«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-380-19.11.2019-ԱՀ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաս­տանի Հանրապետության կառավարության առա­ջար­կու­թյունը «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Համաձայն Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝  դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչև չորս տարի ժամկետով, իսկ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչև երեք տարի ժամկետով: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

Առաջարկվող փոփոխությունով նախատեսվում է, որ դիվանագիտական ներկայա­ցուցիչը պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո առնվազն 2 տարի պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում (ենթադրվում է՝ ԱԳՆ կենտրոնական ապարատում), որից հետո միայն կարող է նշանակում ստանալ մեկ այլ երկրում։

                Առաջարկվող փոփոխությունը հաշվի չի առնում դիվանագիտական ներկայացուցչի նշանակման հարցում արտաքին քաղաքական նպատակահարմարությունը և կադրային անհրաժեշտությունը: Ավելին, այն սահմանափակում է դիվանագիտական ներկայացուցչի նշանակման հարցում ԱԳՆ-ի ճկունությունը։

                Միաժամանակ, նախագծին կից ներկայացված հիմնավորումը չի պարունակում կարգավորման համար առաջարկվող ոլորտին վերաբերող լիարժեք տեղեկա­տվություն. ներկայացված չեն այլ պետություններում նմանատիպ կարգավորման օրինակներ: Մինչդեռ, միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչը սկզբունքային նշանակություն ունի տվյալ հարցում ճիշտ կողմնորոշվելու համար, ցույց է տալիս, որ պետությունների գերակշռող մեծամասնությունում (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ տարածաշրջանների գրեթե բոլոր երկրներում) դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման համար նման սահմանափակումներ չեն նախատեսված:  Ավելին՝ միջազգային հարաբերություններում կարևոր համարվող կենտրոններում նշանակվում են որպես կանոն այլ երկրում արդեն իսկ դեսպան հանդիսացող փորձառու անձինք իրենց պաշտոնավարումն ավարտելուց անմիջապես հետո, ինչը երբեմն ընկալվում է նաև տվյալ երկրի հետ երկկողմ հարաբերությունների կարևորության ընդգծման ժեստ։

Նախագծով ներկայացված ձևակերպմամբ` լավագույն աշխատանքի արդյունա­վետություն ապահոված դիվանագիտական ներկայացուցիչները նույն պաշտոնում կարող են պաշտոնավարել 4 տարի և պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ ևս 2 տարի: Միաժամանակ, չնայած իրենց բարձր որակավորմանը և կարողություններին, պաշտոնա­վարումից հետո անմիջապես այլ պետությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտո­նում նշանակվել չեն կարող, որն էլ, մեր կարծիքով, սահմանափակում է պրոֆեսիոնալ մասնա­գիտական կարողություններ ունեցող դիվանագիտական ներկայացուցիչներին դրսևորել իրենց կարողություններն ի շահ պետության:      

                Միաժամանակ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում  կադրային քաղաքա­կանությանը վերաբերող սկզբունքային փոփոխությունները ենթակա են ուսումնասիրման և հետագա քննարկման ոչ թե հատվածական, այլ համալիր բարեփոխումների շրջանակներում։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից որդեգրված՝ դիվանագիտական ծառայության փորձ ունեցող անձանց շրջանակից դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման քաղաքա­կանությունը համեմատաբար նոր է: Դրա գործնական կիրարկման նպատակով ներկայում իրականացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կադրային քաղաքականության սկզբունքների, ինչպես նաև դիվանագետների ռոտացիայի ներքին կանոնակարգերի մշակման աշխատանքներ՝ անձնակազմի նախապես ծրագրված պլանային կառավարման նպատակով։ Ուստի, վերոնշյալ նախագծի կարգավորման առարկա հանդիսացող ժամկետների և սահմանափակումների վերաբերյալ հետագա որոշումների կայացումը պայմանավորված է լինելու այդ աշխատանք­ների արդյունքում ձեռք բերված տվյալներով և վիճակագրության վերլուծությամբ:   

Ուստի, նախագծով առաջարկվող լուծումները գտնում ենք խնդրահարույց՝ ելնելով մարդկային ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման անհրաժեշտությունից, միջազգային հարաբերու­թյուններում մեծամասնաբար գործող պրակտիկայից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության նախագահի սահմանա­դրական լիազորությունների անխոչընդոտ իրականացման տեսանկյունից։