«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Փաստաթղթային կոդ՝ Պ-416-09.12.2019,28.02.2020-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ

 

 1.«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի  (Պ-416-09.12.2019,28.02.2020-ՏՀ-011/1) 1-ին հոդվածով լրացվող 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական և մասնագիտական օգտագործման ապրանքներ՝ նշված անձանց պատկանող նախկինում օգտագործված ապրանքներ (բացառությամբ՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների), որոնք նախատեսված են ֆիզիկական անձի՝ անձնական, ընտանեկան, տնային, մասնագիտական եւ այլ կարիքների համար, ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ, անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝ յուրաքանչյուր տեսակից 1 միավորից ոչ ավելի քանակությամբ, որոնք գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո նախկին բնակության երկրում առնվազն 6 ամսվա ընթացքում՝ նախքան ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչելու փաստը հաստատող կամ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ունենալու փաստը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ»:

  1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ`

«Մասնագիտական օգտագործման ապրանքներ` ապրանքներ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործման համար և Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով առաքման կամ այլ եղանակով»:

  1. Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասի «5000 եվրոն» բառերը փոխարինել «10000 եվրոն» բառերով:
  2. Նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ`

  «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստանի Հանրապետություն ներմուծել 20000 եվրոն չգերազանցող արժեքով, օգտագործված և մասնագիտական գործունեության մեջ կիրառվող ապրանքներ, եթե նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը դիտարկվող ժամանակահատվածում առնվազն 12 ամիս բնակվել է օտարերկրյա պետությունում»:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն առաջարկի ներկայացման նպատակը, սփյուռքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, հայրենիք վերադառնալու և իրենց գործունեությունը հայրենիքում շարունակելու ցանկություն ունեցող մեր բազմաթիվ հայրենակիցներին օրենսդրական այս փոփոխությամբ սահմանվող արտոնություններից օգտվելը հասանելի դարձնելն է:  

Բացի հայրենադարձության ապահովումից սույն առաջակի ընդունումը կնպաստի գործարարության տարբեր ոլորտներում կիրառվող միջազգային փորձին, նորագույն տեխնոլոգիական ձեռքբերումներին ՀՀ տնտեսվարողներին հաղորդակից դարձնելուն:

Ներկայացված նախագծով տրող կարգավորումները ամբողջությամբ չեն կարող ծառայել իրենց հիմնական նպատակի իրականացմանը, մասնավորապես սփյուռքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և հայրենադարձվել ցանկացող անձի վրա դրվում է հավելյալ բեռ, պայմանավորված իր մասնագիտական գործունեության մեջ օգտագործվող սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբերման հետ: