ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Գալստյան

        Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-298-26.09.2019,11.11.2019-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.                                      
        «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը, մասնավորապես, հայտնել է, որ ապահովագրական հատուցումները շահառու համարվող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ստանալու գործընթացում առկա են ոչ միայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների հարկման հետ կապված՝ հստակեցման ենթակա կարգավորումներ, այլ այդ հարաբերություններում առկա են նաև այլ խնդիրներ, որոնց անհրաժեշտ է տալ համակարգային լուծումներ: Այդ խնդիրների առաջացման պատճառը հիմնականում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումն է, որի համաձայն՝ շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է: Նշյալ կարգավորման արդյունքում ստացվում է, որ խնդրո առարկա հարաբերություններում շահառու հանդիսացող բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեռք է բերում ապահովագրական հատուցում ստանալու իրավունք, որի հետևանքով նշյալ սուբյեկտների մոտ այդ հատուցման գումարները հաշվառման հաշվեգրման սկզբունքի ներքո շահութահարկով հարկման նպատակով որպես եկամուտ հաշվառելու, իսկ հետագայում ապահովադիրներին փոխանցելու դեպքում՝ նաև շահութահարկով հարկման նպատակով որպես համախառն եկամտից նվազեցում հաշվառելու անհրաժեշտություն է առաջանում: Մինչդեռ, գտնում ենք, որ հարկային քաղաքականության ու հարկային վարչարարության տեսանկյունից ճիշտ մոտեցում կլինի, եթե ստացվող ապահովագրական հատուցումները և ապահովադիրներին փոխանցվող գումարները շահութահարկով հարկման նպատակով բանկի կամ վարկային կազմակերպության մոտ չհամարվեն՝ համապատասխանաբար եկամուտ և նվազեցում։ Քանի դեռ այս հարցը հստակ կարգավորված չէ, խնդրո առարկա հարաբերություններում ունենալու ենք անորոշություններ և ոչ կանխատեսելի հարկային միջավայր։

Վերոգրյալի կապակցությամբ, գտնում ենք, որ օրենսդրական նախաձեռնության շրջանակներում պետք է նախևառաջ անդրադարձ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-ին հոդվածի 3-րդ մասով ամրագրված վերոնշյալ կարգավորմանը՝ հստակեցնելով, թե արդյոք շահառու համարվող բանկերը և վարկային կազմակերպությունները իրենց մոտ գրավ դրված գույքի մասով իրավունք ունեն ստանալ ապահովագրական հատուցում: Խնդիրը կայանում է նաև նրանում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրավառուն իրավունք ունի բավարարում (և ոչ թե ապահովագրական հատուցում) ստանալու գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքների ապահովագրական հատուցումից՝ անկախ այն բանից, թե այն ում օգտին է ապահովագրված, եթե նման կորուստը կամ վնասվածքը չեն ծագել այնպիսի պատճառներից, որոնց համար պատասխանատու է գրավառուն:

Ներկայացված նախագծով չեն կարգավորվել նաև այն հարաբերությունները, երբ որպես ապահովադիր հանդես է գալիս ոչ թե ֆիզիկական անձը, այլ կազմակերպությունը։ Այս համատեքստում ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ հարկային օրենսգրքի՝

  • 109-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում նաև ապահովագրական հատուցումները,
  • 124-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ապահովագրական և վերաապահովագրական հատուցումները:

        Հաշվի առնելով վերոնշյալը՝ գտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի նոյեմբերի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այս տեսքով ընդունվելու պարագայում նախագծի ընդունման հիմնավորմամբ վեր հանված խնդիրները համակարգային ձևով չեն լուծվի: Ուստի, կրկին հայտնում ենք, որ նախագծի կարգավորման առարկա համարվող հարաբերությունները հստակ և ամբողջությամբ կարգավորելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել, ինչպես նշյալ հարաբերությունները կարգավորող հարակից օրենքներում, այնպես էլ հենց բուն նախագծում:

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ