«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱ­ԲԵՐՅԱԼ (Պ-502-04.03.2020-ԱՍ-011/0) ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիա­լա­կան երաշխիքների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգա­մա­վորի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակել 65 տարին լրանալու դեպքում՝ անկախ այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածից:  

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիա­լա­կան երաշխիքների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով  (այսուհետ՝ Օրենք) սահմանված կենսաթոշակը, որպես անձի համար սահմանված արտոնություն, նշանակվում և վճարվում է որոշակի ժամանակահատված որոշակի պաշտոններ զբաղեցրած անձանց:

Օրենքով Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնը առնվազն հինգ տարի զբաղեցնելու վերաբերյալ դրույթը համապատասխանում է  Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը առնվազն մեկ սահմանադրական ժամկետ զբաղեցնելու վերաբերյալ դրույթին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերագույն խորհուրդը գործել է մինչև Սահմա­նա­դրության ընդունումը, իսկ նրա գործողության ժամկետը կազմել է 5 տարի (1990-1995 թթ.)։

Ըստ այդմ, նախագիծն ընդունվելու դեպքում կունենանք մի վիճակ, երբ Գերագույն խորհրդի պատգամավորի համար սահմանված են ավելի բարենպաստ պայմաններ, քան Ազգային ժողովի պատգամավորի համար (քանի որ, օրինակ, Գերագույն խորհրդի պատ­գամավորի պաշտոնը մեկ տարի զբաղեցրած անձը ձեռք կբերի կենսաթոշակի իրավունք, իսկ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը մեկ տարի զբաղեցրած անձը՝ ոչ)։

Հարկ է նկատի ունենալ, որ որոշակի պաշտոն զբաղեցնելու նվազագույն ժամա­նա­կահատվածի պահանջը սահմանված է վերը նշված օրենքով նախատեսված բոլոր դեպ­քերում, և միայն տվյալ պաշտոնը զբաղեցնելու փաստի հիման վրա (անկախ զբաղեցնելու ժամանակահատվածից) որևէ կատեգորիայի համար կենսաթոշակի իրավունք սահ­մա­նելը չի բխում ոլորտում վարվող քաղաքականությունից, կարծում ենք՝ որևէ կերպ հիմնավորված չէ և համահունչ չէ միջազգային պրակտիկային։

Ելնելով վերոգրյալից` նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատա­կա­հար­մար: