«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-522-24.03.2020-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն`

  1. Հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոններն զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
  2. Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի` պետական և համայնքային:
  3. Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների` քաղաքական, վարչա­կան, ինքնավար և հայեցողական:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

  1. Ինքնավար պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով սահմանված որոշակի ժամանակահատվածով նշանակովի կամ ընտրովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակ­ներում կոլեգիալ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև անհատական հիմունք­ներով անկախության սկզբունքի հիման վրա ընդունում է որոշումներ, օրենքով նախա­տես­ված դեպքերում համակարգում դրանց կատարումը, ինչպես նաև պատասխա­նատ­վու­թյուն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

  1. Ինքնավար պաշտոններն են Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմա­նադրական դատարանի դատավորների, անկախ պետական մարմինների անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրական պետական խորհրդի անդամ­ների, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխա­վոր դատախազի և դատախազների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավար­ների տեղակալների, քննիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնները:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի համաձայն`

  1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների երաշխիք­ներն են`

1) պաշտոնական (ծառայողական) պարտականությունների կատարման համար անվտանգ, առողջության համար անվնաս և անհրաժեշտ աշխատանքային պայմանները.

2) վարձատրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախա­տես­ված այլ վճարները.

3) ամենամյա վճարովի արձակուրդը.

4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալա­կան ապահովագրությունը.

5) պաշտոնական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հաշման­դա­մու­թ­յան դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապա­տաս­խան վճարով ապահովելը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

7) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանսպորտային, բնակարա­նային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը:

  1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին Հայաս­տա­նի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

«Դատախազության մասին» օրենքի 64-րդ հոդվածի համաձայն`  Դատախազների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

Վերոգրյալ դրույթների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ դատախազները ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի դասվում են ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց շարքին, և այդ կարգավիճակով պայմանավորված էլ օրենքով նրանց համար սահմանված են որոշակի սոցիալական երաշխիքներ:

Տվյալ պարագայում անդրադառնալով հանրային պաշտպանների կարգավիճակին և նրանց կողմից իրականացվող գործունեությանը, հարկ ենք համարում նշել հետևյալը`

«Փաստաբանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն`

«Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով»:

«Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային պաշտպանություն է համարվում սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը:

«Փաստաբանության մասին» օրենքի 42-րդ հոդվածի համաձայն`

  1. Հանրային պաշտպանությունն իրականացվում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով:
  2. Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանների պալատի կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում է, որը կազմված է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարից, երկու տեղակալից, հանրային պաշտպաններից և օժանդակ անձնակազմից:
  3. Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների քանակը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման սահմաններում:

«Փաստաբանության մասին» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն`

  1. Հանրային պաշտպան է համարվում հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանը, որը գործում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ` պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա:
  2. Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով կարող է սահմանվել մրցույթ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:

«Փաստաբանության մասին» օրենքի 45-րդ հոդվածի համաձայն`

  1. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունը:…():
  2. Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է փաստաբանների պալատի նախագահը:
  3. Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև հանրային պաշտպանի գրասենյակի գործու­նեության ապահովման հետ կապված այլ ծախսեր: Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:
  4. Հանրային պաշտպանի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երևան քաղաքի համայնքի դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Անհրաժեշտության դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Այդ դեպքում փոխհատուցվող գումարի չափը սահմանվում է Երևան քաղաքի համայնքի դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:
  5. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում՝ հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:
  6. Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների և հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով՝ անկախ հանրային պաշտպանների կատարած փաստացի ծախսերից:

Վերոգրյալ դրույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձի՝ փաստաբանի կողմից: Ինչ վերաբերում է հանրային պաշտպանությանը, ապա այն, ըստ էության իրականացվում է փաստաբանական պալատի կազմում գործող հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների միջոցով, որոնց նպատակն անվճար իրավաբանական օգնության տրամադրումն է օրենքով նախատեսված դեպքերում:

Տվալ պարագայում անդրադառնալով հանրային պաշտպանի գրասենյակի կողմից իրականացվող գործունեությանը, պետական բյուջեի միջոցների հաշվին վերջինիս ֆինանսավորմանը, հարկ է նկատել, որ նման իրավակարգավորման առկայությունը պայմանավորված է Հայաստանի Հանրա­պետության Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգավորմամբ, այն է` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Այսինքն, ակնհայտ է, որ պետությունը ֆինանսավորում է փաստաբանական պալատի կազմում գործող հանրային պաշտպանի գրասենյակին՝ անձի անվճար իրավաբանական օգնություն ստանալու Հայաստանի Հանրա­պետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի իրացման նպատակով միայն:

Տվյալ դեպքում անդրադառնալով նախագծով նախատեսված այն կարգավորմանը, որով առաջարկվում է պետական բյուջեից փոխհատուցվող ծախսերի շարքում ներառել նաև լրացուցիչ աշխատավարձի գումարները` նպատակ ունենալով հավասարեցնել հանրային պաշտպաններին և դատախազներին տրվող վարձատրությունը, հարկ ենք համարում նշել, որ դա չի բխում հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման նպատակներից:

Նախագծի հիմնավորման մեջ նշված այն պնդումը, որ հանրային պաշտպաններին, բացի հիմնական աշխատավարձից, պետք է տրվի նաև լրացուցիչ աշխատավարձ՝ «Փաստաբանության մասին» օրենքի և «Պետական պաշտոններ և պետական ծառայու­թյան պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի դրույթների լույսի ներքո (հանրային պաշտպանների և դատախազների իրավական կարգավիճակ­ներին և վերջիններիս կարգավիճակներով պայմանավորված նրանց տրվող սոցիալական երաշխիքների տարբերության առումով) անընդունելի է: Այս առումով հարկ է նաև նկատել, որ փաստաբանական գործունեության անկախությունն ինքնին երաշխավորում է փաստաբանի, այդ թվում` հանրային պաշտպանի կողմից այլ եկամուտներ ստանալու հնարավորությունը, մինչդեռ նույն դատախազների պարագայում առկա են վերջիններիս զբաղեցրած պաշտոնից բխող սահմանափակումներ: Հետևաբար միայն այն հանգա­մանքը, որ հանրային պաշտպանը և դատախազը քրեական դատավարության մրցակից կողմեր են, չի նույնացնում վերջիններիս իրավական կարգավիճակները և դրանից բխող նրանց տրվող սոցիալական երաշխիքները:

Տվյալ դեպքում անդրադառնալով նաև Հայաստանի Հանրապետության աշխատան­քային օրենսգրքով լրացուցիչ աշխատավարձի՝ ներառյալ հավելավճարների վերաբերյալ առկա օրենսդրական իրավակարգավորումներին հարկ ենք համարում նշել հետևյալը.

Հայաստանի Հանրա­պետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

« 3. Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ աշխատավարձը:

Հիմնական աշխատավարձը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխա­տան­քային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահման­ված վարձատրության չափն է:

Լրացուցիչ աշխատավարձը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելում­ները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումներն են:

Հավելումը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու և (կամ) արտաժամյա և (կամ) գիշերային աշխատանքների և (կամ) հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար:

Հավելավճարը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար:

Լրավճարը, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավա­կան ակտով նախատեսված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձից, հավելումից, հավելավճարից և պարգևատրումից բացի, աշխատողին վճարվող ցանկա­ցած ձևի վարձատրությունն է:

Պարգևատրումն օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերա­զանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերակա­նու­թյամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է:

Ներկայացված դրույթների շրջանակում քննարկման առարկա դարձնելով  և դիտարկելով Հանրային պաշտպանների նկատմամբ Հայաստանի Հանրա­պետության աշխատանքային օրենսգրքով սահմանված լրացուցիչ աշխատավարձի, մասնավորապես՝  լրավճարների վերաբերյալ առկա իրավակարգավորումները, հարկ ենք համարում նշել, որ անգամ այս պարագայում, հիշյալ կարգավորումները  հանրային պաշտպանների նկատմամբ  կիրառելի չեն՝ ելնելով վերջիններիս կարգավիճակից, հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման նպատակ­նե­րից և սույն առաջարկությամբ արդեն իսկ ներկայացված իրավական վերլուծություններից և հիմնավորումներից:

Անդրադառնալով հանրային պաշտպանի՝ փաստաթղթերով չհիմնավորված տրանս­պորտային ծախսի ամսական թույլատրելի չափը Երևան քաղաքի և մարզերի համար  Հայաստանի Հանրա­պետության արդարադատության նախարարի կողմից հաստատելու վերաբերյալ նախագծի դրույթներին, հարկ ենք համարում նշել, որ նշված կարգավորումից պարզ չէ, թե ինչ սկզբունքով և կարգով ու ինչ հաշվարկների արդյունքում է որոշվելու  հիշյալ ծախսերի ամսական թույլատրելի չափը: Բացի այդ, նույն մասում նշված՝ ծախսի ամսական թույլատրելի չափը չգերա­զան­ցող տրանս­պորտային փոխհատուցումը չհարկելու դրույթի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրա­պետության հարկային օրենսգրքի (այսու­հետ՝ օրենսգիրք) 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկային հարա­բե­րու­թյուն­ները հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկ­ման, վճարման, հարկային պարտավորությունների հաշ­վառ­ման, իսկ օրենսգրքով սահ­ման­ված դեպքերում՝ գանձման, հարկերի ու վճարների վերա­դարձ­ման, հարկային արտո­­նություն­ների սահմանման, հարկ վճարողների, հարկային և լիա­զոր մարմինների լիա­զո­րությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկո­ղության իրակա­նաց­ման, օրենս­գրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքների դրույթ­ները խախ­տելու համար պատասխանատվության միջոցների կիրա­ռության, հար­կա­յին պարտավորու­թյուն­ների կատարման ապահովման, ինչպես նաև հարկային վեճերի լուծ­ման հետ կապված հարաբերություններն են:

Բացի այդ, օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրա­պե­տու­թյունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրա­պե­տու­­թյան Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազ­գային պայ­մանագրերով, օրենսգրքով, վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենք­ներով, դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահո­վելու նպատակով ընդուն­ված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև նույն հոդվածի 3‑րդ մասի 1-6-րդ կետերում նշված իրավական ակտերով, հետևաբար՝ Փաստաբանության մասին Հայաստանի Հանրա­պետության օրենքով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ:

Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ: