ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-362-13.11.2019,17.01.2020-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
          Օրենքի նախագծի վերնագրում «փոփոխություն»  բառը անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություններ» բառով՝ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում են մեկից ավելի փոփոխություններ,   
          Օրենքի նախագծով լրացվող 931 հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է շարադրել հետևյալ խմբագրությամբ.            
            «1. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի խնամակալը կամ հոգաբարձուն չի կարող մասնակցել վարույթին, եթե՝                  
          1) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, ով մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին. 
          2) գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ կասկածյալի կամ մեղադրյալի կամ նրանց մերձավոր ազգականների հետ.                 
          3) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ.     
          4) իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին, իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.                 
          5) նրա վերաբերյալ առկա են ներկայացվողի շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր:»:                
           Հաշվի առնելով վերոշարադրյալ առաջակությունը՝ նույն հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝               
          «2. Անչափահաս կամ անգործունակ մասնակցի ծնողը, որդեգրողը չի կարող մասնակցել վարույթին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում:»:
          Միաժամանակ, առաջարկում ենք նաև՝        
          Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետի 9-րդ մասից հանել «հարմարավետությունից ու նրա տարիքին և զարգացվածությանը համապատասխանող պայմանների առկայությունից» բառերը,   
          4-րդ հոդվածում «օրենքի» բառերը փոխարինել «օրենսգրքի» բառով:    
           Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի կառուցվածքը՝ 5-րդ հոդվածում «8-րդ» բառը փոխարինել «5.1.-րդ» բառով:        
           Օրենքի նախագծով առաջարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածում անհրաժեշտ է՝                    
              ա) 1-ին մասում «հարցաքննվում է» բառը փոխարինել «կարող է հարցաքննվել» բառերով,          
              բ) 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.   
          «Եթե տեսաձայնագրառման վերարտադրումից հետո առաջանում է անչափահասին հարցեր տալու անհրաժեշտություն, ապա անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը ցուցմունք տալու նպատակով հրավիրվում է դատարան»:
              գ) 2-րդ մասն անհրաժեշտ է շարադրել հետևյալ բովանդակությամբ.           
          «Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար, ինչպես նաև սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստերի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի ցուցմունքները, և նրան հնարավորություն է ընձեռնվում տվյալ վկային կամ տուժողին տալ հարցեր կամ տվյալ վկայի կամ տուժողի հաղորդած տվյալների վերաբերյալ տալ ցուցմունք:»:    

  դ) 3-րդ մասը հանել, ըստ այդմ՝ հաջորդիվ մասերի համարակալումները փոփոխել:

ե) 4-րդ և 5-րդ մասերը (վերահամարակալել որպես 3-րդ և 4-րդ մասեր)  շարադրել հետևյալ խմբագրությամբ`  
          «3. Դատարանում մինչև 16 տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կատարվում է մանկավարժի կամ հոգեբանի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

  1. Տասնվեց տարին չլրացած վկան կամ տուժողը պետք է հեռացվի դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը` կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ է համարում այդ վկայի կամ տուժողի հետագա ներկայությունը:»:

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ