«ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ    ՕՐԵՆՔԻ    ՆԱԽԱԳԾԻ    (Պ-250-13.08.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 Օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով բարձրացնել պետական նախնա­կան մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների չափերը՝ բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանելով 20000 դրամ, իսկ գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30000 դրամ:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշա­կել և շրջանառում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել արմա­տա­կան փոփո­խություններ՝ կապված բուհերի ուսանողներին հատկացվող ֆինանսական աջակցության նոր սկզբունքների և մոտեցումների ներդրման հետ: Նախարարությունը նախաձեռնել է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Կրթության մասին» ու «Նախնա­կան մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, որոնցով կնախատես­վեն նախնական մաս­նագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրա­կանացնող ուսումնական հաստատությունների ուսանողներին պետական կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումներ և մեխանիզմներ:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյու­ջեով նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնա­գիտական ուսումնական հաստատություններում սովորողների կրթաթոշակի ֆոնդը կազ­մում է մոտավորապես 1.7 միլիարդ դրամ:

Ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ քոլեջների), մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների պետական պատվե­րով սովորող ուսանողների համար սահմանված է կրթաթոշակ՝ նվազագույնը 4.650 դրա­մից մինչև առավելագույնը 6.300 դրամի սահմաններում: Այսինքն՝ նշված օրենսդրական փոփոխության արդյունքում ծրագրի գծով նախատեսվում է ծախսի ավելացում՝ մոտա­վո­րապես 6 անգամ:

Անհրաժեշտ է նշել, որ պարզ չէ, թե ինչ հիմնավորումից ելնելով են հաշվարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից նշված կրթա­թոշակների չափերը:

Պետք է հաշվի առնել նաև, որ «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երե­խաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենք­ների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ևս սահմանված են կրթաթոշակներ: Հետևաբար, նպատա­կա­հար­մար չենք համարում օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը, քանի որ անհրաժեշտ է միանման մոտեցում ցուցաբերել կրթաթոշակ ստացող բոլոր արտոնյալ խմբերի նկատմամբ:

Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրա­գույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակ­ների չափերն օրենքով սահմանելու՝ օրենքի նախագծով նախատեսված մոտեցումը կարող է խնդրահարույց լինել հետագայում կրթաթոշակների չափերի փոփոխության դեպքում՝ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելիս, մասնավորապես, հաշվի առնելով օրենքի ընդունման ընթացակարգերը, այդ թվում՝ ժամկետները: