ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-297-25.09.2019,17.01.2020-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1. Նախագծի 1-ին հոդվածով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքի հասկացությունից հետո սահմանվում է, որ Քաղվածքում ներկայացվում են 10%-ից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները: Հարկ է նկատել, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց  առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի   25-րդ մասով սահմանվում է, որ. «Իրավաբանական անձի իրական սեփականատիրոջ պետական գրանցումը հավաստվում է պետական միասնական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ….»: Միաժամանակ,  նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը սպառիչ սահմանում է իրական սեփականատիրոջ հասկացությունը:

Վերոնշյալի համատեքստում նախագծով առաջարկվող նոր կարգավորումը նպատակահարմար չէ և ամբողջությամբ չի արտացոլում «Իրավաբանական անձանց  պետական գրանցման, իրավաբանական անձանց  առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հասկացությանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածքի հասկացության սահմանման շրջանակներում հղում է կատարվում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց միասնական գրանցամատյանից ստացվող քաղվածքին՝ առաջարկում ենք խնդրո առարկա՝ 10% մասնակցություն սահմանող հասկացությունը հանել նախագծից:

2. Նպատակահարմար է լիցենզավորված անձի կողմից իրական սեփականատիրոջ փոփոխման դեպքում հանձնաժողովին տեղեկացնելու և համապատասխան քաղվածք ներկայացնելու պարտավորության խախտման համար պատասխանատվության կիրառման ընթացակարգը սահմանել առանձին հոդվածով՝ ըստ պատասխանատվության միջոցների կիրառման հերթականության (նախ՝ նախազգուշացում, այնուհետև՝ տուգանքի կիրառում, լիցենզիայի գործողության կասեցում և դադարեցում):

3. Անհրաժեշտ է նախագծի 3-րդ հոդվածով օրենքի 28-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում հստակեցնել՝

ա. «օրենքով սահմանված ժամկետում» արտահայտությունը, քանի որ գրանցման համար նման ժամկետ՝ ինչպես «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, այնպես էլ՝ նախագծում առկա չէ,

բ. «իրականացնում է իրական սեփականատերերի գրանցում» ձևակերպումը՝ հաշվի առնելով այն, որ իրական սեփականատերերի գրանցում իրականացնողը ոչ թե իրավաբանական անձն է, այլ իրավասու համապատասխան պետական մարմինը:

4. նախագծում, այդ թվում որպես համապատասխան պարտավորության խախտման համար պատասխանատվություն կիրառող, նշված է լիազոր մարմին, որպիսին Օրենքի տրամաբանությունից և իրավասությունների շրջանակից ելնելով կարող է հանդիսանալ հանձնաժողովը։ Ուստի, տարընկալումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է նախագծում «լիազոր մարմին» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «հանձնաժողով» բառով՝ համապատասխան հոլովաձևերով (կրճատ անվանումը որպես հասկացություն սահմանված է Օրենքով):

 

 ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ