«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-255-13.08.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայաց­նում է հետևյալ դիտարկումները.

Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմա­կեր­պու­թյունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրերին դասվող` մինչև չորս տարի ներառյալ թողարկ­ման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոց­ների ներմու­ծումը, և օրենքի գործողությունը տարածել մինչև 2020 թվականի դեկտեմ­բերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը նպա­տակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող,  մինչև չորս տարի ներառ­յալ` թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը, մեղմել 2020 թվականի հուն­վարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոց­ների ներ­մուծման մաքսային դրույ­քա­չափերի՝ Հայաստանի Հանրապետության համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառ­ման հետևանքով նոր դրույ­քա­չափերի կիրառության ազդեցությունը և նպաս­­տել ոլորտում գոր­ծու­նեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջա­նառու միջոց­ների ավելացմանը:

Վերոգրյալի կապակցությամբ, հայտնում ենք հետևյալը.

  1. Հաշվի առնելով այն, որ ավտոմեքենաների ներմուծ­մամբ և վաճառքով զբաղ­վող տնտե­սավարող սուբյեկտների մոտ ձևավորվել են 2020 թվականի հունվարի 1-ից մաքսային վճար­ների բարձ­րացման բացասական հետևանքները Կառավարության կող­մից որևէ ձևով մեղ­մելու որո­շակի սպասումներ, ինչպես նաև այն, որ նախագծով առա­ջարկ­վում է տրա­մա­դրել ԱԱՀ-ից ազատ­ման ժամանակավոր արտոնություն՝ ակնկա­լելով, որ արտոն­յալ մեկ տարվա ընթաց­քում ոլոր­տում գործունեություն իրականացնող տնտեսա­վա­րող սուբյեկտ­ները կհար­մար­վեն նոր ստեղծ­ված իրողություններին և իրենց գործունեու­թյունը կհամապա­տաս­­խա­նեց­նեն նոր ձևա­վոր­ված միջավայրին՝ հայտնում ենք, որ օրենս­դրա­կան նախա­ձեռ­նու­թյան հիմ­քում դրված քաղա­քականության վերա­բերյալ սկզբունքային առարկություններ չկան:
  2. Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ նախագծի՝ այս տեսքով ընդունումը խիստ ռիս­­կա­յին է հարկումից խուսափելու հնարավորությունների ձևավորման տեսան­կյու­նից: Խնդիրը, մասնավորապես, կայանում է նրանում, որ նախագծի՝ այս տեսքով ընդունման պարա­գայում ֆիզիկական անձը, որը մտադիր է ավտոմեքենա ներմուծել Հայաստանի Հան­րա­պետություն, սահմանված կարգով կգրանցի որևէ կազմակեր­պու­թյուն, կներկայացնի կամա­վորության սկզբունքով ԱԱՀ վճարող համարվելու հայտարա­րու­թյուն և առանց ԱԱՀ-ի վճար­ման Հայաստանի Հանրապետություն կներմուծի ավտո­մե­քենա, որը կօգտագործվի անձ­նական նպատակներով: Ավելին, ներմուծման օրը ներա­ռող հարկային տարվա ավար­տից հետո՝ հաջորդ տարվա սկզբին, կազմա­կեր­պությունն արդեն կարող է սահմանված կար­­գով ներկայացնել միկրոձեռ­նար­կա­տիրու­թյան սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճա­րող համարվելու հայտարարություն, ձեռք բերել հարկման այլընտրանքային և, ըստ էության, արտոնյալ համարվող համակարգում գործունեություն իրականացնելու իրավունք և առանց հարկեր վճարելու կամ շրջանա­ռու­թյան հարկի շատ փոքր գումարներ վճարելով ավտո­մեքենան վաճառել այն ֆիզի­կական անձին, որի կողմից այն փաստացի շահա­գործ­վում է: Արդյունքում կունենանք մի վիճակ, երբ առանց ԱԱՀ վճարելու Հայաստանի Հան­րա­պե­տություն է ներմուծվում ֆիզի­կական անձի կողմից շահագործվող ավտոմեքենա: Այս խնդիրը լուծելու և առաջարկվող արտոնությունը հասցեական դարձնելու համար առա­ջար­կում ենք նախագծում հստակ ամրագրել, որ արտոնությունը կիրառելի է ԱԱՀ վճարող համար­­վող կազմակեր­պու­թյունների կողմից ներմուծվող միայն այն ավտոմեքենաների մասով, որոնք ներմուծվել են իրացման նպատակով: Ընդ որում, հարկային վարչա­րա­րու­թյան տեսանկյունից ներմուծվող ավտո­մեքենայի՝ իրացման նպատակով ներմուծված լինելու հանգամանքը կարող է որոշվել, օրինակ, Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված մոտեց­ման նմանությամբ (մաս­նավորա­պես, այդ կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտո­մեքե­նան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպա­տակով, եթե ավտո­մե­քե­նայի սեփա­­կա­նության իրավունքը օրենքով սահմանված կար­գով ստացել է պետական գրան­ցում): Այս առումով, սակայն, կստեղծվեն առաջարկվող օրենսդրական փոփոխությունը կիրա­ռելու հետ կապված որոշ բարդություններ, քանի որ ավտոմեքենայի ներմուծման պահին գործ­նա­կա­նում հնարավոր չէ ապահովել դրա նկատմամբ սեփականության իրա­վունքի պետական գրան­ց­ումը: Ուստի, անհրաժեշտ է քննարկել և ներդնել այնպիսի վերա­հսկո­ղական մեխա­նիզմ, որը հնարավորություն կընձեռի իրականացնել արդյունավետ հար­կա­յին վարչա­րա­րու­թյուն:

Հայտնում ենք նաև, որ վերոնշյալ ռիսկերն աշխատանքային կարգով քննարկվել են նաև նախագծի հեղինակի հետ, և ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

  1. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ նախագծի ընդունման հիմնա­վորման համաձայն՝ նախագծի ընդունման հիմնական նպատակը ավտոմե­քե­նա­ների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու ֆինան­սական միջոցների համալրման խնդրի լուծումն է՝ հայտնում ենք, որ գործող օրենսդրու­թյամբ արդեն իսկ առկա են կար­գա­վո­րումներ, որոնք մեր գնահատմամբ հաջողությամբ լուծում են ապրանքների, այդ թվում՝ ավտո­մեքենաների ներմուծման փուլում վճարված, սակայն դեռևս վաճառքների դիմաց չհաշ­­վանցված (չօգտագործված) ԱԱՀ-ի դեբետային գումարները կարճ ժամկետում հարկ վճա­րողներին վերադարձնելու խնդիրը: Մասնա­վո­րապես, Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համա­ձայն՝ եթե յուրաքանչյուր հաշ­վետու եռամսյակին հաջոր­դ­ող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխ­հա­տուց­վող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենս­գրքի 17-րդ բաժնով սահ­­մանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմ­­նավորվելու դեպքում մուտքա­գրվում է միասնական հաշվին: Այլ կերպ ասած՝ ավտո­մե­քե­նա­ների ներ­մուծ­մամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները գործող օրենս­դրու­թյամբ արդեն իսկ հնարա­վո­րություն ունեն եռամսյակային պարբերականությամբ հետ ստա­նալ ներ­մուծման փուլում վճարված և դեռևս չհաշվանցված ԱԱՀ-ի գումարները: Ընդ որում, հատ­կա­նշական է նաև այն, որ գործնականում ավտոմեքենաները շատ հաճախ ներ­մուծ­վում և վաճառ­վում են ավելի կարճ ժամ­կետներում, քան 3 ամիսն է, իսկ երբեմն էլ ներ­մուծ­վում են կոնկ­րետ պատվերի առկա­յու­թյան պարագայում միայն, ինչը նշանակում է, որ այս դեպքում ներ­մուծման փուլում վճարված ԱԱՀ-ի գումարները «սառեցնելու» խնդիր ընդ­հան­րապես չի առա­ջանում:

Այս առումով, գտնում ենք, որ նախագծի ընդունման հիմնավորմամբ նկարա­գրված խնդիրը՝ կապված ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտե­սավարող սուբյեկտների շրջա­նառու ֆինանսական միջոցների արդյունավետ օգտա­գործման հետ, գործ­նականում կարող է լուծվել նաև գործող օրենսդրությամբ տրված հնարավորությունների շրջանակ­նե­րում: Ուստի, կարծում ենք, որ պետք է նախագծի հեղինակին առաջարկել կրկին անգամ գնա­հատել նախա­գծի ընդունման անհրա­ժեշ­տությունը:

Հայտնում ենք նաև, որ գործող օրենսդրությամբ տրված հնարավորությունների մասին աշխատանքային կարգով տեղեկացվել է նաև նախագծի հեղինակը:

  1. Միաժամանակ, հայտնում ենք, որ ԱՏԳ ԱԱ 8702 ծածկագրին դասվող տրանս­պոր­տա­յին միջոց­ների ներմուծումը «Կազմակերպությունների և անհատ ձեռնար­կա­տերերի կող­մից ներ­մուծ­վող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանք­ների ցանկը հաս­տա­տելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքի համա­ձայն, արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից, հետևաբար այս մասով նույնպես անհրաժեշտ է վերանայել նախագիծը:
  2. Բացի այդ, հայտնում ենք, որ եթե այդուհանդերձ նախագծի ընդունման պարա­գա­յում ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտ­ները որոշ դեպ­քե­րում շրջանառու ֆինանսական միջոցներ տնտեսելու ավելի լայն հնարավորու­թյուն­ներ են ստա­նալու, ապա հարկ է նկատել, որ այդ ֆինանսական միջոցների օգտա­գործ­ման այլընտ­րան­քային արժեքը վճարելու է պետությունը, քանի որ հակառակ պարագայում պետու­թյունը կարող էր տնօրինել այդ ռեսուրսները կամ այդ չափով պակաս փոխառու միջոց­ներ ներ­գրա­վել։