«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Պ-626-23.05.2020-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է՝

1) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ պահանջների բավարարման հերթականությունը սահմանող 31-րդ հոդվածի 2-րդ մասում՝ երրորդ հերթով բավարարման ենթակա՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդների և բանկային հաշիվներին առկա մնացորդների` մինչև 10 միլիոն դրամի, իսկ արտարժութային ավանդների (հաշիվների) դեպքում` 5 միլիոն դրամին համարժեք չափերը համապատասխանաբար փոխարինել 16 միլիոն դրամ և 7 միլիոն դրամ չափերով (Հոդված 1.).

2) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումը տարածել նաև օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա (Հոդված 2.):

Համաձայն Նախագծի հիմնավորման և Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դիրքորոշման՝ Նախագիծը մշակվել է ի լրումն Ազգային ժողովի 2020 թվականի հունիսի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին (Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0) և նպատակ ունի երկու օրենքներում ապահովել երաշխավորված բանկային ավանդների շեմերի միատեսակությունը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ չունենք:

Օրենքների համապատասխանությունն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺՈ-267-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 42-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0) առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ համալրել ներկայացված Նախագծով և նախագծերը քննարկել մեկ միասնական փաթեթով: