«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐ-ԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ-ՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-501-04.03.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱ-ԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ      


«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու-թյուններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կա-տարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաս-տանի Հանրապետության կառավարությունը հայտնում է՝ 

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է օրենքի՝    

1)  15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.       «Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում են գույքային բռնագանձումներով և գույքային բնույթ ունեցող կամ պարտապանի գույքին առնչվող հայցի ապահովման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները։  

Պարտապանի մասնակցությամբ ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթները սույն կետի հիմքով կարճման ենթակա չեն» (հոդված. 1` 2-րդ կետ),      

39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ» բառերը փոխարինել «գույքային բնույթ ունեցող կամ պարտապանի գույքին առնչվող հայցի ապահովման, գույքային բռնագանձման և գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ» բառերով (հոդվածի 2-րդ` 3-րդ կետ):

Նախագծին կից ներկայացված հիմնավորման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նման լրացումը նախագծի հեղինակները պայմանավորում են ոչ գույքային բնույթի հայցերով կատարողական վարույթների շարունակման անհրաժեշտությամբ։       Մինչդեռ «Սնանկության մասին» օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 3-րդ կետերը հայցային ապահովման կատարողական վարույթների մասով ի սկզբանե չի կարող վերաբերել գույքային պահանջներով հայցերին։ Այսինքն՝ հայցի ապահովման կատարողական վարույթները վերաբերում են միայն ոչ գույքային պահանջներին, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։ Հայցի ապահովման ինստիտուտի նպատակների հաշվառմամբ գործի վարույթը կարճելիս՝ տվյալ գործի շրջանակում կիրառված հայցի ապահովման բոլոր միջոցները ենթակա են վերացման՝ անկախ նրանից, թե ինչ բնույթի հայցապահանջ է ներկայացված եղել և քննվել: Իսկ այն դեպքում, երբ դատարանը կարճում է գործի վարույթը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 1-ին մասի 10-րդ կետի ուժով տվյալ գործի շրջանակներում հարուցված կատարողական վարույթները ևս ենթակա են կարճման: Այլ կերպ ասած՝ վերը շարադրված նորմերի գործողության ուժով գույքային բնույթ ունեցող կամ պարտապանի գույքին առնչվող հայցի ապահովման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները ենթակա են կարճման՝ քաղաքացիական գործերի կարճման ուժով:     

Անդրադառնալով այն հարցին, թե արդարացված է արդյոք օրենսդրի մոտեցումն առ այն, որ սնանկության դեպքում կարճվում են նաև ոչ գույքային պահանջներով հայցի ապահովման կատարողական վարույթները, պետք է նշել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 72-րդհոդվածի 1-ին մասի ուժով հարկադիր կատարողը կարող է որոշում ընդունել վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին՝ քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատարողական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների համար: Ընդ որում, հարկադիր կատարողը կարող է կիրառել օրենքով նախատեսված վարչական պատասխանատ-վության ցանկացած միջոց, այդ թվում՝ տուգանքի նշանակում: Նշվածը փաստում է, որ հնարավոր տուգանքի կիրառումը կարող է ազդեցություն ունենալ սնանկ ճանաչված անձի գույքային զանգվածի, նրա նկատմամբ ներկայացված պահանջների նկատմամբ: Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները կարճելու հնարավորություն, այն չի պայմանավորել այն հանգամանքով՝ արդյոք սնանկ ճանաչված անձը տվյալ կատարողական վարույթով հանդես է գալիս որպես պարտապան, թե որպես պարտատեր: Պրակտիկայում չեն բացառվում այնպիսի իրավիճակներ, երբ հարկադիր կատարողի որոշման պահանջները չկատարի նաև պարտատերը, ով արդեն մեկ այլ գործով սնանկ է ճանաչվել: Նշված տրամա-բանությունն է ընկած նաև քննարկվող հոդվածի հիմքում, քանի որ կիրառված են միայն «քաղաքացի և պաշտոնատար անձ» բառերը՝ առանց հստակեցնելու, թե նրանք ինչ կարգավիճակով են հանդես գալիս կատարողական վարույթում:    

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ հայցի ապահովման բոլոր կատարողական վարույթները, այդ թվում՝ ոչ գույքային բնույթի, կարճելու նպատակն է բացառել սնանկ ճանաչված անձի նկատմամբ, մասնավորապես, տուգանքի կիրառման հնարավոր դեպքերը, որոնք հաստատապես ազդելու են պարտավորությունների չափի և սնանկության վարույթում էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքների վրա: 

Մյուս կողմից առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել առանձին ոչ գույքային պահանջներով կատարողական վարույթների կարճման արգելքի նպատակա-հարմարության հարցը, քանի որ օրենսդիրը հայցի ապահովման կատարողական վարույթների կարճման դեպքերում չի նախատեսել որևէ բացառություններ, ուստի կարծում ենք, որ այդ հարցը ենթակա է քննարկման առանձին բնույթի գործերով։ Օրինակ՝ եթե դատարանը որպես հայցի ապահովման միջոց արգելել է երեխայի ելքը Հայաստանի Հանրապետությունից առանց երկու ծնողների համաձայնության, արդա-րացված չենք համարում նաև այս հիմքով հարուցված հայցի ապահովման կատա-րողական վարույթի կարճման հնարավորությունը՝ հաշվի առնելով դրանց առանձ-նահատուկ բնույթը և այն, որ հայցի ապահովման միջոցների չպահպանման դեպքում կարող են առաջանալ առավել ծանր կամ նույնիսկ անհաղթահարելի բնույթ ունեցող հետևանքներ.     

2) 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «դրամական կամ այլ» բառերը փոխարինել «գույքային» բառով (հոդվածի 2-րդ 1-ին մաս):         

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:    

Պետք է նկատել, որ «դրամական կամ այլ» բառերը գործածված են ոչ միայն քննարկվող դեպքում, այլ նաև, օրինակ, «Սնանկության մասին» օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, նույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, նույն հոդվածի 3-րդ մասի «դ» կետում: Ուստի նման պայմաններում օրենսդրական տեխնիկայի վերը նշված կանոնների ուժով հիմնավորված չէ «Սնանկության մասին» օրենքի  39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «դրամական կամ այլ» բառերի փոխարինումը «գույքային» բառով՝ հաշվի առնելով, որ նույն միտքն այս դեպքում կարտահայտվի տարբեր եզրույթներով, ինչը դրա կիրառման ընթացքում հակասությունների տեղիք կտա, 

3) 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «պարտապանի դեմ պարտատերերի» բառերից հետո լրացնել «գույքային» բառը (հոդված 2-րդ 2-րդ մաս)։

Պետք է նշել, որ «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնա-գանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտ-րաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտա-տերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։   

Այս նորմի երկու մասերը, այն է՝ «կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը» ու «պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով», միմյանց հետ կապված են «և» շաղկապով: Ասվածը վկայում է, որ շաղկապից առաջ շարադրված դեպքերում է միայն, որ պարտատերերը ձեռք են բերում սնանկության վարույթի շրջանակում պահանջ ներկայացնելու հնարավորություն: Իսկ հոդվածի մեկնաբա-նությունը ցույց է տալիս, որ խոսքը վերաբերում է պարտապանից գումարի բռնա-գանձման կամ գույք հանձնելու պահանջներին: Հետևաբար, հիմք ընդունելով նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված մեկնաբանման կանոնները, մասնավորապես, այն ամբողջ հոդվածի իմաստով դրա տառացի նշանակությունից մեկնաբանելու հրամայականը՝ «գույքային» բառի ավելա-ցումը հիմնավորված չէ: Բացի այդ, կարևոր է նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը նորմատիվ իրավական ակտերում հրաժարվել է «գույքային պահանջներ» բառերից՝ այն փոխարինելով «դրամական պահանջներ» բառերով (այս մասին վկայում է ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, այնպես էլ «Պետական տուրքի մասին» օրենքի ընդհանուր վերլուծությունը):     

2. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է տվյալ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետում լրացնել հետևյալ նախադասությունը՝ «Պարտապանի մասնակցությամբ ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթները սույն կետի հիմքով կասեցման ենթակա չեն», իսկ նույն օրենքի 42-րդ հոդվածի 8-րդ կետը՝ հետևյալ նախադասությամբ՝ «Պարտապանի մասնակցությամբ ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթները սույն կետի հիմքով կարճման ենթակա չեն»։

Ինչպես արդեն վերը նշեցինք, բոլոր կատարողական վարույթները, այդ թվում՝ ոչ գույքային բնույթի, կարճելու նպատակն է բացառել սնանկ ճանաչված անձի նկատմամբ, մասնավորապես, տուգանքի կիրառման հնարավոր դեպքերը, որոնք հաստատապես ազդելու են պարտավորությունների չափի վրա: