«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-282-13.09.2019-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը՝ սահմանելով, որ կարգապահական տույժի կիրառումից առաջ գործատուն աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն  ներկայացնելու պահանջը ևս պետք է ներկայացնի գրավոր կերպով:

Նախագծով ներկայացվող կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բովանդակային առաջարկություններ չունի:

Միաժամանակ առաջարկում ենք նախագծի՝

1) վերնագրում «լրացում» բառը փոխարինել «փոփոխություն» բառով՝  համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների.

2) 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 226-րդ հոդվածը համարակալել` «Մինչև» բառից առաջ լրացնելով «Հոդված 226. Կարգապահական տույժի կիրառման կարգը» բառերը` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների.

3) 2-րդ հոդվածում «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջների: