«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-454-29.01.2020-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում փոփոխու­թյուններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առա­ջարկվում է օրենքով սահմանել դպրոցներում «դասարանի ղեկավար» հասկացությունը և այդ պարտականությունների կատարման համար նախատեսվում է հավելավճար, որի տրամադրման կարգը  սահմանում է Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը:

Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը գտնում է, որ՝

Առաջարկվող փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հանրակրթու­թյան ոլորտի և, մասնավորապես, դասարանների ղեկավարների մասով, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքները, որ առաջարկվող կարգավորումներն ունեն լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն թե՛ սահմանման, թե՛ դրա ընդունմամբ մանկավարժա­կան աշխատողների ցանկի լրամշակման տեսանկյունից, առաջարկում ենք ներկայացվող փոփոխությունը քննարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ առաջիկայում նախատես­վող «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի համալիր և ամբող­ջական վերանայման շրջանակներում:

Հարկ է նշել, որ օրենքի 29-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրա­պետության կառավարության իրավասություններից է սահմանել ուսումնական հաստա­տու­թյուն­ների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը:

Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն ուսումնական հաս­տատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից:

Միաժամանակ հայտնում եմ, որ օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն պետական ուսումնական հաստատության տնօրենը խորհրդի քննարկմանն է ներ­կա­յացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, ար­տա­քին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, իսկ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն պետական ուսումնական հաստատության խորհուրդը տնօրենի ներկայաց­մամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներ­կայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը:

Փաստացի, ուսումնական հաստատությունները պետական բյուջեից ֆինանսավո­րում ստանում են կախված սովորողների թվից, հետևաբար որքան քիչ են սովորողները, այնքան քիչ է ֆինանսավորումը, ուստի ուսումնական հաստատության որևէ աշխատակցի համար հավելավճարի սահմանումը լրացուցիչ ֆինանսական բեռ կդառնա հիշյալ ուսում­նական հաստատությունների համար, իսկ ֆինանսական միջոցների առկայության դեպ­քում օրենքի վերը նշված դրույթների համաձայն ուսումնական հաստատության տնօրենը խորհդի հավանությամբ կարող է սահմանել հավելավճարներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը նպատակահարմար չի գտնում ուսումնական հաստատության որևէ աշխատակցի համար օրենքով առանձին ֆինանսա­վորման կամ հավելավճար տրամադրելու կարգ սահմանել՝ ի նկատի ունենալով նաև այն հանգանքը, որ օրենքով արդեն իսկ ամրագրված է, որ ուսումնական հաստատություն­ների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը, հետևաբար նա­խագծով ներկայացված առաջար­կու­թյունը կարող է կանոնակարգվել Հայաստանի Հան­րա­պետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հան­րա­պետության պետական հանրակրթա­կան ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2001 թվականի օգոս­տոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորց­րած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման շրջանակում:  

Նախագծի 1-ին հոդվածի վերաբերյալ, որով օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է սահմանել «դասարանի ղեկավար» հասկացությունը, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրա­պետության կառավարության կողմից ներկայացված սույն առարկու­թյուն­ները հաշվի առնելով նախագծի 2-րդ հոդվածը հանելու դեպքում 1-ին հոդվածի ընդունումը կկորցնի իր նշանակությունը, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքում «դասարանի ղեկավար» պաշտոնը հիշատակված չէ, հետևաբար նշված հասկացություն սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:

Այդուհանդերձ, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաս­տանի Հանրա­պետության օրենքի պահանջները, անհրաժեշտ է՝

  1. Նախագծի վերնագրից հանել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ» բառերը:
  2. 1-ին հոդվածում «2009 թ. հուլիսի 10-ին ընդունված Հայաստանի Հանրապետու­թյան «Հանրակրթության մասին» բառերը փոխարինել «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով» բառերով:
  3. Նախագծում նախատեսել անցումային դրույթ, որով կնախատեսվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման ժամկետը: