«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱ­ԽԱԳԾԻ ՎԵՐԱ­­ԲԵՐ­ՅԱԼ (Խ-662-18.06.2020-ԱՍ-011/0) ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ)  վերաբերյալ հայտնում ենք՝

1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն նախատեսվում է «Սոցիալական աջակ­ցության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել1-ին կետով, որի համաձայն հիմնական սոցիալական ծառայություն է համարվում նաև «կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը»։

Նախագծի հիմնավորման համաձայն կոմունալ վճարները լուրջ ֆինանսական բեռ են հատկապես միայնակ բնակվող տարեց թոշակառուների համար, ուստի, անհրա­ժեշտություն կա, որպեսզի պետությունն իր սոցիալական աջակցության քաղաքակա­նության շրջանակում դրամական փոխհատուցում տրամադրի վերջիններիս:

Հարկ է նշել, որ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանվում է «հիմնական պահանջմունքներ» հասկացությունը, որի համաձայն նախատեսվում է՝ «հիմ­նական պահանջմունքներ` ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ նվազա­գույն պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպա­սար­կում, միջնակարգ կրթություն կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն.»:

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նախատեսվում է, որ՝ «1. Բնաիրային օգնությունն անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավա­րարելու (կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու և (կամ) հաղթահարելու) նպա­տակով անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբին) տրվող օգնությունն է:»: Այսինքն, օրենքով արդեն իսկ առկա է դրույթ, որի համաձայն հիմնական պահանջմունքները (նաև բնակարանային կոմունալ ծառայությունները) բավարարելու համար միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահովներին) տրվում է օգնություն:

2. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն օրենքի 11-րդ հոդվածում նախատեսվում է կատարել լրացումներ միայնակ տարեցներին կոմունալ վճարների դրամական փոխհա­տուցում տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև նշվում է, որ կոմունալ վճարների փոխ­հատուցման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրա­պետության կառա­վարությունը:

Միայնակ տարեցների (որը նախագծի հիմնավորմամբ նույնացվում է ընտանիք­ների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ չաշխատող կենսաթոշակառուների հետ) հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու նպատակով անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբին) տրվող օգնու­թյան շրջանակներում օրենսդրությամբ արդեն իսկ գործում են մի շարք արտոնություններ: Մասնավորապես՝

1. ընդունվել են Հայաստանի Հանրա­պետության կառավարության մի շարք որոշում­ներ՝ 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն, 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1459-Ն որոշումներ և այլն,

2. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ չաշխատող կենսաթոշակառուներն օգտվում են այդ համակարգի հիման վրա նշա­նա­կվող սոցիալական աջակցության ծրագրերից (սոցիալական նպաստ, մարդա­սիրական օգնություններ, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք և այլն),

3. համաձայն Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման՝ սոցիալապես անապահով ընտանիքները (ընտանիք­ների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներ) դիտարկվել են որպես առանձին սպառողական խումբ, որոնց կողմից սպառվող բնական գազի (շուրջ 70 հազար ընտանիքներ) և էլեկտրական էներգիայի (շուրջ 100 հազար ընտանիքներ) համար Հայաստանի Հանրա­պետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է հնարավոր նվազ սակագներ: Այս ընտանիքները (այդ թվում՝ նաև նախագծի հիմնավորման մեջ նշված 11851 միայնակ չաշխատող կենսաթոշա­կառուները, որոնց թիվը ներկայումս կազմում է 11766) սպառած էլեկտրական էներգիայի համար վճարում են 1 կիլովատի դիմաց 15 դրամ և տարեկան մինչև 600 խոր. մ բնական գազի համար՝ 39 դրամ նվազ սակագներով,

4. ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարա­նային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակա­յին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և Քաղաքացիական օրենսգրքի8-րդ հոդվածների դրույթներով՝ մշակվել և Հայաստանի Հանրա­պետության վարչապետի աշխատակազմ է ուղարկվել «Հայաս­տանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակ­վող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները սահմանելու մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության որոշման նախա­գիծը: Այս նախագիծը նպատակ ունի մեղմելու սոցիալական բնակարանային ֆոնդի կացա­րաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը (որոնց թիվը ներկայումս 74 է), և այն ընդունվելու դեպքում սոցիալական տան միայնակ բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ (ամսական 12 հազար դրամ), որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:

Հարկ ենք համարում նշել նաև, որ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանվում է «տարեց» հասկացությունը, համաձայն որի տարեցը 65 տարին լրացած անձն է: Նախագծով չի սահմանվում «միայնակ տարեց» հասկացությունը, որի պատ­ճառով իրատեսական չէ նաև նախագծի հիմնավորման մեջ նշված՝ տարեկան կտրվածքով Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեով պահանջվող 711.1 մլն դրամի հաշ­վարկը: Նախագծի հիմնավորմամբ նշված՝ ընտանիքների անապահովության գնահատ­ման համակարգում հաշվառված 11851 անձինք այդ համակարգում հաշվառված են որպես միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ: Այս սոցիալական խումբը բնորոշող ծած­կագիրը (Կ87) ամրագրվում է չաշխատող այն կենսաթոշակառուի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձի համար, որը չունի չափահաս` կենսաթոշակի կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող զավակներ կամ Հայաստանի Հան­րա­պետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ: Նշվածից պարզ է դառնում, որ վերոգրյալ սոցիալական խումբը կիրառելու համար պարտադիր չէ տարեց լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից՝ նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակահար­մար, քանի որ`

1. Նախագծի ընդունման հիմնավորումը բովանդակային առումով չի համա­պա­տաս­խանում նախագծով առաջարկվող կարգավորումներին (նախագծով առաջարկվում է կոմունալ վճարների դրամական փոխհատուցում տրամադրել միայնակ տարեցներին, իսկ նախագծի հիմնավորմամբ հաշվարկները կատարվել են՝ հիմք ընդունելով ընտանիք­ների անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ չաշխատող կենսաթոշակառուների թիվը), հստակ չէ թիրախային խումբը՝ ուստի նաև պահանջվող ֆինանսական միջոցների չափը,

2. Հայաստանի Հանրա­պետության օրենսդրությամբ առկա են տարեցներին սոցիա­լական աջակցության տրամադրման համապատասխան մեխանիզմներ, այդ թվում՝ նաև կոմունալ վճարների զեղչման տեսքով: Լրացուցիչ մեխանիզմների ներդրումը նույնպես պետք է բխի Հայաստանի Հանրա­պետության կառավարության ծրագրով որդեգրված՝ սոցիա­լապես անապահով և խոցելի խմբերի աջակցության մասին հոգ տանելու քաղա­քականության իրականա­ցումից: