է տալիս պաշտպանել այլոց, այսինքն` բոլոր անհատների հեղինակությունը, և այս պաշտպանությունը տարածվում է քաղաքական գործիչների նկատմամբ ևս, եթե նույնիսկ նրանք հանդես չեն գալիս իրենց մասնավոր կարգավիճակում, սակայն նման դեպքերում այդպիսի պաշտպանության պահանջները պետք է կշեռքի նժարին դնել` մյուս նժարին դնելով քաղաքական հարցերը բաց կերպով քննարկելու շահերը (տե´ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 42):

Անդրադառնալով քաղաքացիական ծառայողների նկատմամբ քննադատության սահմանների հարցին` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական ծառայողների նկատմամբ ևս, ինչպես որ քաղաքական գործիչների դեպքում է, ընդունելի են քննադատության ավելի լայն սահմաններ: Այնուամենայնիվ, քաղաքացիական ծառայողները լիազորությունների պատշաճ կատարումն ապահովելու առումով պետք է վայելեն հասարակական վստահություն, զերծ լինեն անընդմեջ քննադատությունից, և այդ պատճառով է, որ անհրաժեշտ է նրանց տրամադրել պաշտպանություն իրենց պարտականությունների կատարման առնչությամբ վիրավորական և զրպարտչական հարձակումներից (տե´ս Յանովսկին ընդդեմ Լեհաստանի 21.01.1999 թվականի վճիռը, կետ 33):

Այսինքն, դատարանները պետք է հաշվի առնեն տարբերությունը քաղաքական գործիչների և հանրային ծառայողների միջև, և այն, որ հանրային ծառայողները` ներառյալ դատավորները, դատախազները, ոստիկանները, իրականացնում են հատուկ լիազորություններ և պետք է ունենան հանրային վստահություն, հետևաբար նրանք պետք է պաշտպանված լինեն վիրավորական և զրպարտչական հարձակումներից:

ՀՀ իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման առավելագույն չափը չի կիրառվում կամ կիրառվում է շատ հազվադեպ։ ՀՀ դատարանների կողմից առավել հաճախ կիրառվող չափերն են 50-150 հազ․ դրամ (ԵԴ/8526/02/19, ԱՎԴ/2519/02/18, ՍԴ/0754/02/17, ԵԿԴ/3581/02/16, ԵԴ/24099/02/18, ԵԴ/15129/02/18, ԵԱՔԴ/3028/02/17, ԱՐԴ/34/06/02/17, ԱՐԴ1/0641/02/19), 200-500 հազ. դրամ՝ (ԵԿԴ/3044/02/16, ԵԿԴ/1061/02/16, ԱՎԴ/0193/02/19, ԵԴ/1725/02/19, ԵԴ/16586/02/19, ԵԴ/21658/02/18/, ԵԴ/16392/02/18, ՍԴ1/0530/02/18, ՍԴ3/1051/02/16, ԱՎԴ/2194/02/16, ԵԴ/12286/02/18, ԵԴ/12832/02/18, ԵԿԴ/2094/02/17), 800 000 հազ. դրամ՝ (ՇԴ/4995/02/16)։ Դատարանների կողմից կիրառվող նախընտրելի միջոցներ են հրապարակային հերքումը, դատավճռի հրապարակումը լրատվության միջոցներով կամ դրանց համակցությունն ավել փոքր չափի դրամական փոխհատուցման հետ։

«ARTICLE 19» կազմակերպության՝ «Զրպարտության սահմանում․ կարծիքի արտահայտման ազատության և հեղինակության պաշտպանության վերաբերյալ սկզբունքներում» նշվում է, որ բանտային պատիժներ, ցանկացած ձևով ազատազրկում, արտահայտման իրավունքի կասեցում, չափազանց մեծ տուգանքներ և այլ խիստ պատիժներ չեն կարող կիրառելի լինել զրպարտության դեպքում, որքան էլ որ ծայրահեղ այն լինի (Defining Defamation: Principles on Freedom of Expression and Protection of Reputations (Defining Defamation), principle 4, ARTICLE 19 publication, Free Word Centre, London, United Kingdom, 2017), և որքան էլ պատվազրկող լինեն զրպարտչի կողմից արված արտահայտությունները։ Հաշվի առնելով ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը՝ կարող ենք հավաստել, որ 5 մլն և 10 մլն դրամը չափազանց մեծ տուգանք է։

ՄԻԵԴ-ը Կապսիսը և Դանիկասն ընդդեմ Հունաստանի գործով արտահայտել է այն դիրքորոշումը, որ զրպարտության համար նախատեսված խիստ սանկցիաներն անխուսափելիորեն կհանգեցնեն լրագրողների կողմից հասարակության լայն շրջանակների համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների քննարկումից ձեռնպահ մնալուն։

Քաղաքացիական իրավունքը և, ըստ այդմ, պատասխանատվության ինստիտուտը քաղաքացիական իրավունքում, որպես առաջնային ունեն ոչ թե անձին պատժելու և նրան դիաստիարակելու նպատակ, այլ առաջին հերթին տուժած անձի կրած վնասները հատուցելու նպատակ։ Ճիշտ է, քաղաքացիական իրավունքում գործում է նաև «պատժիչ վնաս»-ի հասկացությունը (Punitive damage), որը հետապնդում է նաև իրավախախտ անձին որոշակի անհարմարություն պատճառելու նպատակ, բայց, այդուհանդերձ, վնասի հատուցման նպատակը հենց վնասի հատուցումն է, իսկ անձին պատժելը ածանցյալ է և հանդիսանում է լրացուցիչ ներազդեցություն իրավախախտի վրա։ Այսպես, եթե իրավախախտն իր վրա զգա չափազանց մեծ բեռ, սակայն տուժող անձի վնասը չհատուցվի, քաղաքացիաիրավական պատասխանատվությունը չի հասնի իր առաջնային նպատակին։ Ավելին, նույնիսկ այն դեպքում, երբ վնասը լիովին հատուցվել է, քաղաքացիական իրավունքի այլ սուբյեկտների վրա ֆինանսական ծանր բեռ դնելը միևնույնն է չի արդարացվում։ Ընդ որում, փոխհատուցման չափը պետք է լինի այնպիսին, որ ապահովի հավասարակշռվածություն մի կողմից խոսքի ազատության, իսկ մյուս կողմից՝ անձի արժանապատվության, պատվի և գործարար համբավի իրավունքների միջև։ Այս մոտեցումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, մասնավորապես, դրա համաձայն զրպարտության համար սահմանված փոխհատուցումը պետք է համամասնության ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ (Steel and Mօrris v. United Kingdօm, 2005 թ. փետրվարի 15-ի վճիռ)։

Նախագծի կապակցությամբ ցանկանում ենք հավելել նաև, որ նախագծի հեղինակը որևէ կերպ չի հիմնավորել այն հանգամանքը և չի բերել պրակտիկայից համապատասխան օրինակներ, երբ իրավախախտի նկատմամբ քաղաքացիական օրենսգրքի՝ գործող խմբագրությամբ սահմանված փոխհատուցման չափերը բավարար չեն եղել, և օրինակ՝ հետագայում նույն անձը շարունակել է իր՝ այլ անձանց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու և նսեմացնելու վարքագիծը։

Որպես վերոնշյալին հավելում՝ պետք է նշել, որ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 18-ի օրենսդրական փոփոխությունների արդյունքում և միտված էր հենց խոսքի ազատությանն առավել մեծ պաշտպանություն տրամադրելուն։ Այսպես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դեռ 2007 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում, վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:

Վեհաժողովը նաև հստակ մոտեցում որդեգրեց, այն է` զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ-պետություններին`

- անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը,

- սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,

- ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:

Հիշյալ բանաձևում ընդգծվեց նաև, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:

Այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ (2010 թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև վեճի առարկա 1087.1-ին հոդվածով):

Իր հերթին Եվրախորհրդի նախարարների կոմիտեն մի շարք հանձնարարականներ է ընդունել խնդրո առարկա հիմնախնդրի իրավական կարգավորման և շահերի ու իրավունքների ողջամիտ հավասարակշռման վերաբերյալ:

ԵԽ նախարարների կոմիտեն, մի կողմից, հաշվի է առել, որ արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, մյուս կողմից` նկատի է ունեցել, որ այդ ազատության իրականացումը ներառում է պարտականություն և պատասխանատվություն, մասնավորապես, կապված այլ անձանց իրավունքների կամ բարի համբավի հետ:

Հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի սահմանում «տուգանքներ», ուստի առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հատուցման չափն ավելացնելիս այն համեմատության մեջ դնել իրավունքի այլ ճյուղերով նախատեսված տուգանքների չափի հետ (օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տուգանք պատժատեսակի չափը Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափ է) և արդյունքում զրպարտության համար  ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել  նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2000-ապատիկի։