ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 Հարգելի պարոն Գալստյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-324-23.10.2019,02.12.2019-ՏՏԳԲ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

  1. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը կազմում է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում կամ ուղարկում է շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը՝ վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է տեղադրվում www.yerevan.am կայքում:

Այս կապակցությամբ հարց է ծագում՝ ինչ եղանակով պետք է ապահովվի շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ՝ պատշաճ ծանուցված լինելու և, համապատասխանաբար, վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքներն այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը վերջինիս վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում. արդյոք արձանագրության կրկնօրինակը ոստիկանությանը հանձնելու, ինչպես նաև հայտարարությունը համապատասխան կայքէջում տեղադրելու դեպքում անձը կարող է համարվել կազմված արձանագրության մասին պատշաճ ծանուցված, թե՝ ոչ:

Հարկ է նշել, որ օրինակ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:

Նշված կարգավորումից բխում է, որ ցանկացած դեպքում արձանագրության կրկնօրինակն այն անձին հանձնելը, ում նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու դեպքում պարտադիր է:

Միևնույն ժամանակ հստակեցման կարիք ունի նշված դրույթում օգտագործվող «տեղեկատվություն» եզրույթը:

  1. Օրենքում սահմանված շրջիկ առևտրի կետի հասկացությունն առավել ընդգրկուն է, մասնավորապես՝ Օրենքի իմաստով շրջիկ առևտրի կետ են համարվում ապրանքների պահման և մանրածախ առևտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակները, մոտոկրպակները, ավտոսայլակները, մոտոսայլակները, ավտոցիստեռնները և այլն: Այս կապակցությամբ պարզ չէ՝ ինչով է պայմանավորված շրջիկ առևտրի կետ բացառապես ավտոմոբիլները և (կամ) կցորդները համարելու վերաբերյալ կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը:
  2. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 5.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ վարչական շրջանի ղեկավարը: Այս կապակցությամբ պարզ չէ՝ ինչու է շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտուր իրականացնելու թույլտվությունը նախատեսվում տրամադրել Երևանի քաղաքապետի կողմից, իսկ շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը՝ Երևանի քաղաքապետի կամ նրա որոշմամբ վարչական շրջանի ղեկավարի կողմից: Ուստի գտնում ենք, որ թույլտվություն տալու ընթացակարգի միասնականությունն ապահովելու նպատակով դրանք պետք է տրամադրվեն միևնույն մարմնի կողմից:

 

 

Հարգանքով՝                       էԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ