«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Խ-566-14.04.2020-ԱՍ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցումներ կատարելու մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքի նախագծով նախա­տեսվում է համավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայման­ներում օժանդակել պետական նպաստ ստացող այն անձանց, որոնց տրվող պետական դրամական աջակցության չափը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի չափից:

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահ­մանված նպաստի տեսակների շարքում են նաև ընտանեկան,  սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը, որոնք ուղղված են ընտանիքի կենսամակարդակի բարձրաց­մանը:

Օրենքով և դրա կիրառումն ապահովող 30.01.2014 թ. N 145-Ն որոշմամբ տրված իրավակարգավորումներն արդեն իսկ ապահովում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, առավելապես տնտեսական, ընտանիքներին նպաստի ձևով դրամական օգնության տրամադրումը:

Այսպիսով, օրենքի 13-րդ և 16-րդ հոդվածներով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել համապատաս­խանա­բար ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայ­մաններ, իսկ 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումները վերաբերում են նաև արտակարգ իրավիճակի դեպքերին, իսկ արտակարգ իրավիճակը համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակն է:

Գործող օրենսդրությամբ, արդեն իսկ երկրորդ և հաջորդող եռամսյակների համար սահմանված կարգով նախագծում նշված հիմքով կարող է նշանակվել (կամ արդեն նշա­նակվել են) եռամսյակային հրատապ օգնություն` դրա կարիքն ունեցող ընտանիքներին:

Այսպիսով, օրենքը Հայաստանի Հանրա­պետության կառավարությանը լիազորել է արտակարգ դրության (իրավի­ճակ­ներում) արագ և արդյունավետ գործելու հնարավորություն:

Միաժամանակ, հարկ է նշել նաև, որ տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային բյուջեի միջոցների հաշվին կարող են և աջակցում են նման իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքներին):

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 26.03.2020 թ. «Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին» N 354-Լ որոշմամբ հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը՝ համաձայն հավելվածի։ Համաձայն հավել­վածի 1-ին կետի՝ ի թիվս այլ ոլորտների միջոցառումների հիմնական նպա­տակներից է նաև ապահովել սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերի սոցիալական անվտագությունը, աջակցել նրանց և նրանց ընտանիքների տնտեսական կայունացմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ շահառուների առանձնացված խմբերի համար արդեն իսկ գործարկվել են կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման համապատասխան միջոցառումներ, գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը չկա, իսկ դրանով  բարձրացված հարցերը հարկ է քննարկել կորոնա­վիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի շրջա­նակներում։