«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-513-12.03.2020-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության նկատառումները հանգում են հե­տևյալին.

1. Նախ ընդունելի չէ այն մոտեցումը, որ նախագծով առաջարկվում է փաս­տա­բա­նի գործունեությանը միջամտելու և նրան սպառնալու համար նախատեսել քրեաիրա­վական ներգործության միևնույն միջոցները։ Բանն այն է, որ քրեական օրենսդրությամբ որևէ հանցագործության համար պատժի տեսակ և չափ որոշելիս, ի թիվս այլնի, հաշվի է առնվում հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և վեր­ջինիս բնույթը։ Սպառնալը և միջամտելը բնութագրվում են որպես հանրային վտան­գավորության տարբեր աստիճան և բնույթ ունեցող արարքներ։ Հետևաբար, անհրա­ժեշտ է այս արարքների համար օրենսգրքում նախատեսել տարբեր սանկցիաներ։ Հար­ցի վերաբերյալ տրամաբանորեն համանման մոտեցում է դրսևորվել օրենսգրքում և քրեական նոր օրենսգրքի նախագծում։

2․ Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել փաստաբանին սպառնալու համար՝ չհստակեցնելով, թե սպառնալիքի կոնկրետ որ դրսևո­րումների դեպքում է վրա հասնում քրեական պատասխանատվությունը։ Կարծում ենք՝ անհրաժեշտ է ապահովել իրավական որոշակիությունը, քանի որ նման ձևա­կերպումը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ՝ անհարկի ընդլայ­նելով այս նորմի կիրառման տիրույթը։ Այս առումով առավել ընդունելի է քրեական նոր օրենսգրքի նախագծում առկա ձևակերպումը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսված որոշակի խումբ անձանց (այդ թվում՝ փաստաբանի) մասին արա­տա­վորող կամ վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի համար։    

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է պատասխանատվություն նախատեսել դատա­խազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին սպառնալու համար, որպեսզի ապա­հովվի վարույթի քննարկվող սուբյեկտների իրավունքների հավասար պաշտպա­նությունը։ Բացի այդ, կարծում ենք՝ սպառնալիքը կարող է ուղղված լինել ոչ միայն վե­րոնշյալ անձանց, այլ նաև՝ վերջիններիս մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվող անձի նկատմամբ։ Այսպիսով՝ անհրաժեշտ է պատասխանատվություն նախատեսել նաև վեր­ջին­ներիս դեմ ուղղված սպառնալիքի համար։         

3․ Ինչ վերաբերում է զրպարտության կամ վիրավորանք հասցնելու համար քրեա­կան պատասխանատվություն սահմանելուն, ապա հատկանշական է, որ Եվրո­պայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում, վեհաժողովը, այնուա­մենայ­նիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածու­թյամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը[1]:

Վեհաժողովը նաև հստակ մոտեցում որդեգրեց առ այն, որ զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ պետություններին`

  - անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահ­մանված ազատազրկումը,

  - սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով այնպես, որ պատասխանատու մամուլի կեն­սու­նակությունը չվտանգվի,

  - ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:  

Հիշյալ բանաձևում ընդգծվեց նաև, որ հանրային շահից բխող հայտարա­րություն­ները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության, և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:

Այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղու­թյամբ (2010 թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենս­գրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղա­քացիական օրենսգիրքը լրացվեց նաև 1087.1-ին հոդվածով):    

Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ թե՛ մեր երկրում և թե՛ եվրո­պական մի շարք երկրներում վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխու­թյունների ու նոր իրավակարգավորման հիմնական տրամաբանությունը հենվում է ոչ թե մեղավորության կանխավարկածի վրա (նախատեսել պատիժ` արարքի համար), այլ անմե­ղության կանխավարկածի վրա (երաշխավորել անձի անմեղությունը` վերականգ­նելով նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը)[2]:     

Այնումենայնիվ, օրենսգիրքը, մասնավորապես՝ 344-րդ հոդվածը, դեռևս նախա­տեսում է քրեական պատասխանատվություն որոշակի խմբի անձանց նկատմամբ կա­տարված զրպարտության համար։ Հարկ է նկատել, որ քրեական նոր օրենսգրքի նա­խագծի հեղինակներն առաջնորդվել են խնդրի միասնական կարգավորման տրամա­բանությամբ՝ ապաքրեականացնելով նաև կոնկրետ անձանց դեմ ուղղված զրպար­տությունը։     

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք արձանագրել, որ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը պետությունների, այդ թվում՝ ՀՀ-ի քրեական օրենս­­դրության զարգացման հիմնական միտումներից է։ Հայաստանի Հանրապե­տու­թյունում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիա­իրա­վա­կան կարգավորման միջոցով: Նախագծով որևէ կերպ չի հիմնավորվել այդ արարք­ների համար քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցների անարդյունավետ լինելու հանգամանքը։ Այսպիսով, կարծում ենք՝ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է բավարար և արդյունավետ մեխանիզմներ անձի պատվի, արժանապատ­վության և գործարար համբավի պաշտպանության համար։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ օրենսգիրքը վիրավորանքի համար պատասխանատվություն նախատեսում է միայն դատարանի՝ որպես անկախ և անաչառ արբիտրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պարագայում (օրենս­գրքի 343-րդ հոդված)՝ պայմանավորված արդարադատության անխոչընդոտ իրակա­նաց­ման անհրաժեշտությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ կա­տարվելու դեպքում (օրենսգրքի 3322-րդ հոդված), ինչը հիմնավորվում է Մարդու իրա­վունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառութային առաքելության անշեղ իրականացման ապահովման հրամայականով: Մյուսների պարա­գայում (օրինակ՝ քննիչի, հետաքննության մարմնի աշխատակցի, դատախազի և այլն) վիրավորանքը կամ բացահայտ անհարգալից վերաբերմունքը (եթե, իհարկե, առկա չեն խուլիգանության հանցակազմի հատկանիշներ) ենթակա չեն քրեական պատասխա­նատվության:       

Ըստ էության, նախագծով որևէ կերպ չի հիմնավորվել փաստաբանին վիրա­վո­րելու կամ վերջինիս նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելու անհրաժեշտությունը, այն դեպ­քում, երբ դատախազի, քննիչի, հետաքննություն կատարող անձի կամ իրավապահ համակարգի այլ առանցքային սուբյեկտների նկատմամբ այդպիսի արարքների կա­տարումը չի հանգեցնում քրեական պատասխանատվության։

 Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով ներկայացված կարգա­վո­րումները կարող են ընդունելի լինել միայն մեր կողմից ներկայացված վերոնշյալ նկա­տառումները հաշվի առնելու դեպքում։

___________________________

[1]Parliamentary Assembly of the Council of Europe, Resolution 1577 (2007):

[2]Տե՛ս ՍԴՈ 997, 15․11․2011։