«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱ­ՑՈՒՄ­ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱ­ՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-461-01.02.2020-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Զինվորական ծառայու­թյան և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է, ելնելով ընտանեկան պայմաններից, 6 ամիս ժամ­կետով տարկետում տրամադրել հայտարարված զորակոչին զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում:

Նախագիծը ներկայացնելը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ընտանիքի անդամի մահվան դեպքում խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը, և տարկետման տրամադրման նպատակն է ժամանակային առումով քաղաքացուն հնարա­վո­րու­թյուն տալ վերականգնելու այդ հավասարակշռությունը, այլ կերպ ասած՝ համա­կերպվել ընտանիքի անդամի կորստի փաստին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունելի ու հասկանալի է համարում առաջարկ­վող լրացումը, ուստի, սկզբունքային առարկություններ չունի նախա­գծի վերաբերյալ:

Միաժամանակ հայտնում ենք, որ կատարվող լրացման արդյունքում որոշակի անհավասարություն է առաջանալու պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի նկատմամբ, ում ընտանիքի անդամի մահվան դեպքում այդ զին­ծա­ռայողին տրվում է 5 օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ համա­ձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի: Բացի դրանից, առաջարկում ենք նախա­գիծն ամբողջացնել՝ համապա­տասխան լրացումներ կատարելով նաև «Զինվորական ծառա­յու­թյան և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քի 25-րդ (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպումն ապահո­վող մարմինները) հոդվածում:

 Ելնելով շարադրվածից և հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոն­ները՝ առաջարկում ենք նախագծի հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսու­հետ՝ օրենք) 24-րդ հոդվածում՝  
           

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.       
           

«1.1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարար­ված զորակոչից վեց ամիս ժամկետով տարկետում տրվում է այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր) մահացել է հայտա­րար­ված զորակոչի ընթացքում, և քաղաքացին գրավոր դիմել է իրեն տարկետում տրամադրելու համար:».       

2) 4-րդ մասը «1-ին» բառից հետո լրացնել «, 1.1-ին» բառով:         
           

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում՝       
          

1) 2-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետը «24-րդ հոդվածի 1-ին,» բառից հետո լրաց­նել «1.1-ին,» բառով.           
           

2) 3-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը «1-ին» բառից հետո լրացնել «, 1.1-ին» բառով:
           

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»: