«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-521-23.03.2020,15.06.2020-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել համայնքում ճա­նապարհային երթևեկության կազմակերպումը և կառավարումը՝ պատասխանատու լիա­զոր մարմիններին հստակ սահմանելու միջոցով:

Նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառու­թյամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտո­մոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հան­րապե­տության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսու­հետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները և անձինք ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համա­ձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման 3-րդ կետի համաձայն սահմանվել են ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ճանապարհային մարմինները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրեն­քի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ իրավասու մարմինները, կազ­մակերպությունները և անձինք ոստիկանության համաձայնությամբ կարող են իրակա­նացնել անմիջապես ճանապարհի վրա և դրա մոտ` դեպի ճանապարհ մուտք և ելք ունե­ցող կրպակների, գովազդային վահանակների և այլնի տեղադրումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ համապատասխան պաշտո­նատար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տե­ղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են ճանապարհային երթևեկության կազմակերպման և տեխնիկական միջոցների տեղադրման նախագծերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ համապատասխան պաշ­տո­նա­տար անձինք ոստիկանության և այլ իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնում են նաև ճանապարհի և դրա ինժեներական կառույցների շինարարության, վերակառուցման և վերանորոգման նա­խագծերը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1644-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է ճանապարհների և դրանց ինժե­ներական կառույցների նախագծման, կառուցման, վերակառուցման, վերանորոգման ու պահպանման, ինչպես նաև ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհային աշ­խատանքների կատարման ժամանակ երթևեկության կազմակերպման սխեմաները ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հետ համաձայնեցնելու կարգը, որի     4-րդ կետի համաձայն՝ համաձայնեցման համար ՀՀ ոստիկանության կողմից ուսումնա­սիրվում են նախագծերն ու սխեմաները, տեղերում կատարվում են հետազոտություններ, որոնց արդյունքների մասին կազմվում է եզրակացություն: 

          Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ թե՛ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և թե՛ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքներով հստակ նշված են այն լիազոր, պատասխանատու մարմիննները, որոնց հետ պետք է համաձայնեցվեն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում նշված սխեմաները (նախագծերը):

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ «լիազոր մարմին» տերմինը վերոնշյալ հիմնա­վորումների նույն տրամաբանությամբ կիրառվում է այլ օրենքներում, այդ թվում՝ «Տեղա­կան ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքում, ինչով պայմանավորված՝ նպատահար­մար չենք համարում սույն հոդվածում պատասխանատու մարնի լրիվ անվանման ամրա­գրումը:

Հիմք ընդունելով վերագրյալը և միաժամանակ ընդունելով, որ սույն հոդվածը կարիք ունի լրամշակման և որոշակի պարզեցման՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքի 35-րդ հոդվածի 19-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ՝

«19) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազ­մում և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանա­պարհ­ների մասով) և կայացնում որոշումներ` այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերա­բերյալ` երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով  պետական լիազոր մարմնի հետ:»:

  Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված օրենսդրական առաջարկի ընդունումը գտնում ենք նպատակահարմար՝ առաջարկվող փոփոխության ներառմամբ: