«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍ-
ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-238-25.07.2019-ՊԻ-011/0)
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները`

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է լրացում կատարել օրենքի 124-րդ հոդվածում՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառելով նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալներին:

 Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կառավարող ուժը՝ հանձինս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և երկու տեղակալների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ:

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները: Այսպես`

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«2. Խմբակցության մեջ ընդգրկվում են միայն միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորները:»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն՝

«1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:»:

Հիշյալ կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից, իսկ խմբակցության կազմում ընդգրկված ցանկացած պատգամավորի, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից առաջադրված նախագծին վերաբերող հարցով խմբակցությունը կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ:

Այս առումով հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քաղաքացիների լայն շրջանակին մտահոգող և հասարակական հնչեղություն ու կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալի կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հնարավորությունը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ եթե նախագիծն ուղղված է ընդդիմադիր  խմբակցության կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցերի շրջանակից դուրս այլ հարցերով, այդ թվում՝ քաղաքացիների լայն շրջանակին մտահոգող և հասարակական հնչեղություն, կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ իրականացնելու հնարավորության և դրանով իսկ Ազգային ժողովում հավասարակշռության ապահովմանը, ապա կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հարցերի շրջանակն ընդլայնելու հնարավորությունը:

Հակառակ պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը կհանգեցնի անհավասարակշռության մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում  խորհրդարանական լսումներ իրականացնելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Ազգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Ազգային ժողովի նախագահի տեղակալներին վերապահված գործառույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ վերջիններս ըստ էության իրականացնում են Ազգային ժողովի նիստերի և առհասարակ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված գործառույթներ, իսկ մնացած, այսինքն՝ իրենց կարգավիճակից բխող գործունեությունը վերջիններս իրականացնում են պատգամավորական լիազորությունների շրջանակում, հետևաբար հիմնավորված չէ նաև նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը՝ Ազգային ժողովի տեղակալի պաշտոնով պայմանավորելը:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման և լրամշակման կարիք: