«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  (Պ-529-26.03.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանա­դրա­կան օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 13-րդ կետով, որի համաձայն՝ խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավորը իրավունք ունի ընդգրկվելու առնվազն երկու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմում և առնվազն հինգ միջխորհրդարանական բարեկամական խմբերի կազմում՝ համաձայն Ազգային ժողովի նախագահին ուղղված իր դիմումի, որում պատշաճ կերպով պետք է ներկայացված լինեն հիմնավորումներ իր կողմից նախընտրելի միջազգային խորհրդարանական կազ­մա­կեր­պու­թյուններում և բարեկամական խմբերում աշխատելու կարողության, անհրա­ժեշտ գիտե­լիք­ների և հմտությունների տիրապետման, ինչպես նաև անելիքների վերա­բերյալ:

Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքով պատգա­մա­վորը ունի խմբակցության կազմից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր հանդես գալու իրավունք, որի պարագայում նա ևս պետք է իրավունք ունենա ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների  և միջխորհրդարանա­կան բարեկամական խմբերի կազմերում:

1. Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգա­վո­րումներին:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

« 1. Պատգամավորն իրավունք ունի՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ.

3) ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում.

4) գրավոր հարցեր ուղղելու Կառավարությանը.

5) բանավոր հարցերով դիմելու Կառավարության անդամներին.

6) զբաղեցնելու իր կարգավիճակով պայմանավորված պաշտոններ.

7) ընդգրկվելու մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խմբի կազմում.

8) ընդգրկվելու իր հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կազմում.

9) դուրս գալու խմբակցության կազմից.

10) ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու.

11) հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնա­կա­ռավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց.

12) ունենալու երկու օգնական, որոնցից մեկը վճարովի, իսկ մյուսը՝ հասարակական հիմունքներով»:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերի համաձայն՝

«1. Խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով՝

(...)

13) իր անդամին առաջարկելու միջազգային խորհրդարանական կազմա­կեր­պու­թյան, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտո­նական պատվիրակության կազմում.

14) իր անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.

(...)» :

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և  3-րդ մասերի համաձայն՝

«2. Իր լիազորություններն իրականացնելիս խմբակցությունն ընդունում է որոշում­ներ:

3. Խմբակցության որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խմբակ­ցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին»:

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի  16-րդ կետի համաձայն՝

Խորհուրդը ՝

(...)

16) հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը,

(...)» :

Վերոգրյալ իրավական կարգավորումների բովանդակային և համակարգային վեր­լու­ծությունից բխում է, որ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջ­խորհրդա­րանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում իր անդամին առաջարկելու իրավունքը օրենսդիրը վերապահել է խմբակցությանը՝ կարևորելով վերջիններիս կազմում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական որակյալ կազմ ունենալու հանգա­մանքը: Ընդ որում, խմբակցությունների կողմից՝ իր անդամին հիշյալ կազմերում  առաջարկելու իրա­վունքը իրացվում է բարդեցված ընթացակարգերով, մասնավորապես՝ խմբակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպության,  միջխորհրդարանական հանձնա­ժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում իր անդամին առաջարկելու վերաբերյալ ընդունում է որոշում՝ քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամաս­նու­թյամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Այնուհետև նրանց թեկնածությունը ներկայացվում է Ազգային ժողովի խորհրդին, որն էլ հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդա­րանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը:

Վերոգրյալից բխում է, որ միջազգային խորհրդարանական կազմակերպության,  միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատ­վիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում պատգա­մավորի  ընտրությունն իրականացվում է կոլեգիալ մարմնի որոշման հիման վրա և դրա արդյունքում, այսինքն՝ վերջինս հիշյալ կազմակերպություններում կամ կազմում ընտրվում է ոչ թե Ազգային ժողովի պատգամավորին տրված լիազորության, այլ՝ խմբակցությանը օրենքով տրված իրավունքի իրացման արդյունքում, ինչն էլ ապահովում է այդ գործըն­թացի օբյեկտիվությունը և պատշաճ իրականացումը: Հետևաբար գտնում ենք, որ պատգամավորին նման իրավունք վերապահելը չի բխում օրենսդրի՝ Օրենքի հիմքում դրած նպատակներից:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորի՝ խմբակցության կազմից դուրս գալու իրավունքին և դրա արդյունքում միջազգային խորհրդարանական կազմակեր­պու­թյան,  միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում ընդգրկվելու հնարավորությունից զրկվելու վերաբերյալ նախագծի հեղինակի վկայա­կոչած փաստարկներին, գտնում ենք, որ օրենսդրի կողմից խմբակցության կազմից դուրս գալը դիտարկվում է որպես բացառիկ դեպք և չի ենթադրում օրենքով խմբակցությանը վերապահված բոլոր, այդ թվում՝ նախագծով նախատեսված լիազորության ուղղակիորեն  փոխանցում պատգամավորին:

Ինչ վերաբերում է պատգամավորի՝ միջազգային խորհրդարանական կազմակեր­պու­թյան,  միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտո­նական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում ընդգրկվելուն՝ համաձայն Ազգային ժողովի նախագահին ուղղված իր դիմումի, որում պատշաճ կերպով պետք է ներկայացված լինեն հիմնավորումներ իր կողմից նախընտրելի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում և բարեկամական խմբերում աշխատելու կարողության, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետման, ինչպես նաև անելիքների վերաբերյալ, ապա պետք է նշել, որ Ազգային ժողովի նախա­գահի լիազորությունները հստակ նախատեսված են Օրենքով, և պատգամավորի աշխա­տելու կարողությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետումը  գնա­հա­տելու լիազորություն Ազգային ժողովի նախագահին տրված չէ:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է՝ սույն առաջարկությամբ բարձրացված խնդիրների համատեքստում: