ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան
                                             

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 25.03.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-392-28.11.2019,23.03.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ Պետական - իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.

Կառավարությունը հարկ է համարում նշել, որ գործող կարգավորումների բովանդակային և համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանված են բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման հետևյալ աստիճանները` բակալավր, մագիստրոս և դիպլոմավորված մասնագետ: Տվյալ դեպքում, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 165-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթները, համաձայն որոնց՝ դատավորների թեկնածուների համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով և դատական օրենսգրքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, որի արդյունքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածով օրենսդրի կողմից սահմանվել է պահանջ, մասնավորապես՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվող անձի կարգավիճակ ձեռք բերելու համար նախատեսվել է իրավագիտության մասնագիտությամբ բարձրագույն կրթության որակավորման աստիճաններից երկուսի՝ և՛ բակալավրի, և՛ մագիստրոսի որակավորման աստիճանների առկայության պահանջը։ 

Դատավորի՝ իրավագիտության մասնագիտությամբ բարձրագույն կրթության որակավորման աստիճաններից երկուսի՝ բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճանների միաժամանակյա պահանջի առկայությունը պայմանավորված է դատական իշխանության անկախության ապահովման գործում դատավորների ընտրության կամ նշանակման համակարգի էական նշանակությամբ, դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման նպատակով դատավորների կարողությունների շարունակական զարգացման կարևորությամբ, ինչը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվական հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված  ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունից բխող 2019-2020թ. գործողությունների ծրագրի ռազմավարական ուղղություններից մեկը:

Տվյալ դեպքում նախագծով առաջարկվում է դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցելու հնարավորություն ընձեռել նաև իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող անձանց, ինչը կարող է խնդրահարույց դիտարկվել նաև Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում:

Մասնավորապես՝ Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա 2014 թվականի ապրիլի 18-ին կայացրած N ՍԴՈ-1148 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրելով, որ՝ 

«օրենսդրական անհստակությունները հանգեցրել են նրան, երբ, մի կողմից, անձն իրավաչափ ակնկալիքներով հանձնում է սահմանված քննությունները, ուսանում է մագիստրատուրայում, ստանում է պետական նմուշի դիպլոմ, սակայն հետագայում պարզվում է, որ տարբեր իրավական ակտերով նախատեսված սահմանափակումներով ինքը տվյալ մասնագիտությամբ աշխատել չի կարող, մյուս կողմից` նա մեկ կամ երկու տարում կարող է մագիստրատուրայի բարձրագույն մասնագիտական ծրագրով այլ մասնագիտություն ձեռք բերել, ստանալ պետության կողմից սահմանված նմուշի համապատասխան դիպլոմ` առանց անհրաժեշտ կրեդիտների կուտակման: /…/ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասում` ընդհուպ անհրաժեշտ կրեդիտների առկայության պարագայում, իրավակիրառ պրակտիկայի կողմից տրվող մեկնաբանությամբ, գործնականում արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական որակավորում ունեցող անձի /մագիստրոսի/` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը: /.../ Նման վիճակը, իր հերթին, հանգեցրել է նրան, որ, ինչպես նշվեց, վեճի առարկա իրավադրույթը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է, չի համապատասխանում իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին, ինչպես նաև չի ապահովում իրավունքի էության անձեռնմխելիության սահմանադրաիրավական երաշխիքի իրացումը:»

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասը` այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել է Սահմանադրության 1-ին, 3-րդ, 43-րդ /2-րդ մաս/ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների բովանդակային և համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ որոշակի դեպքերում ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի իրավունքների արգելափակումը խնդրահարույց է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, չի համապատասխանում իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին, ինչպես նաև չի ապահովում իրավունքի էության անձեռնմխելիության սահմանադրաիրավական երաշխիքի իրացումը: Այսինքն՝ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների առկայության պարագայում՝ կարող է քննակվել նաև իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող անձանց դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հնարավորությունը, ինչը մտահոգության տեղիք է տալիս և անըդունելի է սույն առաջարկությամբ բարձրացված խնդիրների տեսանկյունից: 

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցող անձանց ներկայացվող ներկայիս պահանջները բխում են վերջիններիս սահմանադրաիրավական կարգավիճակից, ինչպես նաև նրանց վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակից:     
        

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ