ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-490-27.02.2020,15.06.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.  

1. Նախագծի 1-ին հոդվածում ««6-րդ հոդվածը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «6-րդ հոդվածի 1-ին մասը» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի դրույթները:

2. Նախագծով լրացվող 174.6-րդ հոդվածի 1-ին մասը բացակայում է, ուստի առաջարկում ենք լրացնել հետևյալ ձևակերպմամբ 1-ին մաս՝

«1. Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե.»:

3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածը: Գործնականում հնարավոր տարընկալումներից խուսափելու նպատակով՝ առաջարկվում է Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածը խմբագրել այնպես, որ այն տարածվի ոչ միայն դատավարական, այլ նաև քննչական գործողությունների նկատմամբ, որպիսին այս դեպքում հանդիսանում է Քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հարցաքննությունը:

4. Առաջարկում ենք որպես Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:         
                   

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ