«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-172-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՕ-206-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Խ-355-12.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՕ-172-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ նախագծեր) առաջարկվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այդ թվում՝ պատգամավորների համար սահմանել կարգավորում, որի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո ոչ թե մեկ ամսվա ընթացքում, այլ մինչև լիազորությունների ստանձնման պահը, իսկ պատգամավորների համար՝ պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մինչև նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը, պարտավոր են ապահովել նշված օրենքներով նախատեսված անհամատեղելիության պահանջների կատարումը:

Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին: Այսպես՝

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:»:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասի՝

 «2. Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:»:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  100-րդ հոդվածի՝

«1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով համապետական ընտրական ցուցակից և տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:( ...):»:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի՝

«Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:»:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի՝

«2. Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:»:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝

«5. Պատգամավորը պարտավոր է ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը»:»:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի՝

«2. Պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`

1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից.

2) ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից.

3) դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում  իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման.

4) հրաժարվել առևտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից.

5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից՝ բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների.

6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից՝ բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:»:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝           

«1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:»:

Համաձայն  նույն հոդվածի 5-րդ մասի՝

«5. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում  նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը:»:

Նախքան առաջարկվող փոփոխություններին անդրադառնալը՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել անհամատեղելիության պահանջի էությունը՝ այն մասնավորեցնելով պատգամավորի պաշտոնի դեպքում:

Կարևորելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում անհամատեղելիության սկզբունքի ամրագրումը և օրենքներում դրա մանրամասն կարգավորումը` որպես պրոֆեսիոնալ խորհրդարանի ստեղծման և կայացման համար ամուր իրավական հիմք, հարկ ենք համարում նշել, որ քաղաքական և իրավական համակարգի գործառույթների պատշաճ իրականացումը պահանջում է պատգամավորի մանդատի արդյունավետ պաշտպանություն և պաշտպանական այնպիսի միջոցների սահմանում, ինչպիսիք են անհամատեղելիությունն ու անձեռնմխելիությունը: Անհամատեղելիության ինստիտուտի իմաստը երկու պաշտոնները կանոնավոր համատեղելու արգելքն է, որպեսզի հնարավոր լինի ապահովել հասարակական պաշտոն զբաղեցնող անձի անկախությունը՝ մի կողմից մեկ անձի ձեռքում արտոնությունների անհամաչափ համակենտրոնացումը կանխելու, մյուս կողմից՝ անձի մասնագիտական և էթիկական ամբողջականությունը պաշտպանելու համար: Անհամատեղելիությունը պաշտպանության միջոց է ոչ միայն ուղղակիորեն այն պաշտոնի համար, որի համար այն սահմանված է, այլև այն պաշտոնների, որոնց հետ տվյալ պաշտոնը դառնում է անհամատեղելի՝ կանխելով դրանց համադրությունը:

Անհամատեղելիության հստակ որոշումը հիմնավորված է նրանով, որ պատգամավորը պետք է ոչ միայն անկախ լինի ազդեցության ցանկացած ձևերից, այլև զերծ մնա այլ պաշտոններ զբաղեցնելուց կամ այլ գործողություններ կատարելուց, որոնք իրենց բնույթով հակասում են ներկայացուցչական մանդատին կամ կարող են դժվարություններ առաջացնել դրանց կատարման ընթացքում:

Անհամատեղելիությունը, բացի պատգամավորի անկախությունը պաշտպանելուց, կարևորություն է ներկայացնում նաև շահերի բախման տեսանկյունից: Խորհրդարանական մանդատը մեկ այլ պաշտոնի հետ համատեղելիս՝ պատգամավորը բախվում է իր կարգավիճակի ենթադրյալ նախապատվություններին և պարտականություններին, ինչը կարող է հանգեցնել համակցված պաշտոնից նյութական կախվածության և մանդատի ազդեցության միջոցով մասնավոր հարցերի լուծման հնարավոր փորձերի: Բացի դրանից, պատգամավորական լիազորությունները պահանջում են ջանքերի մեծ կենտրոնացում, ինչը ենթադրում է պետական կամ մասնավոր հատվածի ցանկացած այլ պաշտոնի հետ անհամատեղելիություն:

Հետևաբար, պատգամավորին ներկայացվող անհամատեղելիության պահանջը պատգամավորի ամենօրյա գործունեության տարր է, այլ կերպ ասած, պատգամավորի կողմից իր գործունեությունն իրականացնելիս, անկախության, օբյեկտիվության, պրոֆեսիոնալիզմի երաշխիք: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ պատգամավորի գործունեության հետ կապված սահմանափակումներն ինքնանպատակ չեն: Դրանք առաջին հերթին կոչված են ապահովելու պատգամավորի գործունեության անկախությունը:

Առհասարակ անհամատեղելիությունը ծագում է լիազորություններն սկսվելու պահից և ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում անձը պարտավոր է ընտրություն կատարել հօգուտ պաշտոններից մեկի:

Հետևաբար, պատահական չէ, որ անհամատեղելիության պահանջը տարածվում է հենց պաշտոն զբաղեցնող անձանց, այլ ոչ թե պաշտոնի թեկնածուների վրա: Մասնավորապես, դատավորի թեկնածուների վրա անհամատեղելիության պահանջները չեն տարածվում, և դատավորի թեկնածուն կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն առևտրային կազմակերպություններում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Ուստի, կարևորում ենք ճիշտ որոշել պաշտոնից բխող լիազորությունների ստանձնման պահը, քանի որ մինչև այդ պահը պաշտոնի նշանակված, սակայն լիազորությունները չստանձնած անձը չի իրականացնում տվյալ պաշտոնից բխող գործառույթներ, հետևաբար, նրա վրա չեն կարող տարածվել անհամատեղելիության պահանջներ:

Շարադրվածի համատեքստում, կարևորելով պատգամավորի լիազորությունների ծագման պահի գործնական կարևորությունը և իրավական նշանակությունը, հարկ ենք համարում նշել, որ Ազգային ժողովի պատգամավորների լիազորության ծագման վերաբերյալ ուղղակի կարգավորում առկա չէ: Առկա է միայն կարգավորում Ազգային ժողովի լիազորությունների մասով, համաձայն որի` հերթական ընտրության դեպքում նորընտիր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին, իսկ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: Հետևաբար, շարադրված կարգավորման հիման վրա կարող ենք եզրահանգել, որ ինչպես Ազգային ժողովի կազմավորման, այնպես էլ՝ պատգամավոր ընտրվելու դեպքում` լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահից:

Այդուհանդերձ, բաց է մնում այն պատգամավորի լիազորությունների սկիզբը որոշելու պահը, ով պատգամավոր է դառնում մեկ այլ պատգամավորի լիազորությունների դադարման արդյունքում (օրինակ՝ պատգամավորներից մեկի կողմից մանդատից հրաժարվելու դեպքում):

Տվյալ դեպքում կարևոր է հաշվի առնել այն, որ պատգամավորի նկատմամբ անհամատեղելիության պահանջը պետք է տարածվի այն պահից սկսած, երբ վերջինս իրավունք ունի հանդես գալու որպես պատգամավոր, օգտվելու պատգամավորի համար նախատեսված արտոնություններից և այլն:

Ուստի, տրամաբանական ենք համարում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորումը, որի դեպքում պատգամավորի համար նախատեսվում է պարտականություն` պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում ապահովելու անհամատեղելիության պահանջների կատարումը, ինչը ենթադրում է, որ օրենսդիրը նպատակ է ունեցել սահմանելու այնպիսի ողջամիտ ժամկետ, որը հնարավորություն կընձեռի պատգամավորներին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների և պատգամավորի գործունեության իրավաչափությունն ապահովման տեսանկյունից դրսևորել համապատասխան վարքագիծ, այսինքն՝ օրենքներով սահմանված կարգով իրականացնելու համապատասխան գործընթացներ:

Բացի դրանից, անհամատեղելիության պահանջների կատարումն ինքնին ենթադրում է ժամանակատար գործընթաց, օրինակ՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալը, գույքի գնահատումը, առևտրային կազմակերպության մասնակից

լինելու դեպքում առևտրային կազմակերպությունից դուրս գալը կամ բաժնեմասն ամբողջությամբ հավատարմագրային կառավարման հանձնելը, ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից հրաժարվելը և այլն: Այսպես, օրինակ, եթե պատգամավոր ընտրված անձը հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, կամ բաժնետիրական մի քանի ընկերություններում բաժնետոմսի սեփականատեր է, կամ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, ապա գործնականում հնարավոր է, որ պատգամավորի անհամատեղելիության պահանջն ապահովելը տևի բավականին երկար ժամանակ (օրինակ՝ հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու ընթացքը, բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու համար համապատասխան անձի հետ պայմանագիր կնքելը, բաժնետիրական ընկերության խորհրդի նիստ հրավիրելը և այլն):

Նշված խնդիրը հատկապես ակնառու է այլ պաշտոնների դեպքում, երբ պաշտոնի նշանակումը և լիազորությունների ստանձնումը միաժամանակ կամ գրեթե միաժամանակ (մի քանի օր տարբերությամբ) են տեղի ունենում: Օրինակ՝ փաստաբանական ընկերության միակ բաժնետեր և տնօրեն հանդիսացող փաստաբանը նշանակվում է նախարար: Այս դեպքում, օրինակ, փաստաբանական գործունեության արտոնագրի գործողության կասեցման համար անհրաժեշտ է համապատասխան ապացույցը, որ փաստաբանը նշանակվել է անհամատեղելի պաշտոնում: Հետևաբար, գործնականում հնարավոր չէ առանց նախարար նշանակվելու մասին հրամանի առկայության ձեռնամուխ լինել փաստաբանական գործունեության արտոնագրի գործողության կասեցմանը: Միաժամանակ անհնար է անգամ մի քանի օրվա մեջ ապահովել փաստաբանական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնումը, քանի որ փաստաբանական ընկերության բաժնետեր կարող է լինել միայն փաստաբանը (Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 1.4-րդ կետի համաձայն):

 Հակառակ պարագայում, եթե անհամատեղելիության պահանջը պայմանավորենք ոչ թե պատգամավորի գործունեության իրականացման, այլ մանդատի ստացման հետ, այսինքն՝ նախագծերով նախատեսված կարգավորման արդյունքում, ապա գործնականում հնարավոր է իրավիճակ, երբ փաստացի ժամկետների սեղմ լինելու պատճառով անհնար լինի ապահովել անհամատեղելիության պահանջի իրացումը: Ընդ որում, նմանատիպ օրինակ նշված է հենց նախագծերի հիմնավորման մեջ՝ կապված վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մանդատն ստանալու և Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրերի միջև ընկած ժամկետների (4 օր) հետ: Նման իրավիճակում փաստացի ստացվում է, որ պատգամավորը պարտավորված է ապահովել անհամատեղելիության պահանջների կատարումը՝ պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մինչև նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը, սակայն գործնականում օբյեկտիվորեն չի հասցնում, և վերջինիս կարող են ենթարկել պատասխանատվության:

Ընդ որում, պետք է նաև նկատի ունենալ այն, որ մեկամսյա ժամկետը պետք է մեկնաբանվի ոչ թե որպես ժամկետ, որի ընթացքում թույլատրվում է, օրինակ, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (այսինքն՝ մեկամսյա ժամկետը չի ենթադրում համապատասխան գործընթացների իրականացում մեկ ամիս հետո), այլ ժամկետ, որն սկսվելու պահից սկսած համապատասխան պաշտոնատար անձը ձեռնամուխ է լինում անհամատեղելիության պահանջների կատարումն ապահովելուն:

Անդրադառնալով նախագծերի հիմնավորումներում նշված հակասահմանադրականության հարցին՝ հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարտավորեցնում է պատգամավորին չզբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, չզբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, չկատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Նշված կարգավորումը վերաբերում է պատգամավորի գործունեության ընթացքում նշված գործողություններն իրականացնելու արգելքին: Ինչ վերաբերում է պատգամավոր ընտրվելու պահի դրությամբ առկա իրավիճակին, ապա այդ դեպքում արդեն գործում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումները, այն է՝ մանդատն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ձեռնամուխ լինել անհամատեղելիության պահանջի ապահովմանը:

Շարադրվածի հիման վրա կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները՝

  1. Անհամատեղելիության պահանջը պատգամավորի և այլ հանրային ծառայողի գործունեության անկախությունն ապահովող երաշխիք է: Այն տարածվում է հենց տվյալ գործունեության, այլ ոչ թե գործունեություն իրականացնելուն հավակնելու հարաբերությունների վրա:
  2. Անհամատեղելիության պահանջի պահպանումը ենթադրում է որոշակի ողջամիտ ժամկետ, որպեսզի անձը գործնականում ռեալ հնարավորություն ունենա ապահովելու իր վրա դրված պարտականությունների կատարումը:
  3. Անհամատեղելիության պահանջը քննարկելիս՝ պետք է տարանջատել պաշտոն ստանձնելուց հետո նոր իրականացվող գործունեությունը նախքան պաշտոնի ստանձնումն իրականացված գործունեությունից: Եթե առաջինի դեպքում պաշտոն զբաղեցնելու պահից սկսած անձն իրավունք չունի, օրինակ, սկսել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ նոր վճարովի աշխատանք իրականացնել, ապա նախքան պաշտոն զբաղեցնելն ունեցած աշխատանքի կամ իրականացրած ձեռնարկատիրական գործունեության համար պետք է տրվի ժամկետ՝ ապահովելու համար պաշտոնի հետ կապված գործունեության անկախությունը:
  4. Նախագծերի ընդունման դեպքում գործնականում անհնար է լինելու ապահովել անհամատեղելիության պահանջի կատարումը հատկապես այն պաշտոնների դեպքում, որոնց նշանակման և լիազորությունների ստանձնման միջև ժամանակահատվածը չնչին է:
  5. Նախագծերի ընդունման դեպքում ընդհանրապես բաց է մնում այն պատգամավորների անհամատեղելիության պահանջների իրականացման ժամանակահատվածը, ովքեր պատգամավորի մանդատ են ստանում այլ պատգամավորի մանդատի գործողության դադարման պահից հետո:

Ամփոփելով շարադրվածը՝ գտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ կապված առաջարկութամբ բարձրացված խնդիրների համատեքստում նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների համապատասխանության տեսանկյունից, համապատասխանում են գործնականում դրանք կիրառելու իրական հնարավորությանը, հետևաբար, նշված օրենքներում որևէ փոփոխություն նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է: Ուստի, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծերով քննարկվող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 23-րդ հոդվածում նախագծով նախատեսվող փոփոխությանը, հարկ է անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին՝

«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի «Անցումային դրույթները» վերտառությամբ 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«3. Սույն օրենքի 31-33-րդ հոդվածները, 34-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ են մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 23-24-րդ, 30-31-րդ հոդվածների, 32-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:»:

2019 թվականի նոյեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«3. Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է հետևյալ կերպ` մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է հանձնաժողովի հինգ անդամներին (...):»:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից` 2019 թվականի նոյեմբերի 20-ին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 23-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել, հետևաբար, նշված օրենքում փոփոխություն կատարել հնարավոր չէ: