«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ-ՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱ-ՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-539-31.03.2020-ՊԻ-011/) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ    


«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով, այն է՝        

«3. Այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ:      

4. Հանրաքվեն վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով»:   

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Oրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝  

«5. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոշ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվերակության օրը, որը պետք է լինի կիրակի:        

Վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա և քվեարկության օրվա միջև ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից մինչև քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից: 

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի վերսկսման դեպքում մինչև կասեցման պահը կատարված գործողությունների ընթացքը շարունակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվանից:   

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ և սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց»:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով, այն է՝       

«1.1 Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչև հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:        

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք  է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը:

Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը»:        

Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն`

«1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:    

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:     

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը ռազմական կամ արտակարգ դրության պատճառով հանրաքվեի չեղարկման խնդրին անդրադառնում է երկու դրույթներում` 6-րդ հոդվածում և 12-րդ հոդվածի 5-րդ մասում: Օրենքը, սակայն, չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը, ուստի Նախագծով առաջարկվում է սահմանել այդ ընթացակարգը»:  

Վերոգրյալից պարզ է դառնում, որ Նախագծի նպատակն է սահմանել նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը:      

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին:        

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն`         
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից` Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշումն ընդունվելուց, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե: Հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակվելուց  ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո»:  

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը:

2. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:»:      

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` 

«Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո»:       

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված գործող իրավակարգավորման համաձայն`  

«Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում»:  

Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ Սահմանադրության 206-րդ հոդվածով հստակ սահմանված է հանրաքվե անցկացնելու ժամականահատվածը, այն է` հանրաքվեն անցկացվում է նշանակման օրվանից ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո: Ինչ վերաբերում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ կարգավորումներին, ապա հարկ է նշել, որ օրենսդիրը նախատեսել է հանրաքվեի գործընթացի վերաբերյալ երկու տարբերվող մեխանիզմներ՝ կախված նրանից, թե ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դրությամբ ունենք նշանակված, սակայն չանցկացված հանրաքվե, թե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո՝ մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը:        

Մասնավորապես՝ առաջին դեպքում օրենսդիրը նախատեսել է միայն հանրաքվեն անցկացում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո, իսկ երկրորդ դեպքում՝ մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողությունների ու ժամկետների կասեցում և վերսկսում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո: Այսինքն՝ օրենսդիրը մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցնելու հնարավորությունը ամրագրել է միայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը հայտարարված ռազմական կամ արտակարգ դրության դեպքում՝ ըստ էության չկարգավորելով ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելով պայմանավորված նշանակված, սակայն չանցկացված հանրաքվեի դեպքում մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետների ճակատագիրը:      Շարադրվածի համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախատեսված կարգավորումների և դրանով հետապնդվող նպատակների միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն, այդուհանդերձ, նախագծային դրույթների կիրառման ընթացքում իրավական որոշակիության ապահովման, ընտրված մեխանիզմների արդյունավետության, ինչպես նաև նախագծով հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար առաջարկում ենք Նախագիծը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 


« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ մասով.        

«5.1. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում հանրաքվեի կազմակերպման հետ կապված սույն օրենքի 4-րդ գլխի հիման վրա կայացված որոշումները շարունակում են գործել: Հանրաքվեի պատշաճ կազմակերպման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ որոշումները կարող են վերանայվել:       

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «100 000-ապատիկը» և «25 000-ապատիկը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված դեպքերի:» բառերը:  

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Սույն Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակված հանրաքվեի պարագայում հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը, իսկ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:»:        

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ   

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

2․ Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված հանրաքվեի նկատմամբ:»։