«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵ­ԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱ­Գ­ԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Խ-325-25.10.2019-ՖՎ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

           
          «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Ֆինանսական համակար­գի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված՝ վարկային կազմակերպությունների կողմից վճարվող տարեկան պար­տադիր վճարի չափը  նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07 տոկոսի փոխարեն սահմանել 0.01 տոկոսի, այսինքն՝ բանկերի համար սահմանված վճարի չափով: Նախագծով, ըստ էության, առաջարկվում է վարկային կազմակերպությունների կողմից վճարվող գումարը նվազեցնել մոտավորապես 86 տոկոսով, այսինքն՝ 7 անգամ։         
          Որպես նախագծով առաջարկվող կարգավորման հիմնավորում՝ ներկայացվում են մի քանի փաստարկներ: Մասնավորապես՝       
          - բանկերի և վարկային կազմակերպությունների փաստացի վճարները գրեթե հավասար են, և առաջարկվող կարգավորումն ուղղված է օրենքով սահմանված վճար­ների տարբեր չափերով պայմանավորված համակարգային անարդարության լուծ­մանը: Կարգավորման արդյունքում կնվազեն նաև վարկային կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը, ինչն էլ շուկայական հարաբերությունների և վարկային կազմակերպությունների մրցակցային առկա դաշտի պայմաններում կարող է ունենալ վարկերի տոկոսների նվազման ազդեցություն,      
          - ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված բողոքների մասով բան­կերի նկատմամբ ներկայացված բողոքների թիվն ավելի քան 5 անգամ գերազան­ցում է վարկային կազմակերպությունների նկատմամբ ներկայացվող բողոքների թիվը: Ընդ որում, եթե վարկային կազմակերպությունների նկատմամբ բողոքները վերա­բերում են միայն վարկային գործարքներին, ապա բանկերի նկատմամբ ներկայացված բողոքները ներառում են նաև այլ գործարքներ: Հետևաբար, սա նույնպես փաստում է վճարների տարբերության անարդարության մասին,
           - առաջարկվող փոփոխության արդյունքում նվազ հավաքագրված գումարները ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության համար խնդիր չեն առաջացնի, քանի որ գրասենյակի տարեկան շահույթը կազմում է ավելի քան 150 մլն դրամ, ինչը կազմում է հավաքագրված միջոցների ավելի քան 20 տոկոսը, իսկ բան­կերի և վարկային կազմակերպությունների ակտիվները տարեցտարի միայն աճում են:     Հարկ ենք համարում անդրադառնալ նախագծով առաջարկվող կարգավոր­մանը՝ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ֆինանսավորման մոդելի վերլուծության լույսի ներքո: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում Ֆինանսական համակարգի հաշ­տարարի գրասենյակի ֆինանսավորման մոդելի հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները՝      
          1) ֆինանսավորումն իրականացվում է այնպես, որպեսզի անկախ կառավարման համակարգի միջոցով ապահովվի գրասենյակի և հաշտարարի անկախ, անաչառ և բավարար միջոցներով պայմանավորված բնականոն գործունեությունը.     
          2) ֆինանսավորման համամասնությունը որոշված է՝ հաշվի առնելով ֆինանսա­կան համակարգում ֆինանսական կազմակերպությունների ակտիվների մեծություն­ների համամասնությունները.  
          3) ֆինանսավորման մոդելն այնպիսին է, որ բոլոր ֆինանսական կազմակեր-պությունները, որոնք օրենքի իմաստով մասնակցում են ինստիտուտի ձևավորմանը, մասնակցում են ֆինանսավորմանն՝ առանց բացառությունների, մասնավորապես՝ առանց հաշվի առնելու հաճախորդների թիվը, իրականացվող գործառույթները և այլն (նման գործոնները հաշվի կառնվեին, եթե ներդրվեր այլ ֆինանսավորման համա­կարգ).  
          4) ֆինանսավորման մոդելում հաշվի է առնվել միջազգային այն սկզբունքը, որ անբավարար ֆինանսավորման դեպքում խորհուրդը կարող է հավաքագրել չբավարա­րող միջոցները կամ հակառակը՝ ավելցուկ առաջանալու դեպքում այդ ավելցուկ միջոցները վերադարձվում են ֆինանսական կազմակերպություններին, որոնք իրենց վճարումներին համամասնորեն ստանում են ավելցուկը.  
          5) ձևավորվում է պահուստային ֆոնդ, որն անհրաժեշտության դեպքում ապա­հովում է գրասենյակի բնականոն գործունեությունը։   
          Շարադրված սկզբունքների վերլուծությունից բխում է, որ գրասենյակի ֆինան­սա­վորման՝ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող մոդելի դեպքում կազմակերպությունների կողմից կատարվող վճարների չափը սահմանելիս հիմք է ընդունվում ոչ թե այդ կազմակերպությունների դեմ ներկայացված բողոքների թիվը, այլ վերջիններիս ակտիվների մեծությունը, այլ կերպ ասած՝ գրասենյակի ֆինանսա­վորումն իրականացվում է ակտիվների նկատմամբ ֆիքսված միջոցներ հավաքագրելու մոդելով և ոչ թե քննված կամ սպասարկված բողոքներին կամ պահանջներին համա­պատասխան ֆինանսավորում հավաքագրելու մոդելով, ուստի, նախագծի հեղինակ­ների կողմից ներկայացվող այն փաստարկը, որ կազմակերպությունների կողմից կա­տարվող վճարների փաստացի չափերի համամասնությունն անհրաժեշտ է համապա­տասխանեցնել գրասենյակի կողմից քննվող բողոքների համամասնությանը, կարող է կիրառելի լինել ֆինանսավորման այլ համակարգ ներդնելու պարագայում միայն։
          Ավելին, եթե, որպես վճարի չափի սահմանման հիմք, հաշվի առնվի կազմակեր-պության դեմ ներկայացված պահանջների թիվը, ապա Հայաստանի Հանրապետու­թյունում ամենամեծ չափով վճարը պետք է սահմանվի ապահովագրական ընկերու­թյունների համար, քանի որ հենց նրանց դեմ ներկայացված պահանջներն են կազ­մում գրասենյակի կողմից քննվող պահանջների գերակշռող մասը:
          Այս առումով գտնում ենք, որ գրասենյակի ֆինանսավորումը բողոքների թվով և կառուցվածքով պայմանավորելը նպատակահարմար չէ, քանի որ Հայաստանի Հան­րապետության ֆինանսական շուկան փոքր է, և ցանկացած նոր տիպի ծառայության մուտքը շուկա կարող է հանգեցնել ներկայացվող բողոքների կառուցվածքային փոփոխության, ինչպես, օրինակ, 2011 թվականին ԱՊՊԱ-ի ներդրմանը զուգընթաց՝ կտրուկ փոփոխվեց գրասենյակ ներկայացված բողոքների դինամիկան, մասնավորա­պես, ընդամենը մեկ տարում ԱՊՊԱ-ի դեմ բողոքները դարձան գերակշռող։      
          Վարկային կազմակերպությունների և բանկերի դեմ ներկայացված բողոքների թվի վերաբերյալ հարկ է նշել, որ վարկային կազմակերպությունների դեմ գրասենյակ ներկայացված բողոքների թիվը 2019 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2017 թվականի նկատմամբ մոտավորապես քառապատկվել է, իսկ պահանջ-դիմումների թիվն աճել է ավելի քան 11 անգամ, և աճի տեմպը չի դադարում։ Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում բանկերի դեմ ներկայացված բողոքների թիվն ավելացել է 1,6 անգամ, իսկ պահանջ-դիմումների թիվն աճել է ավելի քան 5,5 անգամ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների դեմ ներկայացված թե´բողոքների, թե´ պահանջ-դիմումների դինամիկ աճն ավելի քան կրկնակի անգամ ավելացել է բանկերի դեմ ներկայացված բողոքների դինամիկ աճի նկատմամբ։ Բողոքների նման դինամիկան շարունակվելու դեպքում մի քանի տարի անց վարկային կազմակերպությունների դեմ ներկայացված բողոքների թիվը կարող է գերազանցել բանկերի դեմ ներկայացված բողոքների թիվը։
          Հարկ է նշել, որ, 2017-2019 թվականների ընթացքում ֆինանսական կազմակեր­պությունների կողմից Հաշտարարի գրասենյակ վճարված գումարների մասին տեղե­կատվության համաձայն, վարկային կազմակերպությունների չափաբաժինն ընդհանուր մուտքերի մեջ կազմում է միջինը 33 տոկոս, իսկ նույն ժամանակահատվածում բանկե­րի կողմից իրականացված վճարումները մուտքերի նկատմամբ կազմում են միջինը 59 տոկոս, ինչը մոտավորապես 80 տոկոսով ավելի է, քան վարկային կազմակեր­պու­թյունների կողմից իրականացված վճարումները։ Հարկ է նշել, որ 2009-2019 թվա­կանների համար միջինացված արժեքով վարկային կազմակերպությունների մեկ տար­վա ընդհանուր ակտիվները կազմում եմ բանկերի մեկ տարվա ընդհանուր ակտիվների 7 տոկոսը։ Այսինքն՝ բանկերի ակտիվների մեծությունն էապես տարբերվում է վարկա­յին կազմակերպությունների ակտիվների մեծությունից, ուստի, ֆիքսված գումարներով միջոցների հավաքագրման դեպքում պետք է հաշվի առնվի ակտիվների տեսանկյունից համակարգի յուրաքանչյուր մասնակցի կշիռը։        
          Բացի դրանից, հարկ է նշել նաև, որ, ֆինանսավորման համակարգի արդարա-ցիությունն ապահովելու տեսանկյունից, նախագծով չի դիտարկվում նաև ֆինան­սա­կան համակարգի այլ մասնակիցների դերակատարումը։ Այս կապակցությամբ գտնում ենք, որ միայն երկու տեսակի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վճար­ների հավասար տոկոսային մոտեցում սահմանելը դեռևս չի ապահովում ֆինան­սավորման համակարգի արդարացիությունը:     
          Նախագծի ընդունման հիմնավորման այն դրույթի վերաբերյալ, ըստ որի՝ առա-ջարկվող փոփոխության արդյունքում նվազ հավաքագրված գումարները գրասենյակի գործունեության համար խնդիր չեն առաջացնի, հարկ է նկատի ունենալ այն, որ Ֆի­նան­սական համակարգի հաշտարարի գրասենյակը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, ուստի, անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք, կա­տար­վող փոփոխությունների դեպքում գրասենյակը կարող է ապահովել սահուն և պատշաճ գործունեություն:  
          Հարկ ենք համարում ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ֆինանսավորման վերաբերյալ միջազգային փորձը:
          Ֆինանսական օմբուդսմենի/հաշտարարի գրասենյակի ֆինանսավորման սկզբունք­ները տարբեր են: Այսպես, հազվադեպ երկրներում գրասենյակների գործու­նեության առաջին տարիների ֆինանսավորումն իրականացվում է կառավարության կամ կենտրոնական բանկերի կողմից, սակայն օմբուդսմենների գրասենյակների մեծ մասը ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից կատարվող պարտադիր վճարների միջոցով: Պարբերաբար վճարումներն իրականացվում են օմբուդսմենի/հաշտարարի կամ վերահսկող մարմնի հաշվին, որը գումարներն ստանա­լուց հետո փոխանցում է հաշտարարի հաշվին։ Կան երկրներ, որտեղ նշված գումար­ները հավաքագրվում են ֆինանսական կազմակերպությունների ասոցիացիաների կող­մից։ Տարբեր երկրներում ֆինանսական կազմակերպությունների կողմից կատար­վող վճարումներն իրականացվում են տարբեր կերպ. երկրների մի մասում (Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Բելգիա, Լեհաստան, Նոր Զելանդիա) դրանք գոյանում են ֆիքսված վճարներից և կազմակերպությունների դեմ ներկայացված բողոքների թվից կախված վճարներից, երբ ամեն քննված գործի համար ֆինանսական կազմակերպու­թյուններ ներկայացվում է վճարման ենթակա հաշիվ, որոշ երկրներում` բոլոր ֆինան­սական կազմակերպությունները վճարում են հավասար չափաբաժիններով սահման­ված վճարներ (Մալայզիա), իսկ որոշներում` ֆինանսական կազմակերպությունների ակտիվներից (Կանադա, Իռլանդիա, Լեհաստան, Նիդերլանդներ):       
          Բոլոր կազմակերպություններից գումար գանձելու նշանակությունը մասնագետ­ները տեսնում են նրանում, որ օմբուդսմենի գոյության հետևանքով հանրության շրջա­նում համակարգի նկատմամբ վստահության բարձրացման հետևանքով շահում են բոլոր կազմակերպությունները:         
          Ամփոփելով շարադրվածը և հաշվի առնելով այն, որ նախագծի ընդունման դեպ­քում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ներդրված գրասենյակի ֆինան­սավորման մոդելի պայմաններում առաջարկվող կարգավորումը կարող է հանգեցնել գրասենյակի բնականոն գործունեության խաթարման, Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդ­վածը թողնել անփոփոխ: