«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-482-20.02.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­­ՌԱ­­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐ­ԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1292-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ ժառանգության նկատմամբ կիրառ­վում է այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ժառանգատուն, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև բերված հիմնավորումները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1292-րդ հոդվածի 1-ին մասի գործող կարգավորման համաձայն՝ ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ինքը:

Ըստ էության նախագծով նախապատվությունը տրվում է այն պետության իրա­վուն­քին, որի քաղաքացիությունն ունի ժառանգատուն։

Անհրաժեշտ է նշել, որ նախագծով ներկայացված հիմնավորումը թերի է, մասնա­վո­րապես, այն հանգում է միայն Հայաստանի Հանրապետության բնակչության հոսունու­թյունը վկայակոչելուն։ Նշված հիմքով նախագծի հիմնավորումները հնարավորություն չեն տալիս առաջարկվող կարգավորումների մասով պատկերացնել առկա իրավիճակը և առաջարկվող փոփոխությունների նպատակը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրու­թյունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատա­րանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունու­թյունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշ­տու­թյունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկ­տին իր վարքագիծը համա­պա­տասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմին­ների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:

Ըստ էության նախագծի ընդունման պարագայում կստացվի, որ կկարգավորվեն օտարերկրյա քաղաքացիների ժառանգության հետ կապված հարաբերությունները, սա­կայն արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիների ժառան­գու­թյան հետ կապված հարաբերությունները նախագծով չեն կարգավորվի, քանի որ օտարերկրյա պետություններում հնարավոր են օրենսդրական այլ կարգավորումներ։

Հետևաբար, հիմնավորմամբ նշված նպատակը նախագծի ընդունմամբ չի իրա­կանացվի:

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիական օրենսգրքի 1293-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի ժառանգությունը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը: Ուստի, անշարժ գույքի մասով միջազգային մասնավոր հարաբերություններն արդեն իսկ ունեն պատշաճ կարգավորում։

Բացի դրանից, նախագծով նախատեսված փոփոխությունը հակասում է Հայաս­տանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերին: «Քաղա­քա­ցիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» ԱՊՀ անդամ պետությունների միջև կնքված 1993 թվականի հունվարի 22-ի կոնվենցիայի 45-րդ հոդվածի համաձայն՝ գույքի ժառանգման իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ժառան­գա­տուն ունեցել է վերջին մշտական բնակության վայր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիներից շատերը մշտապես կամ առավե­լա­պես  բնակվում են ԱՊՀ անդամ պետություններում, նախագծով առաջարկվող փոփո­խու­թյունը կհանգեցնի օրենսդրական հակասությունների: