«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ (Խ-265-02.09.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

                            
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (Խ-265-02.09.2019-ՊԻ-011/0) (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում տարբե­րա­կել գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու կամ վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու ժամկետները:      
          Նախագծով առաջարկվող կարգավորումն ընդունելի է, սակայն ունենք հետևյալ դիտարկումները.  
          1. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող կարգավորումները գործն ըստ էու­թյան չլուծող դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների մասով որոշակի խնդիրներ են առաջացնում պրակտիկայում, մասնավորապես, մատնանշվում են այն իրավիճակները, երբ անձը պահվում է կալանքի տակ՝ չնայած նրան, որ քրեադա­տավարական կառուցակարգերում սահմանված՝ քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետները սպառվել են: Այսինքն՝ խոսքը գնում է անձի ազատությունը սահմանափակող՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի մասին: Համամիտ լինելով նախագծի հեղինակների կողմից մեջ բերված հիմնավորումների հետ՝ այնուամենայնիվ, գտնում ենք, որ նախագծում համապատասխան դատավարական ժամկետներն անհրաժեշտ է վերանայել միայն անձի ազատությունը սահմանափակող՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի մասով, իսկ մնացած դատական ակտերի մասով թողնել անփոփոխ: Այսպիսի մոտեցումը կլուծի քրեական վարույթի շրջանակներում ծագող խնդիրները, ինչպես նաև չի հանգեցնի դատարանների ծանրաբերնվածության աճին:     
          2. Նախագծով չի կարգավորվում այն հարցը, թե ինչ ժամկետներ պետք է կիրառվեն այն վճռաբեկ բողոքների նկատմամբ, որոնք ներկայացված կլինեն վճռա­բեկ դատարան մինչև նախագծի ուժի մեջ մտնելը, սակայն վճռաբեկ դատարանի կողմից դեռևս քննարկված չեն լինի, ուստի առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդ­վածը լրացնել նոր` 2-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ. «2. Սույն օրենքի գործո­ղու­թյունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վճռաբեկ դատարան մուտքագրված վճռաբեկ բողոքների վրա:»:     
          3. Նախագծի 1-ին հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ վճռաբեկ դա­տարանի կողմից վճռաբեկ բողոքում առկա թերությունները նշելու պահանջը պետք է տարածվի ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վրա: Հակառակ դեպքում կստացվի, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեպքում վճռաբեկ դատարանը կարող է որոշում կայացնել վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին՝ չնշելով առկա թերությունները, ինչն անընդունելի ենք համարում:        
          4. Նախագծի դրույթների համարակալումն անհրաժեշտ է համապատասխա­նեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշան­ներով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրա­տառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակե­տերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: