ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-262-28.08.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-262-28.08.2019-ՊԻ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝           

1. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 970-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.            

«Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և գրանցումը» վերանվանելով «Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվության պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը»: 

Առաջարկում ենք հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և դրանից բխող իրավունքի գրանցումը»:   

2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքների տրամադրումը, ինչպես նաև այդ իրավունքների դադարումը ենթակա են գրանցման՝ արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչելու միայն դրանից ծագող իրավունքները սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո: 

Գտնում ենք, որ՝  

1) բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու միայն մեկ իրավունք է տրամադրվում:  Դա բխում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 969-րդ հոդվածի 1-ին մասում տրված համալիր թույլտվության պայմանագրի սահմանումից, որի համաձայն  համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (այսուհետ` համալիր թույլտվություն) պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը՝ ներառյալ իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները:           

Ուստի, առաջարկում ենք «իրավունքների» բառը փոխարինել «իրավունքի» բառով և, ըստ այդմ, նույն փոփոխությունը կատարել 970-րդ հոդվածի վերնագրում.

2) անհրաժեշտ է որոշակիացնել նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի շարադասությունը.

3) անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածից բխում է, որ արդյունաբերական նմուշի դեպքում տրվում է վկայագիր: Ուստի, հարկ է հաշվի առնել այդ հանգամանքը ևս նախագծի 3-րդ հոդվածում: