ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-109-17.04.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հարկ է համարում նշել, որ նախագծի ընդունումը հիմնավորվում է սոսկ նրանով, որ դատավորների, դատախազների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է: Մինչդեռ, քրեակատարողական ծառայողները զինծառայողներին հավասարեցված անձինք են: Վերջիններիս առնչությամբ օրենսդիրը տարբեր իրավական ակտերի շրջանակներում որդեգրել է միասնական մոտեցումներ, որոնք առնվազն նախագծի կարգավորման առարկայի տեսանկյունից տարբերվում են դատավորների, դատախազների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար որդեգրված մոտեցումներից:

Այս համատեքստում անդրադառնալով զինծառայողներին հավասարեցված այլ անձանց՝ հարկ է նշել, որ Փրկարար ծառայության մասին և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքներում առկա են աշխատավարձի պահպանման կամ փոխհատուցման այն կառուցակարգերը, ինչ Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում: Ըստ այդմ՝ նախագծի ընդունման դեպքում տարբերակված մոտեցում կդրսևորվի զինծառայողներին հավասարեցված այլ անձանց միջև՝ քրեակատարողական ծառայողների համար ստեղծելով ավելի բարենպաստ վիճակ:

Միաժամանակ, հատկանշական է, որ քրեադատավարական բարեփոխումների շրջանակներում պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման ինստիտուտը վերանայման և վերաիմաստավորման կարիք ունի: Այդ շրջանակներում լիազորությունների ժամանակավոր կասեցման դեպքում աշխատավարձերի պահպանման հնարավորություն ունեցող սուբյեկտների կազմի ընտրության հիմքում դրվող չափանիշները ևս պետք է դառնան առանձին ուսումնասիրության առարկա:

 Ելնելով շարադրվածից՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ: