«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ-ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-275-10.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ  

          «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է գործող օրենքի (այսուհետ՝ օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասից հանել «15 000 և ավելի բնակչություն ունեցող» բառերը, ինչի արդյունքում, անկախ համայնքի բնակչության թվից, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն է առաջանում Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարների համար։ Միաժամանակ, նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում  է, որ սույն  օրենքն  ուժի  մեջ  է մտնում  2020  թվականի  հունվարի 1-ից: 
          Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման ինստիտուտը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ միջոց: Այն նախ և առաջ արտացոլված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում:     
          Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը, որում, մասնավորապես, սահմանվել է, որ մինչև 2021 թվականն ընդլայնվելու է հայտարարատուների շրջանակը՝ հայտարարատուների ցանկում, ի թիվս մի շարք այլ պաշտոնյաների, ներառելով նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներին և աշխատակազմերի քարտուղարներին, հանրային նշանակության կազմակերպություններում վարչական պաշտոն զբաղեցնող անձանց: Հակակոռուպցիոն ռազմավարությամբ աստիճանաբար անցում է կատարվելու համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը:    Բացի դրանից՝ նշված հանձնառությունն ամրագրվել է նաև Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Բաց կառավարման գործ-ընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը հաստատելու մասին» N 1307-Լ որոշմամբ՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի կատարելագործում» հանձնառության շրջանակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավորվել է մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը ընդլայնել հայտարարատու պաշտո-նատար անձանց շրջանակը, ի դեմս  «.....15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմերի քարտուղարների»:
          Հարկ է նկատել, որ հայտարարատու անձ շրջանակի ընդլայնումն առաջացնում է լրացուցիչ հայտարարագրերի ընդունման ու վերլուծության ծանրաբեռնվածություն, որը պահանջում է աշխատակազմի լրացուցիչ ռեսուրսներ: 
          Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարագրման ինստի-տուտի կատարելագործման և հայտարարատու անձանց շրջանակի ընդլայնման խնդիրների լուծումը կիրականացնի փուլ առ փուլ՝ ապահովելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր լիազորությունների անխոչընդոտ իրկականացումը:          
          Ելնելով շարադրվածից՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը ներկա փուլում թողնել անփոփոխ՝ մինչև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ավելի համապարփակ փոփոխությունների կատարումը:   
          Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  
          1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը գործում է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը.  
          2) ներկայացված նախագծով փոփոխության ենթարկվող 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթն ուժի մեջ են մտնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից:        
          Ուստի, 2011 թվականի մայիսի 26-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-172-Ն օրենքում փոփոխություն նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է:

Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում, փոփոխությունը պետք է նախատեսվեր 2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» ՀՕ-206-Ն օրենքի 34-րդ հոդվածում: