«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-264-02.09.2019-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է սահմանել, որ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն նաև այն դեպքում, երբ զինծառայողի ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել է իր՝ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը:                

Նախագծի ընդունումը հիմնավորվում է նրանով, որ օրենքի համաձայն դրամական օգնությունը տրամադրվում է զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի միայն այն անդամներին, ովքեր ներկայացրել են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական: Հատկապես նշված խնդիրը վերաբերում է մահացած զինծառայողի ընտանիքի անդամներից ամուսնուն դրամական օգնություն տրամադրելուն, քանի որ Հայաստանի Հանրապետու-թյան ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց փաստացի ամուսնության և ընտանիք կազմելու փաստը հաստատում ՔԿԱԳ-ի մարմնում՝ այսպիսով զրկվելով դրամական օգնություն ստանալու իրավունքից:  

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասով որպես ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունք՝ ամրագրվում է, որ ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը: Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից: Այսինքն, հաշվի առնելով պետական ու հասարակական շահերը, ինչպես նաև ամուսնացողների և նրանց զավակների անձնական և գույքային շահերի պաշտպանությունը՝ օրենքով սահմանված է ամուսնության գրանցման որոշակի կարգ: Ավելին, Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով չգրանցված ամուսնությունը չի ճանաչվում և չի առաջացնում որևէ իրավական հետևանք: Հետևաբար, ամուսնության գրանցման փաստը հանդիսանում է ամուսնու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքների և պարտկանությունների ծագման նախապայման, ուստի առանց վերջինիս անհնար է դառնում նաև անձի՝ ամուսնու կարգավիճակից բխող իրավունքներից և արտոնություններից օգտվելու հնարավորությունը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն նշված հոդվածի իմաստով զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները: Նշված կարգավորումից ողջամտորեն ենթադրվում է, որ օրենսդիրը տվյալ դեպքում նկատի է ունեցել անձի՝ ամուսին, զավակ և ծնող լինելու փաստը հենց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու հանգամանքը, ուստի նախագծով առաջարկվող կարգավորման իրացումը փաստացի հակասության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կարգավորումների հետ այն իմաստով, որ միայն համապատասխան պետական գրանցում ստանալու հիմքով անձը կարող է ճանաչվել որպես ընտանիքի անդամ: Նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի  ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:   

Միաժամանակ հայտնում ենք նաև, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորրության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման մեջ: