«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-327-28.10.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

           Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր՝ 152.3-րդ հոդվածով, որտեղ սահմանվում են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում գովազդի տեղադրման նորմերի չկատարման դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու դեպքերը և այդ դեպքերում նախատեսվող տուգանքների չափերը:

          «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժբ» կետի համաձայն՝ բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքում գովազդ տեղադրելու կամ սեփականությունն այլ կերպ առևտրային նպատակներով օգտագործելու, իրազեկելու և ծանուցելու համար նախատեսված տեղի մասին որոշման ընդունումը վերապահված է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնին՝ սեփականատերերի ժողովին:

          Սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքում գովազդ տեղադրելու համար գովազդատուի հետ շենքի կառավարման մարմինը կնքում է պայմանագիր՝ նշելով գովազդի տեղադրման պայմանները և կարգը։

          Շարադրված կարգավորումների բովանդակային վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ նախագծով առաջարկվող իրավակարգավորումները գտնվում են քաղաքացիական իրավահարաբերություների կարգավորման շրջանակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում  է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում գովազդների տեղադրման կարգին և պայմաններին, ինչը բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման ցանկացած ձևի դեպքում կարգավորվում է վերջիններիս և գովազդատուների միջև կնքված պայմանագրերով, ինչպես նշված է նաև նախագծի հիմնավորման մեջ:

          Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարչական պատասխանատվությունը՝ որպես վարչական զանցանք կատարած անձի նկատմամբ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հարկադրանքի միջոցների կիրառում, պետք է իրականացնի համապատասխան վարչական մարմինը, մինչդեռ նախագծով կարգավորված չէ, թե որ մարմինն է քննելու վարչական իրավախախտումների վերաբերյալ այդ գործերը:

          Հետևաբար, նախագծով առաջարկվող կարգավորումը, մասնավորապես, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում գովազդների տեղադրման հետ կապված վարչական պատասխանատվության նախատեսումը չի բխում վարչական պատասխանատվության ինստիտուտի ընդհանուր տրամաբանությունից:

         Այդ համատեքստում առաջարկում ենք նախագծով սահմանել պատասխանատվություն՝ ոչ թե պայմանագրերով նախատեսված պայմանների խախտման համար, այլ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող տարածքներում՝ առանց պայմանագիր կնքելու գովազդի տեղադրման համար, դրա հետ մեկտեղ՝ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում՝ սահմանելով դրույթներ գովազդը բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքում տեղաբաշխելու առանձնահատկության վերաբերյալ, ինչպես, օրինակ, սահմանված են տրանսպորտի, տեղեկատվության միջոցների համար:

          Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

         Միաժամանակ՝ բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում վարվող միասնական և առավել հասցեական քաղաքականություն ապահովելու նպատակով նպատակահարմար է բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառը կանոնակարգող օրենսդրության վերանայման նախաձեռնությունների դեպքում համագործակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի N 1160-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ: