«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-377-18.11.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալ դիտարկումները:

Նախագծի ներկայացումը հիմնավորվում է նրանով, որ այն հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղա­քացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչա­փե­րին հա­մապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետա­պնդու­մից:   
Օրենքի գործողության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ օրենքը դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հան­գամանք, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրեն­քով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պար­բերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խու­սա­փել զորակոչից, այնուհետև 27 տարին լրանալուց հետո վճարել համապա­տաս­խան գու­մարը և ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն իրավահավա­սա­րության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմա­նա­դրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատ­մամբ:

Հատկանշական է, որ պետության կողմից օրենքի 1-ին հոդվածով սահմանված ան­ձանց նկատմամբ օրենքի նորմերի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորության ընձեռումը կրում է խրախուսական բնույթ:

Օրենքի առկայությունը և նշված անձանց նկատմամբ օրենքի նորմերի կիրառումը պետության կողմից ցուցաբերված խրախուսանքի դրսևորում է, որը կոնկրետ ժամանա­կահատվածում ունի կոնկրետ քաղաքական կամ տնտեսական հիմնավորվածություն:

Չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավ­չության ապա­հով­ման գործընթացում կատարված իրական քայլերին, զինվորական ծառայության զորա­կոչերից խուսափող անձանց թիվը չի նվազում, ինչը մեր կարծիքով, կապված է նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառա­յություն չանցած քա­ղաքացիների մասին» ՀՀ օրենքի առկայության հետ:

Նախագիծը հիմնավորվում է սոսկ նրանով, որ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած և օրենքի խախտմամբ պար­տադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամ­կե­տում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և ազատվել քրեական հետապնդումից: Մինչդեռ նախագծի հեղինակների կողմից անդրա­դարձ չի կատարվել նախագծի ընդունման հիմնավորվածությանն ու նպատա­կահար­մարությանը:    
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նպատակահարմար չէ խրա­խու­սական համարվող օրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են օրենքում: