«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-430-20.12.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կառավարության առաջարկությունները «Տեղական ինք­նակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախևառաջ հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող՝ նվիրատվության պայ­մանագրի կնքված համարվելու պահին վերաբերող ձևակերպումը խնդրահարույց է ՀՀ քա­ղաքացիական օրենսգրքի՝ պայմանագրի կնքման պահին վերաբերող կարգա­վորում­ների հետ հակասության տեսանկյունից:

Այսպես՝ նշված օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

Նույն օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե օրենքին համա­պա­տասխան պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, ապա պայմա­նագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից:

Օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությունն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

Նվիրատվության պայմանագրի օրենսդրական բնորոշումից բխում է, որ այն կարող է հանդես գալ և՛ որպես կոնսենսուալ, և՛ որպես ռեալ պայմանագիր, այսինքն՝ այս պայ­մանագիրը կարող է կնքված համարվել, համապատասխանաբար, կա՛մ կողմերի միջև համաձայնություն կայացնելու, կա՛մ նվիրատվության առարկան նվիրառուին հանձնելու պահից:

Վերոշարադրյալ նորմերի համադրված վերլուծությունից ակնհայտ է, որ օրենս­գիրքը հստակ սահմանել է նվիրատվության պայմանագրի կնքված համարվելու պահը, այն է՝ կամ նվիրատուի և նվիրառուի միջև համաձայնություն կայացնելու պահը, կամ նվիրատվության առարկան նվիրառուին հանձնելու պահը, ուստի նախագծով նախա­տեսվող կարգավորումն առ այն, որ նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված միայն համայնքի ավագանու կողմից նվիրատվության ընդունմանը հավանություն տալու դեպքում, չի բխում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ կարգավորումներից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով օրենքի   18-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող 23.1-ին կետը շարադրել հետևյալ խմբա­գրու­թյամբ.

«23.1) իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպ­քում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը.»:

Բացի այդ, առաջարկում ենք սահմանել ավագանու հավանությանը ներկայացվելիք նվիրատվության գումարի (ապրանքների դեպքում՝ արժեքի) ստորին շեմ՝ այդ շեմից ցածր գումարի (արժեքի) դեպքում ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտությունը բացա­ռելու համար: