ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 25.03.2020թ. առաջին ընթերցմամբ քննարկած, մերժված  և ՀՀ ԱԺ որոշմամբ գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-298-26.09.2019,11.11.2019-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

1. Առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 147-րդ հոդվածում կատարվող լրացումը շարադրել հետևյալ խմբագրությամբ․  

«4.1. բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ստացված գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպությունները ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու՝ այն մասով, որ մասով այդ գումարները ապահովագրության պայմանագրի համաձայն՝ բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու ֆիզիկական անձին կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական անձի վարկի մարմանը.»։

Անհրաժեշտ է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել նաև շահութահարկի մասով։ Մասնավորապես, անհրաժեշտ է լրացումներ կատարել շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ և ծախս չհամարվող տարրերը սահմանող՝ Օրենսգրքի 108-րդ և 112-րդ հոդվածներում, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող այլ նվազեցումները սահմանող՝ Օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Այս առումով, ստորև ներկայացնում ենք խնդրո առարկա լրացումների և փոփոխությունների՝ մեզ համար ընդունելի տարբերակները։

«Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով․

«21) բանկերի կամ վարկային կազմակերպությունների ստացած գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպությունները ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու՝ այն մասով, որ մասով այդ գումարները ապահովագրության պայմանագրի համաձայն՝ բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկի մարմանը.»: 

Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով. 

«16) բանկերի կամ վարկային կազմակերպությունների վճարած գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպությունները ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու՝ այն մասով, որ մասով այդ գումարները ապահովագրության պայմանագրի համաձայն՝ բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկի մարմանը.»: 

Օրենսգրքի 124-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․ 

«Հոդված 124. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող այլ նվազեցումները  

1. Ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարները, ինչպես նաև կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով կրած կորուստները։

2. Ռեզիդենտ ապահովագրական ընկերությունների համար հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ապահովագրական և վերաապահովագրական հատուցումները, ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով կատարվող ծախսերը։»:

Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված` անհրաժեշտ է կարգավորել նաև անցումային հարաբերություններ։ Այս առումով, առաջարկում ենք նախագծի ուժի մեջ մտնելու հոդվածով սահմանել, որ 108-րդ և 112-րդ հոդվածներում կատարվող լրացումներն ուժի մեջ են մտնում նախագծի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում են 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։»։

        
         ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ