«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-483-20.02.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «նախագծով նախա­տեսված լրացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորմամբ, որի համաձայն՝ ամուս­նության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները: Սակայն իրավունքների ինքնուրույն իրականացման համար պարտադիր է անձի գործունակ լինելը: Գործունա­կության ձեռքբերման ընդհանուր կանոնից նախատեսված բացառությունն առ այն, որ այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից, բխում է Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասից:

Բացի այդ նշվում է նաև, որ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանվում է ամուսնության ավելի ցածր տարիքի հնարավորություն, մասնավորապես՝ անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:

Վերոգրյալի կապակցությամբ նախագծի հեղինակները գտնում են, որ գործող իրավա­կարգավորումը հնարավորություն չի տալիս նրանց գործունակ ճանաչել և ծնողական իրավունքներն ինքնուրույն իրականացնելու հնարավորություն չի նախա­տ­ե­սում, հետևաբար Հայաստանի Հանրա­պետության ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվա­ծով նախատեսված կարգավորման գործնական կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է Քաղաքացիական օրենսգրքում նախատեսել անչափահասներին գործունակ ճանաչելու ևս մեկ հնարավոր եղանակ:»:

Այս առումով անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական  կարգա­վո­րումները, այսպես՝

Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝

  1. Քաղաքացու գործունակությունն իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտա­կա­նու­թյուններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունն է (քաղաքա­ցիա­կան գործունակություն), որը լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:
  2. /…/
  3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝

  1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Վերոգրյալ կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ նշված օրենքների ընդհանուր կանոնի համաձայն՝ քաղաքացիական գործունակության ձեռքբերման, ինչպես նաև ամուսնության կնքման համար անհրաժեշտ պահանջ է համարվում  քաղաքացու տասնութ տարեկան դառնալու հանգամանքը:

Հարկ է նշել նաև, որ Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ ամրագրված է, որ ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաև նրանց մայրությունը և (կամ) հայրությունը որոշելիս ծնողներն ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները: Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ և ամուսնության համար տարիքը, և լրիվ գործունակություն ձեռք բերելու տարիքը տասնութ տարեկանն է, ուստի Քաղաքացիական օրենսգրքի և Ընտանեկան օրենսգրքի հիշյալ կարգավորումների մեջ որևէ հակասություն առկա չէ:

Բացի այդ Ընտանեկան օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերու­թյամբ սահմանված է, որ մինչև անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը:

Վերոնշյալ կարգավորումից բխում է, որ մինչև ամուսնության տարիքի հասնելը (տասնութ տարեկան դառնալը) անչափահաս ծնողների երեխայի համար կարող է նշա­նակ­վել խմանակալ:

Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: