ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Գալստյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի (Պ-350-11.11.2019-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի կապակցությամբ հայտնում ենք, որ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու ժամկետը փոխկապակցված է բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերի (նվազագույն) ժամկետներին և երբեք նպատակ չի ունեցել բարձրագույն կրթության ստանալու ամբողջ ժամանակահատվածում անձին ապահովելու կենսաթոշակով։

Մասնավորապես՝ վերը նշված ժամկետը սահմանվել է, երբ հանրապետությունում գործել է միաստիճան բարձրագույն կրթության համակարգ, որի շրջանակներում բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերի տևողությունը, որպես կանոն, կազմել է 5 տարի։

Խնդրո առարկա տարիքի որևէ տարբերակում սահմանված չի եղել։

Միաժամանակ 2002 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ, որի առաջին աստիճանում ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է բակալավրի որակավորում (որպես կանոն՝ առնվազն 4 տարի ուսման տևողությամբ), իսկ երկրորդ աստիճանում շնորհվում է մագիստրոսի որակավորում (առնվազն 1 տարի ուսման տևողությամբ):

Ընդ որում՝ այս դեպքում ևս անձը հնարավորություն ուներ մինչև 23 տարին լրանալը ստանալ բարձրագույն կրթություն (ավարտել բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագիրը)։

Այս մասին է վկայում նաև պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվությունը, ըստ որի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ (նպաստ) ստանալու իրավունք ունեն`  21 տարեկան` 503 շահառու, 22 տարեկան` 371 շահառու և 23 տարեկան` 66 շահառու:

Ներկայում շրջանառության մեջ է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բարձրագույն կրթության համակարգում վերացնել առկա ուսուցման ձևը, իսկ բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը իրականացնել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ։

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու ժամկետի հարցը դիտարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի համատեքստում և քննարկել միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած անձանց դեպքում այդ ժամկետը երկարաձգելու նպատակահարմարությունը։

Միաժամանակ, քանի որ նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումներ առկա են նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասում և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում և 4-րդ հոդվածի 3-րդ մասում, անհրաժեշտ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրացնել նոր դրույթով և նախագծերի փաթեթ ներառել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն նախատեսող նախագիծ:

Նախագծերի փաթեթն ընդունելու դեպքում անհրաժեշտ կլինի եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կաառավարության 2011 թվականի մայսի 5-ի N 665-Ն, 2011 թ. մայիսի 5-ի N 668-Ն որոշումների մեջ:

 

 ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ