«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ  ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ   ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԱՊԱՀՈՎՄԱՆ      
 ՄԱՍԻՆ»    ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔՈՒՄ    ԼՐԱՑՈՒՄՆԵՐ     
ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»   ԵՎ  «ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-435-24.12.2019-ՊԱ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

          «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում վարորդներն ավտոմեքենաները պարտադիր վերազինեն ձմեռային անվադողերով, ինչպես նաև վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները:    
          Նախագծով սահմանվում է նաև վարչական պատասխանատվություն այն վարորդների նկատմամբ, ովքեր խախտել են նախագծով սահմանված պարտադիր դրույթները: Մասնավորապես, եթե դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում վարորդը երթևեկում է ոչ ձմեռային դողերով, ապա ենթարկվելու է տույժի՝ 20.000 դրամի չափով, ինչպես նաև տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք: Եթե նշված ժամանակահատվածում վարորդը երթևեկում է առանց մոտակա լուսային լապտերները միացնելու, ապա ենթարկվելու է տույժի՝ 5.000 դրամի չափով:        
          1. Այդ կապակցությամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապե-տության կառավարությունն առաջարկում է, որ նշված նախագծով նախատեսված դողերի կիրառմանը վերաբերող պահանջները նպատակահարմար է նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) շրջանակներում, մասնավորապես, դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ոչ ձմեռային դողերով տրանսպորտային միջոց վարելը, որպես տրանսպորտային միջոցի շահագործումն արգելող պայման, նախատեսել որոշման N 2 հավելվածի՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի 4-րդ կետում՝ ժամկետը սահմանելով դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը:

          Հարկ է նշել, որ «ձմեռային դողեր» հասկացությունն արդեն իսկ տրված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1558-Ն որոշմամբ:     
          Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ նշված ձևակերպմամբ վարչական պատասխանատվության կենթարկվեն նաև այն վարորդները, ովքեր երթևեկում են բոլոր սեզոնների համար նախատեսված դողերով:        
          2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկվում է՝     
          1) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.       
          «Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ մասերով.       
          «1.1. Դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ոչ ձմեռային դողերով կամ ոչ բոլոր սեզոնների դողերով տրանսպորտային միջոց վարելը՝ բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքի՝        
           առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:      
          1.2. Դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ոչ ձմեռային կամ ոչ բոլոր սեզոնների դողերով ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներ վարելը՝  
           առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:».     
          2) օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:   
          Ինչ վերաբերում է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը մոտակա լույսերը միացված վիճակում տրանսպորտային միջոց վարելու պարտադիր պահանջ նախատեսելուն, առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերում լրացումներ կատարելուց, քանի որ տրանսպորտային միջոցներին մոտակա լույսերը միացված վիճակում տրանսպորտային միջոց վարելու մասին պարտադիր պահանջ ներկայացնել նախա-տեսվում է հիմնականում հյուսիսային աշխարհագրական դիրք ունեցող այն պետություններում, որտեղ ցերեկվա տևողությունը կարճ է։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որոշմամբ նախատեսված են այլ պայմաններում արտաքին լուսային սարքերի կիրառման հետ կապված իրավահարաբերություններ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտման համար:        
          Օրինագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ և կատարելու լրացում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1558-Ն որոշման մեջ: