«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-367-14.11.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

  1. Նախագծի 1-ին հոդվածով փոփոխության է ենթարկվում գովազդ հասկացությունը, որն այլևս չի նախատեսում գովազդի բուն նպատակը՝ հետաքրքրության ձևավորումը կամպահպանումը տվյալ օբյեկտի նկատմամբ: Այնինչ գովազդը պետք է նպատակ հետապնդի հետաքրքրություն ձևավորելու կամ պահպանելու տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: Այսինքն՝ տեղեկությունը պետք է նպատակաուղղված լինի գովազդի օբյեկտը սպառողի ուշադրությանը ներկայացնելուն, վերջինիս համոզելուն, հետևաբար գովազդի կարևոր առանձնահատկությունը օբյեկտի նկատմամբ հետաքրքրվածության խթանումն է, նրա նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումն ու այդպիսի վերաբերմունքի պահպանումը ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թ. նոյեմբերի 28-ի թիվ ՎԴ/0429/05/13 գործ:

Ուստի առաջարկում ենք գովազդ հասկացության մեջ ներառել նաև դրա նպատակը: Անհրաժեշտ է նաև նշել, որ նախագծի հիմնավորմամբ չի բացատրվում գովազդ հասկացության փոփոխման հանգամանքը:

  1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Գովազդի մասին ՀՀ օրենքի այսուհետ՝ օրենք 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ և տրվում է արտաքին գովազդի հասկացությունը, որը, սակայն, բավականաչափ հստակ չէ և հետագայում կարող է տարընկալումների տեղիք տալ: Հստակ չէ նաև «դրսից տեսանելի» եզրույթը: Միաժամանակ նախագծի 2-րդ հոդվածով շենքերի և շինությունների ներսում տեղեկատվության տարածումն արտաքին գովազդ որակելը և վերջինիս համար տեղական տուրք սահմանելը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով սահմանված գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներին:

Ահրաժեշտ է նաև արտաքին գովազդը տարանջատել գործունեության մասին առաջնային տեղեկություններից: Եթե տնտեսավարողը փակցնում է տեղեկություններ իր ապրանքային նշանի, վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների մասին (օրինակ` մրգի, բանջարեղենի իրացմամբ զբաղվող առևտրի օբյեկտի վրա «Միրգ, բանջարեղեն» գրառումը), նման տեղեկությունները գովազդ չպետք է համարվեն։

Այս առումով գտնում ենք, որ արտաքին գովազդի հասկացությունը նպատակահարմար է նախատեսել օրենքի 2-րդ՝ օրենքում գործածվող հիմնական հասկացությունների հոդվածում և կրկնություններից խուսափելու համար համապատասխանաբար հանել նաև օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը:

Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից առաջարկում ենք արտաքին գովազդի հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«արտաքին գովազդ՝ պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցներով հանրային տեսանելի վայրերում տեղաբաշխվող գովազդ»:

  1. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, մասնավորապես՝ լրացվող 1-ին մասի համաձայն՝ Երևան քաղաքում արգելվում է տեղադրել կամ փակցնել ցանկացած տեսակի և չափսի արտաքին գովազդ՝ առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության:

Այս առումով հարկ է անդրադառնալ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ «3. Երևան քաղաքի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս է Երևանի քաղաքապետը»:

Վերոգրյալ կարգավորումից պարզ է դառնում, որ օրենքով արդեն իսկ կարգավորված են Երևան քաղաքի քաղաքային նշանակություն ունեցող փողոցներում, այգիներում արտաքին գովազդ տեղադրելու սահմանափակումների հետ կապված հարաբերությունները և նախագծով լրացվող կարգավորման արդյունքում հակասություն է առաջանալու գործող կարգավորման հետ: Այս առումով առաջարկում ենք օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը հանել, քանի որ նախագծով առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է սահմանափակում՝ Երևան քաղաքում ցանկացած տեսակի և չափսի արտաքին գովազդ տեղադրելու կամ փակցնելու դեպքում, այսինքն՝ նախագծով նախատեսվող սահմանափակումները տարածվելու են Երևան քաղաքի ամբողջ տարածքի վրա:

  1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևան քաղաքում արգելվում է տեղադրել կամ փակցնել ցանկացած տեսակի և չափսի արտաքին գովազդ՝ առանց քաղաքապետարանի թույլտվության:

Միևնույն ժամանակ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, արգելել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Այս առումով հարկ է նշել, որ հիշյալ երկու կարգավորումների միաժամանակյա առկայության պարագայում ստացվում է, որ մի դեպքում Երևան քաղաքում քաղաքապետարանի թույլտվությամբ կարող է տեղադրվել ցանկացած տեսակի և չափսի արտաքին գովազդ, իսկ հաջորդ կարգավորմամբ առհասարակ արգելվում է գովազդի տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Երևան քաղաքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը, հայտնում ենք, որ օրինակ՝ «դեղատուն» ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով և նախագծի ներկայիս տեսքով խմբագրությունը հակասում է գործող օրենսդրությանը։

Տվյալ դեպքում իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է հստակեցնել, թե որ տարածքներում և վայրերում և որ տեսակի գովազդի տեղադրման թույլտվությունն է տրամադրվելու քաղաքապետարանի կողմից: Վերոգրյալի համատեքստում պարզ չէ նաև, թե արդյոք արտաքին գովազդի արգելման ընդհանուր կարգավորումը վերաբերելու է Երևան քաղաքին, թե տարածվելու է նաև դրա սահմաններից դուրս:

Անդրադառնալով նախագծի 2-րդ մասով նախատեսված պահանջների խախտման համար նախատեսվող պատասխանատվությանը՝ հարկ ենք համարում նշել, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունները տեղադրելու փաստի առկայության պարագայում գործնականում խնդրահարույց է լինելու իրավախախտման սուբյեկտին բացահայտելու հարցը՝ մասնավորապես նկատի ունենալով, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունները կարող են տեղադրվել ոչ միայն վերջիններիս, այլ  նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված և գովազդատու չհանդիսացող այլ անձանց կողմից:

  1. Նախագծի 4-րդ հոդվածով արգելվում է տրանսպորտային, ինչպես նաև ցանկացած այլ շարժական միջոցների ձևով էլեկտրոնային էկրաններով ցանկացած գովազդի ցուցադրումը կամ տեղադրումը։ Առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածը վերախմբագրել, քանի որ հոդվածի առկա խմբագրությունից թվում է, որ արգելվում է էլեկտրոնային էկրանների միջոցով ցանկացած գովազդի ցուցադրումը կամ տեղադրումը նաև տրանսպորտային կամ այլ շարժական միջոցների ներսում: Բացի այդ՝ վերոնշյալ դրույթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի դրույթներով հստակ սահմանված են գովազդի արգելման դեպքերը։
  2. Միաժամանակ հարկ է նաև նշել, որ նախագծում առկա են օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտումներ: Այսպես՝

1 նախագծի 1-ին հոդվածի «1-ին պարբերությունը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասի 1-ին պարբերությունը» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջները.

2 նախագծի 2-րդ հոդվածում «Գովազդի մասին» 1996 թվականի հունիսի 4-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Օրենք» բառով՝ նկատի ունենալով նախագծի 1-ին հոդվածի դրույթները.

3 նախագծի 2-րդ հոդվածում «1-ին պարբերությունը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասը» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջները.

4 նախագծի 3-րդ հոդվածում «պարբերություններով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասերով» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջները.

5 նախագծի 4-րդ հոդվածում «պարբերությունով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջները.

6 նախագծի 5-րդ հոդվածում «հոդվածի 1.1 կետում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հոդվածի 1.1-ին մասում» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջները.

7 նախագծի 1-ին հոդվածում «հունիսի 4-ի» բառերը փոխարինել «ապրիլի 30-ի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: