«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱ­ՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱ­ՎԱ­ԽԱԽ­ՏՈՒՄ­ՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ ԿԱՏԱ­ՐԵ­ԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ­ՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵ­ՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ­ՐԵ­ԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵ­ՂԱ­ԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱ­ՎԱՐ­ՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ­ՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱ­ՐԵ­ԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱ­ԽԱ­ԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-372-15.11.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ­ՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ       


«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին», «Հայաս­տանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրե­ա­կան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տե­ղա­կան ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցում­ներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինք­նակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փո­փո­խություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախա­գծերի փաթեթով (Պ-372-15.11.2019-ՏՏԳԲ-011/0) սահմանվում են՝
          1) կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում ան­ձանց պարտականությունները և սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերա­բերմունքի պահանջներն ու  արգելված գործողությունները, տնային կենդանիների պահման և խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության, գիտահետազոտական և գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, ինչպես նաև կենդանիների բուծման, վաճառքի և օգտագործման շուրջ իրավահարաբերությունները.     

2) վարչական կամ քրեական պատասխանատվություն օրենքով սահմանված պա­հանջ­ների խախտման համար.  
3) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդա­նի­նե­րի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում:         
Հայաստանի Հանրապետության կառավարության դիտարկումներն ու առա­ջարկությունները.         
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) խիստ խնդրա­հարույց է դրանում առկա կարգավորումների հիմնավորվածության, նախատեսվող ար­գելք­ների և կիրառվող պատասխանատվության համաչափության, ինչպես նաև հասկա­ցությունների սահմանման տեսանկյունից:     
Այսպես՝ նախագծի մի շարք կարգավորումների գործնական կիրառումն անիրա­գոր­ծելի է: Օրինակ՝ նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ կեն­դա­նի պահողը պարտավոր է ձեռնարկել միջոցներ կենդանիների՝ բարձրություններից ընկ­նելը կանխելու համար:       
Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն՝ արգելվում է անհա-մա­տեղելի տեսակների միևնույն տարածքում կամ միևնույն տարածքում միևնույն տե-սակ­ների բնակեցումը, որոնց միջև կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում և պայքար: Ընդ որում՝ նշված պահանջը չպահպանելն առաջացնում է քրեական պատաս-խանատվություն: 
Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է կեն­դա­նուն թողնելը իր կենսագործունեության համար վտանգավոր միջավայրում:    
Նախագիծը համարում ենք հատկապես խնդրահարույց 10-րդ հոդվածի իմաս­տով: Մասնավորապես, նախագծի 10-րդ հոդվածի խախտումները քրեականացված են: Ընդ որում՝ որևէ տարբերակում դրված չէ կատարվող արարքների միջև, մինչդեռ բոլոր արարքները չեն կարող ունենալ հանրային վտանգավորության նույն աստիճանը: 
Այսպես՝ նախագծի 10-րդ հոդվածով արգելվող գործողությունների թվին են դաս­վում ինչպես տարբեր եղանակներով կենդանուն կյանքից զրկելը, այնպես էլ կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր տիրապետողի կամ համապատասխան կացարան հանձնելը, կենդանուն լքելը, կեն­դա­նուն թողնելը իր կենսագործունեության համար վտանգավոր միջավայրում, կենդա­նի­ների բուծումը կացարաններում, կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը և այլն: Հարկ ենք համարում նշել, որ նշված արարքները չունեն հանրային վտանգավորության նույն աստիճանը:   
Նախագծով նախատեսված մի շարք հոդվածների իրավակարգավորումները «Անաս­նաբուժության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկա են, ինչպես նաև հա-կա­սում են նշված օրենքի մի շարք դրույթներին։ Մասնավորապես՝ նախագծի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների դրույթները կարգավորվում են «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի դրույթները՝ 21-րդ և 34-րդ հոդված­ներով, 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթները՝ 36-րդ, 37-րդ և 33-րդ հոդված­նե­րով:   
Նախագծում առկա են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կարգավորումների անո-րոշության և օրենսդրական տեխնիկայի պահպանման տեսանկյունից: 
          I. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.
          1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի.         
          1) 1-ին կետի համաձայն՝ կենդանիներ են համարվում «Անասնաբուժության մա­սին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված կենդանիները:         
          «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի հա­մաձայն՝ կենդանիներ են համարվում կաթնասունները, թռչունները, երկկենցաղները, սողունները, ձկները, կակղամորթները, խեցգետնակերպեր, խխունջները, միջատները, այլ ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիներ, որոնք պահվում են մարդկանց կող­մից կամ ազատ գոյատևում են:         
          Այս առումով հարկ է նշել, որ նախագծի նախաբանի համաձայն՝ օրենքը սահ­մա­նում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայո­ղա­կան նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների, ինչ­պես նաև գիտահետազոտական և գիտաուսումնական փորձարկումների համար օգտա­գործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները և օրենքի գործո­ղու­թյունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի, որսի, ինչպես նաև մարդու կենսա­գործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծող­ներ, միջատներ և այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա: 
          Տվյալ դեպքում, նախագծով նախատեսված հասկացությունում հղում կատարելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախա­տեսված կենդանիների հասկացությանը, հակասություն է առաջանում նախագծի կար­գա­վորման առարկայի և գործողության շրջանակի հետ: Հետևաբար առաջարկում ենք նա­խագծի հիմնական հասկացություններում հստակ սահմանել այն կենդանիների շրջա­նակը, որոնց վրա տարածվելու է տվյալ օրենքի գործողությունը:  
          2) 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ տնային կենդանիներ են համարվում կենդանական աշխարհի վայրի և ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք պահ­վում են տնային պայմաններում, որոնց տեղաշարժը սահմանափակված է որոշակի տա­րած­քով և որոնց կենսաապահովումն իրականացնում է պահողը:     
          Այս առումով նախևառաջ հարկ է նշել, որ հիշյալ կարգավորումը նույնպես խնդրահարույց է օրենքի կարգավորման առարկայի տեսանկունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի նախաբանի համաձայն՝ օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի, որսի, ինչպես նաև մարդու կենսագործունեու­թյան վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, մի­ջատ­ներ և այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա: Հետևաբար այս մա­սով հիշյալ հասկացության դրույթներն անհրաժեշտ է վերանայել՝ նախագծի ներքին հակասությունները վերացնելու նպատակով:        
          Բացի դրանից, պարզ չէ «որոնց տեղաշարժը սահմանափակված է որոշակի տա-րածքով» եզրույթի կիրառությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնա­կա­նում անհնար է պատկերացնել ընտանի կենդանիների միայն որոշակի տարածքում տե-ղաշարժվելու սահմանափակման հնարավորությունը:        
          3) 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ տնային կենդանիներ են համարվում «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախա­տեսված տնային կենդանիները:   
          Հիշյալ օրենքի 19-րդ կետի համաձայն՝ տնային կենդանիներ են համարվում այն կենդանիները, որոնք պատկանում են կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն, որ­պես կանոն, սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակ­ներին:        
          Տվյալ դեպքում խնդրահարույց է տնային կենդանիների դեպքում նախագծով նա-խատեսված հասկացությունների միաժամանակյա առկայությունը, ուստի հնարավոր տար­ըն­կալումներից և երկիմաստ ձևակերպումներից խուսափելու համար առաջարկում ենք հստակ սահմանել տնային կենդանիների շրջանակը, որոնց վրա տարածվելու է տվյալ օրենքի գործողությունը:
          4) 3-րդ կետի համաձայն՝ թափառող կենդանիներ են համարվում` կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք չունեն պահող:        
          Այս առումով հարկ ենք համարում նշել, որ խնդրահարույց է պահող չունենալու հան­գամանքով պայմանավորված թափառող կենդանի համարելու կարգավորումը՝ նկա­տի ունենալով այն հանգամանքը, որ որոշակի ժամանակահատվածում թափառող կա­րող են համարվել նաև կորած տնային կենդանիները:   
          5) 4-րդ կետի համաձայն՝ ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառում-ների համար օգտագործվող կենդանիներ  են համարվում կենդանական աշխարհի վայ­րի և ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք պահվում են կենդանաբանական այ-գիներում, օգտագործվում են կրկեսներում, սպորտային և ժամանցային միջոցառում­նե­րում, մրցույթներում, ցուցահանդեսներում, լուսանկարվելու և նկարահանումների հա­մար:       
          Այս առումով նախևառաջ հարկ է նշել, որ հիշյալ կարգավորումը խնդրահարույց է օրենքի կարգավորման առարկայի տեսանկունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի նախաբանի համաձայն՝ օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտե-սական, վայրի, որսի, ինչպես նաև մարդու կենսագործունեության վրա վնասակար ազ-դեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, միջատներ և այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա:
          Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշ­խար­հի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգ­տագործման պետական քաղաքականությունը սահմանված է «Կենդանական աշխար­հի մասին» ՀՀ օրենքով:         
          Հետևաբար այս մասով հիշյալ հասկացության դրույթներն անհրաժեշտ է վերա­նայել՝ նախագծի ներքին հակասությունները վերացնելու նպատակով: 
          6) 5-րդ կետի համաձայն՝ ծառայողական նշանակության կենդանիներ են համար-վում կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք օգտա­գործ­վում են նպատակային նշանակության գործողությունների և ծառայողական նպատակ­ների համար:         
          Տվյալ դեպքում իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից անհրա­ժեշտ է հստակեցնել, թե որոնք են այն նպատակային գործողությունները, որոնց ժամանակ օգտագործվում են ծառայողական նշանակության կենդանիները և արդյոք հիշյալ գործողությունները նույնական չեն ծառայողական նպատակների հետ:    
          7) 6-րդ կետի համաձայն՝ գիտահետազոտական և գիտաուսումնական փորձար-կումների համար օգտագործվող կենդանիներ են համարվում կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակները, որոնք օգտագարծվում են գիտաուսումնական և գիտահետազոտական փորձարկումներ իրականացնելու նպատակով:       
          Նախագծի նախաբանի համաձայն՝ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրա­պետության տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցա­դրման, սպորտային և ժամանցային միջոցառումների, ինչպես նաև գիտահետազոտ­տա­կան և գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:         
          Այս առումով պարզ չէ, թե որ կենդանիների վրա են տարածվելու գիտաուսում­նական փորձարկումների հետ կապված իրավահարաբերությունները և արդյոք հիշյալ կար­գավորումները չեն տարածվելու սույն օրենքի իմաստով «կենդանիներ» հասկա­ցու­թյան մեջ ներառված բոլոր կենդանիների, օրինակ՝ գյուղատնտեսական կենդանիների վրա:         
          Այս առումով հարկ է անդրադառնալ նաև նախագծերի փաթեթում ներկայացված «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն­ներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է ուժը կորցրած ճա­նաչել կենդանիների նկատմամբ փորձարկումների և այդ փորձարկումների թույլտվու­թյուններին վերաբերող հոդվածները: Այս առումով պարզ չէ վերոհիշյալ օրենքից տվյալ կարգավորման ուժը կորցրած ճանաչելու  նպատակը:        
          Վերոգրյալի կապակցությամբ նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի հիշյալ հոդվածներն ուժը կորցրած են ճանաչվում և համապատասխան դրույթներ են սահմանվում «Կենդանիների նկատ­մամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքում՝ կենդանիների նկատ­մամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ և համալիր կար­գա­վորումներ ունենալու նպատակով»:  
          Մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի կար­գավորումները նախագծի կարգավորման առարկա հանդես գալ չեն կարող՝ նկատի ունե­նալով այն հանգամանքը, որ օրենքի նախաբանի համաձայն՝ «Սույն օրենքի գոր­ծո­ղու­թյունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի, որսի, ... կենդանիների հետ կապ­վ­ած իրավահարաբերությունների վրա»:
          Վերոհիշյալ փոփոխությունների պարագայում կստեղծվի մի իրավիճակ, երբ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի իմաստով կենդանիների, այդ թվում՝ գյուղա­տնտե­սական կենդանիների նկատմամբ փորձարկումների և այդ փորձարկումների թույլտվություններին վերաբերող հարաբերությունները կմնան չկարգավորված:
           Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է հիմնավորել սույն նախա­գծով նախատեսված կենդանիների նկատմամբ գիտահետազոտական և գիտաուսում­նա­կան փորձեր կատարելու և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակից նույն կարգավորումները հանելու նպատակահարմարությունն ու իրա­վա­չա­փությունը:      
          8) 7-րդ կետը նույնպես հստակեցման կարիք ունի: Մասնավորապես՝ առա­ջարկում ենք նշված կետը համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10712–րդ հոդվածի պահանջներին, հաշվի առնելով, այն հանգամանքը, որ օրենսգրքի նշված հոդվածով հստակ սահմանվում է, որ` այլ անձի տիրապետմանը կամ օգտա­գործ­մանը կամ խնամքին հանձնված  կենդանի պահող են համարվում նաև դրա իրավունքն ունեցող կամ խնամք իրականացնող անձանց միջև կնքված պայմանագրով նախատես­ված անձինք:        
          9) 8-րդ կետի համաձայն՝ կենդանիների կացարան է համարվում կենդանիների պահման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստա­ցած հատուկ հարմարեցված տարածքը և (կամ) կառույցը՝ նախատեսված թափա­ռող, կորած կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիների համար:  
          Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ կարգով է տեղական ինքնակա-ռա­վարման մարմինների կողմից տրամադրվելու կենդանիների պահման համար հա­տուկ հարմարեցված տարածքի և (կամ) կառույցի կողմից թույլտվությունը և ինչ չա­փա­նիշ­ների հիման վրա են ընտրվելու տվյալ տարածքները: Բացի այդ՝ պարզ չէ կեն­դա­նի­ների կացարանի իրավական կարգավիճակը՝ պետական, համայնքային, թե մասնավոր:
          Նույն դիտողությունը վերաբերում է նաև նույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթներին:         
          10) 10-րդ կետով սահմանվում է «նույնականացման անձնագիր» հասկացությունը, որն արդեն իսկ սահմանված է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝ «21) կենդանիների համարակալում` գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների, մեղուների) և տնային կենդանիների ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակ­ների կամ մարմնի որոշակի մասերին էլեկտրոնային չիպերի` կրիչների ամրացում, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնելու և հաշվառելու կենդանիներին.», բա­ցի այդ՝ պարզ չէ, թե «պետք է ներառի կենդանի պահողի և կենդանու մասին տեղե­կատվություն», կենդանի պահողի մասին ինչ տեղեկատվություն պետք է ներառվի, քանի որ նախագծով սահմանված դրույթներում այն չի կիրառվում։          
          11) Առաջարկում ենք մասը լրացնել՝ սահմանելով.   
          ա. «պետական լիազոր մարմին» հասկացությունը, հաշվի առնելով նախագծի     9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, ինչ­պես նաև սահմանել, թե որ դեպքերում են նշված մարմինները իրականացնում նա­խա­գծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 12-րդ հոդվածի 1-ին մասով նախա­տես­ված գործողությունները.          
          բ. «անկած կենդանի» հասկացությունը:        
          2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթն անհրաժեշտ է խմբագրել համա­պատասխան ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթին.     3. Նախագծի 3-րդ հոդվածը խմբագրման կարիք ունի, քանի որ հակասում է «Անասնաբուժության մասին» ՀՀ oրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասին:        
          4.  Նախագծի 4-րդ հոդվածի`    
          1) առաջին մասն առաջարկում ենք շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «Կեն-դանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Կառավա­րու­թյունը`» և, ըստ այդմ, խմբագրելով մնացած կետերը:
          Նույն առաջարկը վերաբերում է նաև 5-րդ հոդվածին.      
          2) 5-րդ մասի համաձայն՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերա­բեր­մուն­քի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է Հա­յաս­տանի Հանրապետության տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանա­կության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների, ինչպես նաև գի­տահետազոտական և գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կեն­դանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերություն­ները կարգավորող իրավական ակտեր:    
          Տվյալ կարգավորումից պարզ է դառնում, որ կառավարությանը տրվում են մի շարք ոլորտներում իրավական ակտեր ընդունելու ընդհանրական լիազորություններ, մինչդեռ Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված է, որ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Հետևաբար նա­խագծի հիշյալ դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ հստակ նախատեսելով որոշակի ակտ ընդունելու կառավարության լիազորությունները: 
          Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներին:        
          3) 6-րդ մասի համաձայն՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերա­բեր­մունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
          Այս առումով գտնում ենք, որ «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով՝ նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, համաձայն որոնց՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ Սահմանադրությամբ նախա­տես­ված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նոր­մատիվ իրավական ակտեր:    
          Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներին:        
          5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կապակցությամբ հարկ է նկա­տի ունենալ, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդ­վածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում են տեղական ինքնակառավարման մարմինները:        
          6. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
          «1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում տե­ղա­կան ինքնակառավարման մարմինները, իսկ Երևան քաղաքում՝ նաև վարչական շրջան­ների ղեկավարների լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Տեղա­կան ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետու­թյան օրենսդրությամբ:»:     
          7. Նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է, որ օրենքի պահանջների պահպան­ման նկատմամբ իրականացվում է հանրային վերահսկողություն: Հարկ է նկատի ունե­նալ, որ նշված հոդվածով նախատեսված կարգավորումները դուրս են սույն օրենքի նա­խագծի կարգավորման առարկայից: Փոխարենը նախագծով նախատեսված չէ պետա­կան վերահսկողության վերաբերյալ դրույթներ։ 
          8. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագրում խոսք է գնում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքների մասին, մինչդեռ նույն հոդվածի 1-ին,   2-րդ և 3-րդ մասերում որպես սկզբունք նախատեսված են կենդանիների բուծման, պա­հելու, վերջիններիս նկատմամբ կատարվող գործողություններին ներկայացվող պա­հանջ­ները: Այս առումով գտնում ենք, որ հիշյալ պահանջները սկզբունք չեն կարող հան­դիսանալ:       
          9. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ 
          1) «ա», «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի համաձայն՝ կենդանի պահողը պար­տա­վոր է յուրաքանչյուր կենդանու համար՝ կախված տեսակից, տարիքից և ցեղատեսակից, ապահովել՝ տեղակայման և տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք և պայման­ներ, կերի և ջրի բավարար քանակություն, սնվելու և խմելու վայրերից օգտվելու ազատ հնա­րավորություն, սնվելու և խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարա­գա­ներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը և նվազեցնելու կեն­դանիների միջև մրցակցությունը, կենսագործունեության համապատասխան միկրո­կլիմա:         
          Այս առումով պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ չափանիշների վրա է որոշվելու յուրաքանչյուր կենդանու համար վերոհիշյալ պահանջների և պայմանների հա­մա­պատասխանությունը,     
          2) «զ» ենթակետում առաջարկում ենք «բուժօգնություն» բառը փոխարինել «բժշկա­կան օգնություն և սպասարկում» բառերով,
          3) 4-րդ կետի համաձայն՝ կենդանի պահողը պարտավոր է չխոչնդոտել իրավասու պետական լիազոր մարմիններին վերահսկողություն իրականացնելիս և անհրաժեշ-տու­թյան դեպքում ներկայացնել տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը:       
          Այս առումով հարկ է նշել, որ նախագծում խոսք է գնում միայն հանրային վե-րա­հսկողության մասին և նախատեսված չեն կարգավորումներ իրավասու պետական լիա­զոր մարմինների կողմից իրականացվող վերահսկողության վերաբերյալ, հետևա­բար անհրաժեշտ է հստակեցնել, թե տվյալ դեպքում ինչ վերահսկողության մասին է խոսքը:     Առաջարկում ենք 4-րդ կետը «պետական լիազոր» բառերից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման» բառերով:  
          10. 10-րդ հոդվածի 2-րդ՝  
          1) մասի 9-րդ կետն առաջարկում ենք հանել, քանի որ նշված կարգավորումն արդեն իսկ նախատեսված է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով:    2) Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ արգելվում է կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր տիրապետողի կամ համապատասխան կացարան հանձնելը, իսկ նույն մասի 3-րդ կետի համաձայն՝ արգելվում է կենդանուն լքելը:  
          Այս առումով պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ բնույթի գործո­ղու­թյուն է իրենից ենթադրում կենդանուն լքելը և արդյոք այն նույնական չէ կենդանու նկատ­մամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելու կարգավորման հետ,  
          3) մասը լրացնել 16-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.       
          «16) նույնականացման նպատակով կենդանիների վրա առկա չիպերի, միկրո­չի­պերի, դաջվածքների և համարակալված տարբերանշանների վնասումն ու հեռացումը, որի հետևանքով կենդանին կարող է դուրս մնալ հաշվառումից:»:     
          11. Նախագծի 11-րդ հոդվածի՝   
          1) 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝    
          ա. տնային կենդանի պահողը պարտավոր է ձեռնարկել կենդանիների անցան­կա­լի վերարտադրությունը կանխող միջոցառումներ:      
          Այս առումով պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ միջոցառումների մա­սին է խոսքը և ինչ իրավական ակտով են դրանք սահմանված,   
          բ. տնային կենդանի պահողը պարտավոր է ապահովել պահմանը ներկայացվող անասնաբուժական պահանջների կիրառումը:        
          Այս առումով անհասկանալի է անասնաբուժական պահանջները հիշյալ օրենքի կար­գավորման շրջանակում դիտարկելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ պա­հանջների կիրառումը գտնվում է «Անասբաբուժության մասին» ՀՀ օրենքի կարգա­վոր­ման առարկայի և գործողության ոլորտի շրջանակում:       
          2) 2-րդ մասի`        
          ա. 2-րդ կետի համաձայն՝ տնային շներ պահողը պարտավոր է նաև  4 ամսական հասակում կամ շուն ձեռք բերելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներ­կայացնել անասնաբուժական զննման և շան նույնականացման նպատակով շան վրա դնել դաջվածք կամ տեղադրել միկրոչիպ, որը ներառում է կենդանու տեղակայման տարբերանշանները և անհատական համարը:     
          Այս առումով հարկ է նշել, որ նախագծերին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ հասկանալ, թե ինչով է պայմանավորված նման կարգավորման նախա­տեսումը, ինչը հնարավորություն չի տալիս գնահատել տվյալ կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը և իրավաչափությունն, հատկապես այն պարագայում, երբ խոսք է գնում տնային շների մասին՝ առավել ևս հաշվի առնելով, որ այն լրացուցիչ դրամական բեռ է դնում կենդանի պահողների վրա:         
          բ. 8-րդ կետի համաձայն՝ տնային շներ պահողը պարտավոր է նաև շների ազատ զբոսանքը կազմակերպել միայն թույլատրելի հանրային վայրերում՝ կենդանիների և մարդ­կանց անվտանգության ապահովման պայմանով կարճ կապի առկայությամբ:
          Այս առումով գտնում ենք, որ ներկայացված չեն համապատասխան տվյալներ, որոնք կվկայեին Հայաստանի Հանրապետության տարածքում բավարար քանակի թույ­լատ­րելի վայրերի առկայության մասին, որի պարագայում նման կարգավորման նախա­տե­սումը դառնում է ոչ իրատեսական՝ սահմանափակելով տնային շներ պահողների կող­մից՝ շների զբոսանքի կազմակերպման հնարավորությունը:  
          գ. 9-րդ կետը խմբագրման կարիք ունի, մասնավորապես` հասկանալի չէ «առանց ցեղատեսակի շուն» ձևակերպումը:     
          12. Նախագծի 12-րդ հոդվածի՝   
          1) վերնագրում խոսք է գնում թափառող կենդանիների նկատմամբ պատասխա­նատու վերաբերմունքի պահանջների մասին, մինչդեռ հոդվածում նախատեսված են նաև թափառող կենդանիների բռնումը կազմակերպելու պահանջներին, նպատակին և միջոցների վերաբերող դրույթներ:  
          Այս առումով նախագծի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել նա­խա­գծի բովանդակությանը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մա­սին»  ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները,         
          2) 1-ին մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը կազմակերպվում է տե­ղական ինքնակառավարման մարմինների և (կամ) լիազորված պետական մար­մին­ների կողմից: Առաջարկում ենք «լիազորված պետական մարմինների» բառերը փոխա­րինել «իրավասու պետական մարմինների» բառերով:  
          Անհրաժեշտ է հստակեցնել նաև, թե ինչ կարգով է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների և (կամ) լիազորված պետական մարմինների կողմից թափառող կենդանիների բռնումը,   
          3) 2-րդ մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը իրականացնող կազ­մա­կերպությունը պետք է ունենա համապատասխան մասնագետներ և փոխադրա­միջոցներ կենդանիների բռնումը անվտանգ իրականացնելու համար:        
          Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ կազմակերպությունների մասին է խոսքը և ինչ կարգով են դրանք ընտրվում: Պարզ չէ նաև, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն հիշյալ կազմակերպությունները, ինչպես նաև այդ կազմակեր-պությունների մասնագետները և կազմակերպության փոխադրամիջոցները և այլն:   
          4) 3-րդ մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը իրականացվում է թա­փառող կենդանիների գլխաքանակի նվազեցման նպատակով՝ զանգվածային ստեր-ջաց­ման միջոցով: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը իրականացվում է կանխելու համաճարակների, վարակիչ հիվանդությունների տարածումը և վտանգը մարդու առողջության համար: Հաշվի առնելով այն հանգա­մանքը, որ հիշյալ երկու կետերում խոսք է գնում թափառող կենդանիների բռնման նպա­տակների մասին, ուստի առաջարկում ենք հիշյալ մասերը միավորել:
          Բացի այդ՝ հիշյալ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե թափառող կենդա-նիներին ստերջացնելուց հետո ինչ միջոցառումներ կամ գործողություններ են իրակա-նացվում, մասնավորապես՝ արդյոք այդ կենդանիները կրկին բաց են թողնվում, թե պահ­վում են կացարաններում:  
          5) 6-րդ մասի համաձայն՝ թափառող կենդանիների բռնումը պետք է իրակա­նաց­վի այնպիսի մեթոդներով, որոնք չեն վտանգում կենդանու կյանքը: Այս առումով ան­հրա­ժեշտ է հստակեցնել, թե ինչ մեթոդների մասին է խոսքը:
          13. Նախագծի 13-րդ հոդվածի`  
          1) 3-րդ մասի համաձայն՝ ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառում­նե­րի կամ նկարահանման համար օգտագործվող կենդանու հանդեպ արգելվում է կի­րա­ռել վարժեցման այնպիսի մեթոդներ, որոնք վնասում են կենդանու առողջությանը: Այս առումով նույնպես անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ մեթոդների մասին է խոսքը,
          2) 5-րդ մասի համաձայն՝ կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցա­դրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի՝ ապահովելով անվտանգության համապատասխան նորմեր մարդկանց և այլ կենդանիների համար: Այս առումով պարզ չէ, թե ինչ իրավական ակտով են հաստատված անվտանգության հա­մապատասխան նորմերը:
          14. Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տնային կենդանիների բու­ծու­մը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից պետք է կազմակերպվի տե­ղա­կան ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած բուծարա­նում:   
          Այս առումով պարզ չէ, արդյոք տնային կենդանիների բուծումն իրականացվելու է միայն համապատասխան թույլտվություն ստացած բուծարաններում, թե՝ ոչ: Եթե այո, ապա ինչ կարգով և ինչ հիմունքներով է իրականացվելու կենդանիների բուծումը: Արդյոք խոսքը գնում է վճարովի ծառայությունների մասին, թե՝ ոչ: Եթե ծառայություն­ներն իրականացվելու են վճարովի հիմունքներով, ապա հարց է առաջանում, արդյոք դա հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնի, օրինակ՝ ֆիզիկական անձանց համար, որոնք ցանկանում են տնային կենդանիներ պահել:        
          15. Նախագծի 16-րդ հոդվածի՝  
          1) 1-ին մասի համաձայն՝ «Կենդանիների վաճառք իրականացնող կառույցների պատասխանատուները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր վաճառքի ենթակա կենդանու համար կերի և ջրի բավարար քանակություն, տեղաշարժման համար ան­հրա­ժեշտ տարածք և պայմաններ»: Մինչդեռ կենդանիների համար, որպես ընդհանուր կա­նոն, պատասխանատվություն են կրում պահողները և հասկանալի չէ, թե ինչ տրա­մա­բանությամբ է «վաճառք իրականացնող կառույցների պատասխանատուների» համար սահմանվում նման պարտավորություն:       
          2) 2-րդ մասի համաձայն` «Կենդանիների վաճառքը կարելի է իրականացնել միայն մասնագիտացված խանութներում և կենդանիների շուկաներում` տեղական ինք­նակառավարման մարմնի կողմից տրված թույլտվության առկայությամբ և կենդանիների նույնականացման անձնագրերի պարտադիր առկայությամբ»: Մինչդեռ «Անասնա­բուժության մասին» ՀՀ oրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանվում է` «5) կենդանիների, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների տեղափոխումը և իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ.»: Ուստի առաջարկում ենք նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել:      
          Միաժամանակ անհրաժեշտ է հստակեցնել, արդյոք համապատասխան թույլ­տվու­թյան առկայությունը վերաբերում է կենդանի վաճառողին, թե մասնագիտացված խանութներին և կենդանիների շուկաներին:       
          Ընդ որում՝ նշված կարգավորումը խնդրահարույց է նաև քաղաքացիական շրջա-նառությունը սահմանափակելու տեսանկյունից, քանի որ փաստորեն կենդանու սեփա­կանատերը զրկվում է իր հայեցողությամբ ազատորեն կենդանին օտարելու հնարավո­րությունից, ինչը գործնականում կարող է հանգեցնել նրան, որ կենդանիների սեփա­կա­նատերերը պարզապես ձեռնարկեն միջոցներ՝ օրենքը շրջանցելու համար:        
          16. Նախագծի 17-րդ հոդվածի՝  
          1) 3-րդ մասով նախատեսվում է, որ` կենդանիների կացարանների պատասխա­նատուները պարտավոր են անհրաժեշտության դեպքում սահմանել կարանտին: Մինչ­դեռ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահ­մանվում է, որ` անասնաբուժության ոլորտում տարածքային կառավարման մարմնի պարտականությունն է նաև «լիազոր մարմնի ներկայացմամբ համապատասխան տա­րածքում` համայնքում, բնակավայրում կենդանիների կարանտինային հիվանդություն­նե­րի բռնկման դեպքում կարանտին սահմանելը և չեղյալ հայտարարելը:»: Հաշվի առնելով վերոգրյալը`  առաջարկում ենք վերոնշված մասը խմբագրել,    
          2) 5-րդ մասի համաձայն՝ կորած կենդանին կացարանում հայտնվելով ենթարկ­վում է պարտադիր ստերջացման, եթե 7 աշխատանքային օրվա ընթացքում տիրապ­ե­տողը չի գտնվում:
          Այս առումով գտնում ենք, որ պարզ չէ, թե ինչով է պայմանավորված «7 աշխա-տանքային օրվա» նախատեսումը, ուստի անհրաժեշտ է սահմանել այնպիսի ողջամիտ ժամկետ, որը բավարար կլինի կենդանու տիրապետողին գտնելու համար:   
          Բացի այդ, պարզ չէ, թե ինչպես է պարզվելու կենդանին թափառող է, թե տնային:    Ընդ որում՝ նշված կարգավորումը խնդրահարույց է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 183-184-րդ հոդվածների առումով, որոնցով առկա կարգավորումների համա­ձայն՝ սեփականատիրոջ հայտնաբերման ժամանակահատվածը վեց ամիսն է:        
          17. Նախագծի 18-րդ և 19-րդ հոդվածները կենսանվտանգության ապահովման հիմնարար խնդիր ունեն, մասնավորապես`          
          1) 18-րդ հոդվածի 1-ին մասում հստակ չէ լաբորատոր փորձարարական կեն­դա­նի­ների հարցը, որոնց հետ աշխատում են առողջապահական, կենսաբանական լաբո­րա­տորիաները՝ մկներ, ճագարներ, գորտեր և այլն: Այս կենդանիների հետ աշխատանքներ են տարվում նաև որպես մարդկային հարուցիչների պահոցների: Ուստի, հարց է առա­ջանում, թե վերջիններիս հետ տարվող աշխատանքներն ինչպե՞ս են կարգավորվելու:        

Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի վերաբերյալ հարկ է նշել, որ կենդանիների նկատմամբ գիտահետազոտական փորձարկումներ կատարող կազմակերպությունները պետք է նախ գրանցվեն կենսանվտանգության ապահովման ոլորտի լիազոր մարմնում (Ազգային անվտանգության խորհուրդ), և սահմանվեն այդ կազմակերպություններին ներ­կայացվող պահանջները, քանի որ գործընթացը կենսանվտանգության ենթակայու­թյան հարց է. 
          2) 19-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետում «կազմակերպական-իրավական ձևը,» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ կազմակերպության անվանումն արդեն իսկ իր մեջ ներառում է կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ դրույթներ: Հիշյալ առա­ջարկությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներից.
          3) 19-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկում ենք նշել, թե որ օրենքով է տվյալ հարցը կարգավորվելու:   
          18. Նախագծի 20-րդ հոդվածի 8-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ գյուղատնտեսական կենդանիների հետ կապված հարաբերությունները ներկայացված օրենքի կարգավորման առարկա չեն:    
          19. Նախագծի 22-րդ հոդվածում հստակեցված է, թե որ դեպքում է առաջանում քրե­ական, որ դեպքում՝ վարչական պատասխանատվություն: Հարկ է նկատի ունենալ, որ նման տարանջատման անհրաժեշտությունը բացակայում է: Բավարար է նշել, որ օրեն­քի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխա­նատ­վություն:        
          20. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, առաջարկում ենք օրենքի նախագծի 7-րդ գլխի վեր­նագրում «եզրափակիչ» բառից հետո լրացնել «և անցումային դրույթներ» բառերը, ինչ­պես նաև՝ նույն գլխի 23-րդ հոդվածը «տասներորդ օրը» բառից հետո լրացնել «բացա­ռու­թյամբ 11-րդ հոդվածի 6-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում տեղական ինքնակա­ռա­վար­ման մարմինների կողմից հաստատված համապատասխան կարգի ուժի մեջ մտնելու պահից» բառերով: 
          21. Նախագծի հավելվածով հաստատվում է պոտենցիալ վտանգավոր շների ցանկը:
          Այս առումով պարզ չէ և անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ չափանիշների հիման վրա է մշակվել հիշյալ ցանկը: Մասնավորապես՝ պարզ չէ, օրինակ՝ գերմանական հով­վա­շանը, որպես պոտենցիալ վտանգավոր շուն, հիշյալ ցանկում ներառելու հանգա­մանքը, կամ Յագտերյեր տեսակի շանը, որը հանդիսանում է որսորդական շուն:        
          Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագիծն ունի լրացուցիչ հիմնա­վորման և լուրջ լրամշակման կարիք:       
                  
          II. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.       
          «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 145-րդ հոդ­վածում, որի համաձայն՝ իրավունքներն իրացնելիս կենդանիների նկատմամբ արգելվում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սկզբունքներին հակասող վերաբերմունքը:   
          Այս առումով գտնում ենք, որ հիշյալ կարգավորման նախատեսումն առարկա­յազուրկ է, քանի որ Օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված է, որ կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախա­տեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:   
          Վերոգրյալից հետևում է, Օրենսգիրքն արդեն իսկ կարգավորել է ընդհանուր կա­նոն­ներից տարբերվող կանոնների կիրառման հետ կապված հարաբերությունները, հետևա­բար հիշյալ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
                  
          III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերա­բեր­յալ.         
          1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան օրենսգրքում (այսուհետ՝ օրենսգիրք) փոփոխություն կատարելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտումը (բացառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասը) առա­ջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվա­զա­գույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երեք հարյուրա­պա­տիկի չափով:
          Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի հա­մա­ձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետևանքով վնաս է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը առաջացնում է տուգանքի նշանակում` սահ­ման­ված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:     
          Այս առումով հարկ է նկատել, որ նախագծով նախատեսված փոփոխության արդ­յունքում խնդրահարույց է դառնում նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրա­վախախտման համար սահմանված տուգանքի չափը` կատարված իրավախախտման բնույթի հետ անհամաչափության տեսանկյունից, հատկապես այն պարագայում, երբ հիշյալ հոդվածի 2-րդ մասի դրույթները նախատեսում են նույն արարքների կատարում` ծանրացնող հանգամանքներում:     
          Բացի այդ՝ նախագծի 1-ին հոդվածում «113-րդ հոդվածի» բառերից հետո ան­հրաժեշտ է լրացնել «վերնագիրը և» բառերը՝ նկատի ունենալով օրենսգրքի 113-րդ հոդվածի վերնագրում կատարվող փոփոխությունը:     
          Միաժամանակ առաջարկում ենք քննարկել օրենքի նախագծում «Նախազգու-շա­ցում»-ը որպես տուգանքի միջոցի   կիրառում։
                  
          IV. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կա-տարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.  
          1. Նախագծով նախատեսվում է օրենսգրքի «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը» վերտառությամբ 258.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբա-գրությամբ՝ սահմանելով, որ  Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենդանիների նկատմամբ արգելված գործողություններից որևէ մեկը կատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրա­պա­տիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: 
          Հիշյալ հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիշյալ հոդվածի հանցակազմը նախատեսում է «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբեր­մունքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենդանիների նկատմամբ արգելված գործողություններից որևէ մեկի կատարում, մինչդեռ հիշյալ օրենքում նախատեսված գործողությունները խնդրահարույց են՝ իրավական որոշակիու­թյան, օգտագործվող ձևակերպումների անհստակության, բավարար մատչելիության, համապատասխան սուբյեկտների կողմից իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորության և օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքների առաջացման կան­խատեսելիության պահանջների տեսանկյունից: Հետևաբար նախքան հիշյալ գործո­ղությունների համար քրեական պատասխանատվության նախատեսումը, անհրաժեշտ է վերանայել «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի    10-րդ հոդվածի կարգավորումները՝ հիշյալ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների համատեքստում:        
          Բացի այդ, հաշվի առնելով արարքների տարբեր հանրային վտանգավորության աստիճանը՝ անհրաժեշտ է նաև տարբերակում մտցնել սանկցիաների միջև: 
          Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծին անհրաժեշտ է անդրադառ­նալ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքում առաջարկությամբ բարձրացված խնդիրներ համատեքստում համապատասխան փոփո­խու­թյուններ կատարելուց հետո:         
          V. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.   
          1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այ­սուհետ՝ օրենք) փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի     32-րդ, 34-րդ, 36-րդ, 37-րդ հոդվածները, 35-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածի    2-րդ մասի  1-14-րդ կետերը, 16-րդ կետի «բ» ենթակետը, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերը: Մասնավորապես՝ հիշյալ հոդվածները վերաբերում են կենդանիների բարեկեցու­թյանը, տնային կենդանիների պահման պահանջներին, կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականություններին և սահմանափակումներին, ինչ­պես նաև կենդանիների նկատմամբ փորձարկումների և այդ փորձարկումների թույլտվություններին:        
          Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ օրենքի հիշյալ հոդ­ված­ներն ուժը կորցրած են ճանաչվում և համապատասխան դրույթներ են սահմանվում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում՝ կեն­դանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ և համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:          
          Վերոգրյալի համատեքստում հարկ է նշել, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը տարածվում է անասնաբուժության ոլորտում ծագած հարաբերություններին մաս­նակից բոլոր սուբյեկտների, այդ թվում` անասնաբուժության ոլորտում գործունեու­թյուն իրականացնող անձանց վրա:
          Ավելին, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված է կենդանի­ների հասկացությունը, որի համաձայն՝ կենդանիներ են կաթնասունները, թռչունները, երկկենցաղները, սողունները, ձկները, կակղամորթները, խեցգետնակերպերը, խխունջ­ները, միջատները, այլ ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիները, որոնք պահվում են մարդկանց կողմից կամ ազատ գոյատևում են:     
          Այս առումով հարկ է նշել, որ կենդանիների բարեկեցության և այն պահպանելու գործում անձանց պարտականություններին և սահմանափակումներին վերաբերող հոդվածներն ուժը կորցրած ճանաչելու պարագայում բաց են մնում օրենքով նախա­տեսված այն կենդանիների բարեկեցությանը կամ այն պահպանելու գործում անձանց պարտականություններին և սահմանափակումներին վերաբերող դրույթների հետ կապված հարաբերությունները, որոնք ներառված չեն «Կենդանիների նկատմամբ պա­տասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման շրջանակ­ներում:  
          Ինչ վերաբերում է կենդանիների նկատմամբ փորձարկումների և այդ փորձար­կումների թույլտվություններին վերաբերող հոդվածներն ուժը կորցրած ճանաչելուն, հայտ­նում ենք, որ հիշյալ դրույթներն անհրաժեշտ է վերանայել՝ «Կենդանիների նկատ­մամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ տրված առաջարկության 1-ին կետի 7-րդ ենթակետի դրույթների համատեքստում:      
          2. Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի «ա» ենթակետում նախատեսվող փոփոխությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Քանի որ փոփոխությամբ պայմանավորված,  բացառվում է կենդանիներից միայն  շների պոչերի անդամատման վիրաբուժական մանիպուլյացիաների իրականացումն առանց ցավազրկման, ուստի գտնում ենք, որ նախատեսվող կարգավորումը ևս հստա­կեցման կարիք ունի:              
                  
          VI. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.
          1. Առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր հոդվածով՝ հետևյալ բովանդա­կու­թյամբ.       
          «Հոդված 1.  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ.    
          «39) հաստատում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմուն­քի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից բխող թույլտվության տրամադրման և այլ կարգեր»:    
          2. Հաշվի առնելով նախորդ առաջարկությունը նախագծի 1-ին հոդվածը խմբագ­րել, միաժամանակ լրացվող 58.1-ին հոդվածի՝     
          1) 1-ին մասում «պարտադիր» բառը փոխարինել «սեփական» բառով,   
          2) 2-րդ մասը և դրա 1-ին կետը հանել, քանի որ այն կարգավորված է «Կենդա­նի­ների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,
          3) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «և ստուգումներ» բառերը,        
          4) 2-րդ մասի մնացած կետերը շարադրել, որպես 1-ին մասի հերթական կետեր: Ներկայացված առաջարկությունները վերաբերում են նաև «Տեղական ինքնա­կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփո­խու­թյուններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:    

3. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված թույլտվությունների տրամադրման համար սահմանել տեղական տուրքեր՝ համապատասխան լրացումներ կա­տարելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև առանց համայնքի ղեկավարի կողմից տրամադրված թույլ­տվության իրականացվող գործունեության համար սահմանել վարչական պատաս­խա­նատվություն՝ համապատասխան լրացում կատարելով Վարչական իրավախախտ­տումների վերաբերյալ օրենսգրքում:        
                  
          VII. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքի նախագծի վերաբերյալ.   
          1. Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 50.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նա­խատեսված լիազորությունը (համայնքի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ իրավա­խախտումը կանխելու համար) վերանայման կարիք ունի, քանի որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին պարբերության 2-րդ կետից բխում է, որ հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը և կանխումը ոստիկանության խնդիրներն են:      
          Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը լուրջ լրամշակման կարիք ունի և իր պատրաստակամություն է հայտնում շահագրգռված գերատեսչությունների համապա­տաս­խան մասնագետների ընդգրկմամբ մասնակցելու նախագծերի փաթեթի լրամշակ­ման աշխատանքներին: