«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-363-13.11.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
                  
                  
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (Խ-363-13.11.2019-ՏՀ-011/0) առաջարկվում է սահմանել, որ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի այսուհետ՝ օրենսգիրք 230-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված՝ անշարժ գույքի հարկից և օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ փոխադրամիջոցների գույքահարկից ամբողջությամբ ազատման արտոնությունները կիրառվում են նաև առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ոստիկանության զոր­քերի այն ծառայողների նկատմամբ, ովքեր օրացուցային տարվա ընթացքում առնվազն 42 օր, սակայն 6 ամսվա ընթացքում ոչ պակաս, քան 28 օր, առաջնագծում իրա­կանացրել են մարտական հերթապահության: Ընդ որում, եթե առաջնագծում մար­տական հերթապահությունն իրականացվել է 6 ամսվանից ավելի, սակայն մեկ տար­վանից պակաս ժամկետով, ապա արտոնությունները կիրառվում են միայն առաջ­նագծում մարտական հերթապահություն իրականացրած ամիսների մասով:      
Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված՝ անշարժ գույքի հարկից և օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ փոխադրամիջոցների գույքահարկից մասնակի ազատման արտոնությունները կիրառ­վում են նաև առնվազն 9 տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրակա­նացրած ոստիկանության զորքերի ծառայողների նկատմամբ:        
Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ ներկայացված առաջարկու­թյունը հիմնավորվում է նրանով, որ նմանատիպ արտոնություններ առկա են նաև զինծառա­յողների մասով և, կարևորելով սոցիալական երաշխիքների անհրա­ժեշ­տու­թյունը, առաջարկվում է նմանատիպ արտոնություններ կիրառել նաև մարտական հեր­թապահություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ:        
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտ­նում է հետևյալը. օրենսգրքի՝ 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարող­ներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրա­պետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից.        
230-րդ հոդվածի 1-ին մասի՝      
ա. 15-րդ կետի համաձայն՝ ծառայության ընթացքում անշարժ գույքի հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնա­կից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` նույն կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված հարկվող օբյեկտների մասով: Նույն կետի վերջին պարբերության համաձայն՝ նույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառ­վում, եթե հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման,         
բ. 16-րդ կետի առաջին պարբերության համաձայն՝ նույն մասի 15-րդ կետի «ա»-«գ» ենթակետերին համապատասխան, պարտադիր ժամկետային ծառայության ժամ­կետի ավարտից հետո, անշարժ գույքի հարկից ազատվում են նաև Հայաստանի Հան­րա­պետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմա­ուսում­նական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադ­րական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով): Նույն կետի երրորդ պարբերության համաձայն՝ նույն կետով սահմանված արտոնությունները չեն կիրառ­վում, եթե հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև այն դեպքում, երբ հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ձեռք է բերվել ծառա­յության ժամկետի ավարտից հետո.
239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով Հայաս­տանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից.      
245-րդ հոդվածի 1-ին մասի՝      
ա. 4-րդ կետի համաձայն՝ ծառայության ընթացքում փոխադրամիջոցների գույքա­հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող ան­ձինք` սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով: Նույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման,
բ. 5-րդ կետի առաջին պարբերության համաձայն՝ պարտադիր ժամկետային ծա­ռա­­յության ժամկետի ավարտից հետո փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև նույն մասի 4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժե­րում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով: Նույն կետի երրորդ պարբերության համաձայն՝ նույն կետով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավար­ման, ինչպես նաև այն դեպքում, երբ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո: Այս առումով հայտնում ենք, որ գույքային հարկերից ազատման արտոնության նման շրջանակի սահմանումն ունի հստակ ընդգծված տրամաբանություն և նպատակադրում: Մասնավորապես՝  միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքային հարկերից ամբողջությամբ ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձինք, իրենց կամքից անկախ, զրկվում են ինչպես այդ գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ՝ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից, հետևաբար, տրամաբա­նական է, որ վերջիններս ծառայության ընթացքում (եկամուտներ ստանալու հնարավո­րու­թյունից զրկված լինելու ժամանակահատվածում) ազատվեն գույքային հարկերից՝ բացառությամբ արտադրական կամ հասարակական գույքի մասով հաշվարկվող գույ­քա­հարկի պարտավորությունից: Նշված նկատառումը հիմնավորվում է նաև նրանով, որ այն բոլոր դեպքերում, երբ արտոնությունից օգտվող գույքից ստացվում են եկամուտներ (երբ գույքը հանձնվում է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման), արտոնությունը դադարում է գործել: Միաժամանակ, արտադրական կամ հասարա­կա­կան նշանակության գույքի նկատմամբ նշված արտոնությունը չկիրառելը հիմնավորվում է նրանով, որ արտադրական կամ հասարակական նշանակության գույքից եկամուտներ ստանալու հնարավորությունը, զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված, չի սահմանափակվում, պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո գույքային հարկերից ազատման արտոնությունը միայն ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձանց նկատմամբ կիրառելը զինված ուժերը որակավորված սպայական կազմով հա­մալրելը խթանելու նպատակադրում ունի: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, նշված արտոնության կիրառման առումով, ժամկետային սահմանափակում նախա­տեսված չէ` արտոնությունից օգտվելու չարաշահումների հնարավորությունները կան­խե­լու և համայնքների եկամուտներն անհարկի նվազեցնելու ռիսկերը սահմանափակելու համար օրենսգրքով՝ նշված արտոնության մասով սահմանվել են հարկման բազայի որոշակի շեմեր: Բացի դրանից, պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո գույքային հարկերից ազատման արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:     
Նախագծով ներկայացված առաջարկությունը, սակայն, հակադրվում է նշված տրամաբանությանը և նպատակադրումներին, քանի որ առաջարկվում է արտոնու­թյուն­ների տրամադրումը պայմանավորել միայն մարտական հերթապահություն իրականաց­նելու հանգամանքով, որի համար ծառայողները շարունակում են ստանալ վարձատ­րություն (աշխատավարձ)։ Ընդգծենք նաև, որ նույն տրամաբանությամբ գույքային հարկերի գծով հարկային արտոնություններ չեն կիրառվում նաև պայմանագրային հիմունք­ներով զինվորական ծառայություն անցնող անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձինք նախ՝ զինվորական ծառայության են անցնում կա­մա­վոր հիմունքներով, և երկրորդ՝ զինվորական ծառայության ընթացքում, ի տարբերու­թյուն պարտադիր զինվորական ծառայության, ստանում են վարձատրություն: 
Ավելին, տեղին ենք համարում նաև նշել, որ ոստիկանության զինծառայողները մարտական հերթապահության համար հավելյալ վարձատրվում են:    
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով օրենքով սահման­վում են հարկային և ոչ հարկային այնպիսի աղբյուրներ, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրների իրականացումն ապահովելու համար: Սահմանադրական հենց այս նորմի իրագործման նպատակով գործող հարկային օրենսդրությամբ սահմանվել է, որ այդ­պիսի հարկային աղբյուրներ են համարվում, մասնավորապես, անշարժ գույքի հարկն ու փոխադրամիջոցների գույքահարկը:     
Միաժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապե­տության օրենքներով համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է օրենքով սահմանված կարգով փոխհատուցի պետությունը՝ բացառությամբ հար­կային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտա­վորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահմանված այլ դեպքերի: «Երևան քաղաքում տեղա­կան ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդ­վածի  2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդու­նած օրենքներով Երևանի եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը՝ բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահ­մանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հար­կային արտոնությունների տրամադրումից և հարկի վերացումից) և օրենքով սահման­ված այլ դեպքերի:
Հետևաբար, ներկայացված առաջարկության ընդունման արդյունքում համայնքի բյուջեների եկամուտների կորուստները ենթակա են ֆինանսավորման՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:         
Բացի դրանից, համայնքների սեփական եկամուտների նվազեցումը, մի կողմից, հակասում է «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» նախաբանին, որտեղ խարտիան վավերացրած երկրները, այդ թվում` Հայաստանի Հանրապետու­թյունը, համակարծիք են, որ խարտիային միացած երկրներում տեղական ինքնակա­ռավարման պաշտպանությունն ու ամրապնդումը նշանակալի ներդրում են ժողովրդա­վարական սկզբունքների և ապակենտրոնացված իշխանության վրա հիմնված պետու­թյան կառուցման գործում, մյուս կողմից, էլ ավելի է մեծացնում Հայաստանի Հանրա­պետության պետական բյուջեի ծախսերի վրա ճնշումը: Վերջինս, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, բացի համայնքների սեփական եկամուտների կորուստների փոխհատուցմամբ պայմանավորված ծախսերի աճից, պետք է ավելացնի ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրվող դոտացիաները, քանի որ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ֆինանսական համահար­թեցումը, ի թիվս այլ գործոնների, հակադարձ կախվածության մեջ է համայնքների սե­փա­կան եկամուտների հետ: Արդյունքում՝ նախագծով առաջարկվող արտոնությունները կունենան կրկնակի բացասական ազդեցություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա:     
Նախագծով առաջարկվող արտոնությունները չեն բխում հարկման արդարության ու հավասարության սկզբունքներից: Մասնավորապես, առաջարկություների ընդունման դեպքում կստացվի այնպես, որ մարտական հերթապահություն իրականացնող ոստիկա­նության ծառայողները կազատվեն անշարժ գույքի հարկից և փոխադրամիջոցների գույ­քահարկից, իսկ այլ մարմինների (Հայաստանի Հանրապետության պաշտապանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառա­յու­թյան) մարտական հերթապահություն իրականացնող ծառայողները՝ ոչ:       
Նոր հարկային արտոնությունների տրամադրումը չի բխում ներկա փուլում Հա­յաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող հարկային քաղա­քա­կանության նպատակադրումից և ուղղություններից, քանի որ ներկա փուլում իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազայի ընդ­լայնմանն ու ամրապնդմանը։ Հետևաբար, հարկային արտոնությունների ձևով աջակ­ցության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել միայն այն դեպքում, եթե կատարված վերլուծություններով և ուսումնասիրություններով հիմնավորվել է, որ հարկային արտո­նու­թյունների տրամադրումն աջակցության ամենաառաջնային և ամենաարդյունավետ քայլը կարող է լինել։    
Անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ ծախսային քաղաքականության շրջանակ­ներում աջակցության բյուջետային գործիքակազմն ավելի հասցեական ու, հետևաբար, նաև ավելի արդյունավետ է։ Մասնավորապես, եթե նախատեսվում է աջակցել մար­տական հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողներին, ապա ավելի արդյունավետ, թիրախային, հետևաբար, նաև ավելի նպատակահարմար կլինի աջակցությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող բոլոր ծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումներ կատարելու միջոցով։ Նշվածը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ոչ բոլոր ծառայողներն ունեն գույք, մասնավորապես, փոխադրամիջոց, հետևաբար, նախագծի ընդունման դեպքում մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության ոչ բոլոր ծառայողներն են համարվելու աջակցության շահառու։     
Նկատենք նաև, որ օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի   2-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու սահմանած կարգով կարող է սահմանել անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնություններ և դրանց մասով ընդունել անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին որոշումներ: Հետևաբար, եթե խնդիրը մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողներին օժան­դակելն է, ապա կարծում ենք, որ առավել նպատակահարմար է քննարկել համայնքների ավագանիների կողմից խնդրո առարկա դեպքերում հասցեական արտոնություններ տրամադրելու հնարավորությունների հարցը։ 
Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները (այդ թվում` օրենս­գրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով նույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` օրենսգրքի   246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով հաշ­վարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկ­տեմ­բե­րի 1-ը ներառյալ` հաշվի առնելով նույն հոդվածով սահմանված առանձնահատ­կություն­ները:   
Այս առումով հայտնում ենք, որ առաջարկվող՝ գույքային հարկերից ամբողջու­թյամբ ազատման արտոնության կիրառման ժամանակ առաջանալու են մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, գործնականում առկա են լինելու բազմաթիվ դեպքեր, երբ արտոնությունը կիրառելի լինելու հանգամանքը որոշելու համար անհրաժեշտ է լինելու որպեսզի տարին ավարտվի։ Մյուս կողմից, գույքային հարկերի գծով պարտավորու­թյուն­ները պետք է կատարվեն մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ, հետևաբար, ստաց-վելու է այնպես, որ պարտավորությունները կատարվելու են, որից հետո անհրաժեշտ է լինելու վերադարձնել կամ հաշվանցել արդեն իսկ կատարված պարտավորությունները։   Օրենսգրքի 232-րդ և 247-րդ հոդվածների համաձայն՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժա­մանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: Այս առումով հայտնում ենք, որ գործող օրենսդրությամբ գույքային հարկերի՝ ըստ ամիսների հաշվարկման ընթացակարգեր սահմանված չեն, ինչը նշանակում է, որ նախագծով ներկայացված՝ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած ամիսների համար արտոնություն կիրառելու վերաբերյալ առաջարկությունն անիրագործելի է:   
Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածները թողնել անփոփոխ: