«ԹԱՆԿԱՐԺԵՔ  ՄԵՏԱՂՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒ­­ԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ­ՑՈՒՄՆԵՐ ԿԱ­ՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-330-29.10.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
                            


«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման և դրանց հետ կապված գործողությունների իրականացման լիազորությունը ծանուցման ենթակա գործու­նեություն իրականացնող անձանց (անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական ան­ձինք) փոխարեն վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարա­րությանը:       
Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ ներկայումս թան­կարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի առուվաճառքի գործընթաց­ներում առկա են այդ ապրանքները բնութագրող հարգորոշված ու հարգադրոշմված ցուցանիշների և դրանց իրական որակական հատկանիշների միջև անհամապատաս­խանություններ, որոնք հանգեցնում են մի կողմից՝ սպառողների շահերի ոտնա­հարմանը, մյուս կողմից՝ արտահանվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որակական հատկանիշների նկատմամբ վստահության նվազմանը, իսկ առկա կարգավորումները և դրանից բխող վարչարարությունը ներկա վիճակի արմատական փոփոխությունների չեն հանգեցնում, ուստի, առաջարկվում է նշված ապրանքների հարգորոշման ու հարգադրոշմման իրավունքը վերապահել պետությանը:      
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներ­կայացնում է հետևյալ դիտարկումներն ու նկատառումները:       
«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում ներկայացրած սուբյեկտների կողմից օրենքներով սահմանված պահանջների, պայմանների պահպանման նկատ­մամբ իրականացնում է հսկողություն: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգում­ների և հսկողության արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:         
Փաստորեն, օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեու­թյուն իրականացնող անձանց կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման և դրանց հետ կապված գործողությունների իրականացումն արդեն իսկ գտնվում է պետական հսկողության ներքո, մինչդեռ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն վիճակագրական տվյալներ, համապատասխան տեղեկատվություն, ինչը կարող է փաստել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից թանկարժեք մետաղների հարգորոշման կամ հարգադրոշմման գործընթացների նկատմամբ ներկայումս իրականացվող պետական հսկողության անարդյունավետության մասին:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփակա­նության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակ­ցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանն ու սոցիալական արդարությանը:     
Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքն է, որը, 11-րդ հոդվածում ամրագրված այլ դրույթների հետ մեկտեղ, հանդես է գալիս որպես ազատական տնտեսական հարաբերությունների ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալ: Տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության երաշխավորումը, որպես սահմա­նադրական կարգի հիմունք, ելակետային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների կանոնակարգման համար: Նշված երկու իրավական սկզբունքների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայման­ներում է միայն հնարավոր հասնել արդյունավետ տնտեսական համակարգի ձևավորմանն ու կայուն զարգացմանը:         
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է այդ քաղաքա-կանությունը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշման 5.4-րդ կետի համաձայն՝ տնտեսության էական աճի ապա­հովման կարևորագույն գրավական են տնտեսական մրցակցությունը և արհեստական մենաշնորհների բացառումը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ըստ այդմ ապահովելու է տնտեսական մրցակցության պաշտպանությունը՝ կարգավորիչ արդյունավետ մեխանիզմների գործարկման միջոցով:     
 Կարգավորող մեխանիզմներն ուղղված են լինելու շուկաներում կենտրոնաց­վածության աստիճանի նվազեցմանը և մրցակցության ինտենսիվության բարձրաց­մանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական է լինելու ապրանքների և ծառայությունների շուկաներում նոր մասնակիցների մուտքն ու առաջ­խաղացումը խրախուսելու հարցում։ Ապրանքների և ծառայությունների շուկաներում գործելու համար պետության կողմից սահմանված՝ ինստիտուցիոնալ կամ այլ տնտե­սական (լիցենզավորման պահանջներ և այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի և կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարևորություն։       
Ելնելով շարադրվածից՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումն ու հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները Հայաստանի Հանրապետության ֆինանս­ների նախարարությանը վերապահելը նշանակում է սահմանել պետական մենաշնորհ, որի պարագայում նվազելու է բիզնես միջավայրի մրցակցությունը, որն էլ իր հերթին պատճառ կհանդիսանա մատուցվող ծառայությունների սակագների բարձրացմանը` առաջացնելով որոշակի ռիսկեր չարաշահումների համար, ինչն իր հերթին չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության գործունեության ծրագրով ամրագրված ելակետային սկզբունք­ներից: 
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրա-    կանացնող 9 անձինք, ինչպես նաև 2019 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ Հայաս­տանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թան­կար­ժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայա­կան է ստացել  146 քաղաքացի:      
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 25-ի նիստում ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քա­րերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձանց կողմից հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը ճանաչել ԵԱՏՄ-ի անդամ պետու­թյուն­ներում, որի արդյունքում զգալիորեն կրճատվելու է վարչարարությունը, նվազելու է տնտեսավարողների ֆինանսական բեռը, այն նպաստելու է առևտրաշրջանառության աճին և այլն: Միաժամանակ խստացվելու են թանկարժեք մետաղներից պատրաստ­ված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Ինչ վերաբերում է նախագծի ընդունման հիմնավորմանը, որի համաձայն թան­կարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի առքուվաճառքի գործընթաց­ներում առկա են ապրանքները բնութագրող՝ հարգորոշված ու հարգադրոշմված ցուցանիշների և դրանց իրական ցուցանիշների միջև անհամապատասխանություններ, ապա կարծում ենք, որ նման դրսևորումները (եթե առկա են) պետք է կարգավորվեն այլ իրավական ակտերով, ուստի, նշված պնդումը լրացուցիչ հիմնավորման և հստակեցման կարիք ունի, քանի որ հստակ նշված չէ, թե ինչ տվյալների ուսումնա­սիրության արդյունքում է ձևավորվել տվյալ մոտեցումը, հետևաբար, լրացուցիչ տեղե­կատվության առկայության պարագայում միայն հնարավոր կլինի քննարկման առար­կա դարձնել ներկայացված նախագիծը (oրինակ, տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում առկա տվյալների վերլուծություն և այլն): Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ առաջարկվող կարգավորումը չի հանգեցնի նշված գործընթացների կատարելագործմանը, և առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:    
Միաժամանակ մեր պատրաստակամությունն ենք հայտնում, լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների առկայությամբ և դրանց ամփոփման արդյունքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կազմա­կերպել համատեղ քննարկումներ` ուղղված գործող իրավական կարգավորումներում հարգորոշման ու հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականաց­նող սուբյեկտների հսկողության ուժեղացմանը և պատժամիջոցների խստացման համապատասխան փոփոխությունների մշակմանը: