«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ        ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-268-04.09.2019-ՏՏԳԲ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

      «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում նշել, որ՝     
       Սևանա լճից ջրառն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` ոռոգման նպատակով` ՍևանՀրազդան դերիվացիոն համակարգից սնվող հողատարածքների ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտի մեղմման նպատակով: Այդ հողատարածքներում ջրառաջարկի բաղադրիչները (Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվությունը, Հրազդան գետի ազատ հոսքը, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը (ծախսատար մեխանիկական ջրարտադրությամբ)՝ կախված եղանակային պայմաններից, հիմնականում չեն բավականացնում ջրապահանջի բավարարմանը: Խնդիրն ավելի է սրվում սակավաջուր և երաշտ տարիներին: Արարատյան դաշտի և հարակից նախալեռնային գոտիների ինտենսիվ գյուղատնտեսական տարածքներում հողագործության արդյունքը մեծապես պայմանավորված է ոռոգման ջրամատակարարմամբ: Ուստի, ջրառաջարկի նշված բաղադրիչներից բացի այլ ջրաղբյուրներ չլինելու պայմաններում դեֆիցիտի մեղմման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացնելն այլընտրանք չի ունենում` անկախ լճի տվյալ ժամանակաշրջանի հաշվեկշռից:       
         «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին պարբերության «բ» ենթակետով սահմանված օրենքով նախատեսված բացա-ռության անհրաժեշտությունն առաջանում է Սևանա լճից օրենքով սահմանված մինչև 170 մլն մ3 չափաքանակից ավելի ջրառ իրականացնելու բացառիկ դեպքերում` սակավաջրության պայմաններում` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նույն օրենքում փոփոխության նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը: Դրան նախորդում են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտի մասնագետների հետ բազմակողմանի քննարկումները, ջրապահանջի և լճից լրացուցիչ ջրառի հաշվարկված ծավալների համաձայնեցումները, հասարակական լսումները:
         Ուստի, լրացուցիչ ջրառի իրականացումը հնարավոր է գործադիր և օրենսդիր բարձրագույն մարմինների համաձայնությամբ` միայն օրենքով, տվյալ «գյուղատնտեսական տարվա» ձախողում թույլ չտալու և գյուղատնտեսական արդյունքներով պայմանավորված՝ պետական սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով: Հակառակ դեպքում իմաստազրկվում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին պարբերության «բ» ենթակետով սահմանված օրենքով նախատեսված բացառության անհրաժեշտությունը:   
         Այդուհանդերձ, հարկ է նշել նաև, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի» 6.1-ին կետի առաջին պարբերության թե գործող նորմի, և թե նախագծով առա-ջարկվող լրացման ընդունման պայմաններում շարունակելու է գործել նույն կետի երկրորդ պարբերությունը, որի համաձայն տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կարող է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ: Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ:     
         Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախագիծը չի համապատասխանում «Նոր-մատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին: