ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

                                      
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 25.03.2020թ. առաջին ընթերցմամբ ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Խ-3432-05.11.2019,17.03.2020-ՖՎ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու համար.                    

1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ ենթակետից առաջ անհրաժեշտ է հանել «2.» թիվը՝ համապատասխանաբար խմբագրելով Նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարակալումը: Բացի այդ, Նախագծի 13-րդ հոդվածին հաջորդում է 15-րդ հոդվածը, ուստի հոդվածների համարակալումը ևս ունի խմբագրման կարիք:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ սահմանվող «կազմակերպություն» հասկացության շրջանակում չի ընդգրկվել «ավտոապահովագրողների բյուրո» հասկացությունը, ինչը նշանակում է, որ Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ ներկայացված պահանջները, փաստորեն, դուրս են մնում Հաշտարարի գործունեության տիրույթից, ինչն անընդունելի է: 

3. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով լրացվող նոր 11-րդ կետում «ֆինանսական կազմակերպությունների» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Կազմակերպություննների» բառով, քանի որ Օրենքի 2-րդ հոդվածում՝ որպես հիմնական հասկացություն, սահմանվում է ոչ թե ֆինանսական կազմակերպության, այլ կազմակերպության հասկացությունը:  

4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով լրացվող 9.1-րդ մասից  հանել իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը ներկայացնելու պահանջը:          

5. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «կամ հնարավոր գույքային պահանջի չափը (առկայության դեպքում)» բառերով: Գտնում ենք, որ «հնարավոր գույքային պահանջ» եզրույթը ենթադրում է պահանջի առարկան միայն մոտավոր որոշելու հնարավորություն, ինչը կարծում ենք՝ նպատակահարմար չէ: Ուստի գտնում ենք, որ առաջարկվող լրացման անհրաժեշտությունը բացակայում է:         

6. Նախագծի 11-րդ հոդվածով լրացվող 14.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հաճախորդը պահանջ ներկայացնելիս այդ պահանջի մեջ նշում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակի մասին: Գտնում ենք, որ Նախագծով անհրաժեշտ է հստակեցնել, թե հաղորդակցության որ եղանակն է կիրառվելու այն դեպքում, երբ հաճախորդի պահանջի մեջ հաղորդակցության նախընտրելի եղանակը, այնուամենայնիվ, նշված չէ:        

 7. Նախագծի 13-րդ հոդվածով առաջարկվող կարգավորման համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի նշանակման վերաբերյալ որոշումն ընդունվում է Խորհրդի առնվազն 5 անդամների ձայներով՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ և ուժի մեջ է մտնում գործող Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունների ավարտի հաջորդ օրվանից, բացառությամբ Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:   

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով կարգավորվել այն հարցը, թե արդյոք առաջարկվող կարգավորումը տարածվում է ներկայումս գործող հաշտարարի վրա՝ հաշվի առնելով գործող հաշտարարի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ըստ Նախագծի 23-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո Խորհրդի անդամների լիազորությունները դադարելու են:          

8. Նախագծի 17-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Խորհրդի նոր անդամը պետք է նշանակվի խորհրդի անդամի լիազորությունների դադարումից ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ սույն հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: 

Հարկ է նշել, որ Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող անցումային դրույթի համաձայն՝ գործող խորհրդի անդամների լիազորությունը դադարում է 2021 թ. հունվարի 1-ից: Այս առումով առաջարկում ենք նշված անցումային դրույթում հստակեցնել՝ արդյոք Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումը կիրառվելու է 2021 թ. հունվարի 1-ից երեք ամիս առաջ, և Խորհրդի որ կազմն է ընտրելու Հաշտարարին:         

9. Նախագծի 17-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կազմակերպությունների միությունների և սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից Խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Այս կակապցությաբ Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է  նախատեսել նշված կարգի ընդունման ժամկետը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:

10. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող «(բացառությամբ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների)» բառերի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Նախագծով սահմանվող «կազմակերպություն» հասկացությունը չի ներառում վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունները:     

11. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով առաջարկվող կարգավորման կապակցությամբ Նախագծի անցումային դրույթներում անհրաժեշտ է  սահմանել, թե Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ինչ ժամկետում և որ տարվա համար պետք է կատարվի նախատեսվող 140 000 դրամի վճարումը:           

12. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով առաջարկվող «, բացառությամբ այն ապահովագրական բրոքերների, որոնք ծառայություններ են մատուցում բացառապես ապահովագրական ընկերություններին» բառերի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վերջիններս արդեն իսկ ներառվում են Նախագծով սահմանվող «կազմակերպություն» հասկացության մեջ:           

13. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով սահմանված է, որ ԱԱՀ-ից ազատվում է նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառնությունների իրականացումը։ Այդ կապակցությամբ, հարկ է նշել, որ ինչպես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, այնպես էլ այդ օրենքում փոփո-խություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից որևէ գործառնության իրականացում նախատեսված չէ։ Բացի այդ,  «գործառնության իրականացում» արտահայտությունը ՀՀ հարկային օրենսգրքում կիրառվում է առավելապես ապրանքների ներմուծման և արտահանման իմաստներով։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.            

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55-րդ կետով.     

«55) ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայությունների մատուցումը:»:          

14. Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվել է, որ անցումային դրույթները տարածվում են միայն ԱԱՀ-ից ազատման արտոնության վրա։            

ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվանից ծագած հարաբերությունների մասով Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չհամարելու և դրանց հաշվին կատարվող ծախսերը շահութահարկով հարկման նպատակով ծախս չհամարելու հարցերը հստակեցնելու և հնարավոր տարակարծություններից ու վեճերից խուսափելու նպատակով գտնում ենք, որ  ամբողջ օրենքի գործողությունն անհրաժեշտ է տարածել 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:  

Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.      

«Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա»:         

15. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չունենք:


            Հարգանքով՝

                                                        ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ