«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Պ-318-14.10.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները.

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի (այսուհետ՝ ՀԴՄ) աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և տեղեկացնել իրավասու ղեկավար անձին։ Իրավասու ղեկավար անձը հայտը ստանալուց հետո՝ առավելագույնը երեք ժամվա ընթացքում, տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը տեղեկացնում է ՀԴՄ-ի անսարքության մասին։ Նշյալ սուբյեկտները դիմումատուի հայտի հիման վրա, իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո՝ առավելագույնը 24 ժամվա ընթացքում, ստուգում են անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում կազմում են անսարք լինելու մասին ակտ։ Վերանորոգման աշխատանքների ողջ ընթացքում սպասարկում իրականացնող սուբյեկտը ՀԴՄ կիրառողի պահանջով տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր օգտագործման համար վերջինիս տրամադրում է ՀԴՄ սարք։ Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է։

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ գործնականում տնտեսավարող սուբյեկտները հաճախ ՀԴՄ-ների տեխնիկական անսարքության հետևանքով խնդիրներ են ունենում, իսկ գործող օրենսդրությունը հստակ չի սահմանում անսարքության պատճառով տվյալ ժամանակահատվածում շահագործվող ՀԴՄ-ների վերանորոգման կամ նոր ՀԴՄ-ների տրամադրման հստակ ժամկետներ։

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀԴՄ-ների կիրառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշմամբ, որի 1-ին կետով հաստատված N 3 հավելվածի՝

1 15-րդ կետի համաձայն՝ ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իր ղեկավար անձին, որը սպասարկման կենտրոնին տեղեկացնում է ՀԴՄ-ի անսարքության մասին: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է.

2 16-րդ կետի համաձայն՝ սպասարկման կենտրոնը ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը ՀԴՄ-ի վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ:

Այսինքն, նախագծով, ըստ էության, առաջարկվում է վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգավորումները սահմանել ՀՀ հարկային օրենսգրքով այսուհետ՝ Օրենսգիրք՝ միաժամանակ կիրառելով որոշ ժամանակային սահմանափակումներ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝

1 ղեկավար անձը ՀԴՄ-ի անսարքության մասին ՀԴՄ-ների սպասարկում և նորոգում իրականացնող ընկերությանը տեղեկացնում է երեք ժամվա ընթացքում.

2 ՀԴՄ-ների սպասարկում և նորոգում իրականացնող ընկերությունը անսարք ՀԴՄ-ն ստուգում է անսարքության մասին տեղեկանալուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում.

3 ՀԴՄ-ների սպասարկում և նորոգում իրականացնող ընկերությունը ժամանակավոր օգտագործման համար ՀԴՄ-ն տրամադրում է տվյալ աշխատանքային օրվա ընթացքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն առաջանալիս դրա մասին տեղեկացնելու, ՀԴՄ-ն փոխարինելու և վերանորոգելու հետ կապված հարաբերությունների շրջանակներում ժամանակային սահմանափակումներ կիրառելու առաջարկության վերաբերյալ սկզբունքային առարկություններ չկան:

Միաժամանակ, հայտնում ենք, որ վերոնշյալ հարաբերությունները Օրենսգրքով կարգավորելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով այն, որ Օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, ՀԴՄ-ի կիրառության կանոնները հաստատում է ՀՀ կառավարությունը: Բացի այդ, գտնում ենք, որ Օրենսգրքով պետք է սահմանվեն հարաբերությունները կարգավորող հիմնական դրույթները, իսկ ընթացակարգային հարցերը պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական ակտերով, հակառակ պարագայում կստացվի այնպես, որ ՀՀ կառավարության որոշումներով կարգավորված հարաբերությունների մեծ մասը պետք է սահմանվի Օրենսգրքով, ինչը ակնհայտ է, որ բացատրություն չունի:

Հայտնում ենք նաև, որ ս. թ. մարտի 29-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ նախատեսող որոշումներ, որոնցով ազատականացվել են ՀԴՄ-ների ներմուծման, իրացման ու տեխնիկական սպասարկման ընթացակարգերը: Արդյունքում ՀԴՄ-ներ ներմուծելու, իրացնելու ու տեխնիկական սպասարկում իրականացնելու գործառույթները հիմնականում վերապահվել են տնտեսավարող սուբյեկտներին: Հետևաբար, առաջարկությունը անհրաժեշտ է դիտարկել ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կարողությունների տեսանկյունից: Այս առումով, հայտնում ենք, որ առաջարկությունն անհրաժեշտ է քննարկել վերջիններիս հետ: Մասնավորապես, անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք սպասարկում իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարող են 24 ժամվա ընթացքում իրականացնել ՀԴՄ-ի ստուգում՝ հաշվի առնելով այն, որ խոսքը վերաբերում է նաև հեռավոր գյուղերում գտնվող ՀԴՄ-ների սպասարկմանը:

Ամփոփելով վերոգրյալը՝ նախագծի ընդունումը համարում ենք ոչ նպատակահարմար:     

Բացի այդ, նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով, իսկ «նոր» բառից հետո լրացնել «7.1» թվերով՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխանաբար 33-րդ և 14-րդ հոդվածներից:

Նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «այնուհետև հաջորդող» և «հետո եկող վերջակետի փոխարեն դնել ստորակետ» բառերը՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներից: