«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-248-06.08.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

1) Նախագծով առաջարկվում է օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել, որ արարքը պատժվում է «.... կալանքով`երեքից վեց ամիս ժամկետով, ....», մինչդեռ նման պատժաչափ օբյեկտիվորեն չի կարող սահմանվել: Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կալանքը կարող է նշանակվել տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով: Այսինքն՝ նախագծով առաջարկվող պատժաչափը չի կարող սահմանվել, քանի որ այն հա­կասում է կալանքը և դրա կիրառման պայմանները սահմանող` օրենսգրքի 57-րդ հոդվա­ծին: Նման պայմաններում չի կարող նպատակահարմար համարվել օրենսգրքի 265-րդ հոդ­վածի 1-ին մասով նախատեսված պատժաչափի փոփոխությունը, քանի որ այդպիսով հնա­րա­վոր չի լինի ապահովել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելու համար պատասխանատվության համաչափ խստացումը:

1.1 Նախագծով առաջարկվում է նաև ազատազրկման ձևով պատիժ սահմանել օրենս­գրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ 2-րդ մասով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը սահմանել հինգ տարի: Անհրաժեշտ է արձանա­գրել, որ օրենսգրքի հատուկ մասում նախատեսված արարքների համար պատժաչափերը պետու­թյան կողմից իրականացվող քրեական քաղաքականության դրսևորումներ են և նույնական՝ այլ արարքների, ինչպես նաև այլ հարաբերությունների նկատմամբ ոտնձգող արարքների համար սահմանված պատժաչափերն ընտրված են՝ ելնելով կոնկրետ իրականացվող պատ­ժողական քաղաքականությունից:

Վերը նշվածի հիման վրա գնահատվում է կոնկրետ արարքի հանրային վտանգա­վորության աստիճանն ու բնույթը, որից հետո դրա կատարման համար սահմանվում է հա­մապատասխան պատիժ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը ոչ միայն կարող է ան­հա­մաչափ խիստ դիտվել քննարկվող արարքի համար պատասխանատվության ենթար­կելիս, այլ նաև կխաթարի օրենսգրքի տվյալ գլխի պատժողական համակարգը: Բացի այդ, ներկայացված հիմնավորումներով ամբողջությամբ չեն ընդգծվում, թե ինչով է անհրաժեշտ նման անհամաչափ խստացումը։ Ի վերջո, պատժի խստացումն ինքնին չի ենթադրում հե­տա­­գայում նման հանցագործության կատարման բացառում, և արարքի համար պատաս­խանատվությունը խստացնելիս անհրաժեշտ է հստակ հիմնավորել դրա անհրաժեշ­տու­թյու­նը, ինչը նախագծի հիմնավորմամբ չի կատարվել։

Այսպիսով՝ նախագծի 1-ին և 3-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունների ընդունումը նպատակահարմար չէ` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ներկա­յացված հիմնավորումները ամբողջական չեն անդրադառնում նման խստացումներին: Հիմ­նավորման մեջ նշված հանգամանքները առավելապես ենթակա են գնահատման ոչ թե օրենսդրական փոփոխություններ կատարելիս, այլ կոնկրետ փաստի առթիվ իրակա­նաց­վող վարույթի շրջանակներում: Հետևաբար, առաջարկում ենք նաև լրամշակել ներկա­յաց­ված հիմնավորումները:

2) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 265-րդ հոդվածի երկրորդ մասում որպես արարքի կատարման ծանրացնող հանգամանք նախատեսել հանցա­գոր­ծությունը կրկին անգամ կատարելը: Նման կարգավորումն ամբողջությամբ համընկնում է ժամանակին քրեաիրավական օրենսդրության մաս կազմող կրկնակիության ինստիտուտի հետ: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչելով կրկնակիության ինստիտուտի բոլոր դրույթները ՀՀ քրեական օրենսգրքում` օրենսդիրը հրաժարվել է այս ինստիտուտից:

Կրկնակիության ինստիտուտի մերժման հիմքում դրված հիմնական գաղափարը քրեա­կան իրավունքում անկյունաքարային նշանակություն ունեցող արդարության և պա­տաս­խանատվության անհատականացման սկզբունքի արգելքներն են` սահմանված օրենս­գրքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածով սահմանված կրկին դատվելու արգելքը:

Անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը կարող է հաշվի առնվել դա­տարանի կողմից որպես անձին բնութագրող հատկանիշ կամ օրենսգրքի ընդհանուր մասի այլ նորմերով սահմանված դեպքերում, օրինակ` արարքում ռեցիդիվի առկայությունը գնա­հատելիս։ Միևնույն ժամանակ, անձի կողմից նախկինում հանցանք կատարելը չի կարող կրկին գնահատվել նրա կողմից կատարված նոր հանցագործության որակման ժամանակ։

Հետևաբար, նման ծանրացնող հանգամանքի սահմանումը չի կարող նպատա­կա­հարմար համարվել, քանի որ այն ուղղակի հակասության մեջ է գտնվում  ինչպես քրեական օրենսդրության սկզբունքների, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի հետ:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ ներկայացված նախագծի ընդունման անհրա­ժեշտությունը բացակայում է։